Սխալ է այն կարծիքը, թե բիոպսիան կարող է դառնալ կրծքագեղձում առկա գոյացության, օջախի չարորակացման պատճառ:

Շփվելով կրծքագեղձի տարբեր գոյացություններ ունեցող պացիենտների հետ՝ հաճախ ենք լսում ահաբեկված կարծիքներ, թե բիոպսիան կարող է դառնալ կրծքագեղձում առկա գոյացության չարորակացման, մեծացման պատճառ:
Իրականում ժամանակակից բժշկության մեջ բիոպսիան անփոխարինելի հետազոտություն է: Միջազգային չափանիշների համապատասխանող որևէ կլինիկայում առանց նախավիրահատական հյուսվածաբանական հետազոտության արդյունքների չի ցուցվում վիրահատություն, և չի մշակվում այցելուի վարման կարգը:

Բիոպսիան տեղային անզգայացմամբ կատարվող գործողություն է, որ իրականացվում է միջուկի տրամագիծ ունեցող ասեղի օգնությամբ և գործիքային հետազոտության (ՈւՁՀ, մամոգրաֆիա, ՀՏ, ՄՌՏ) հսկողությամբ: Այնուհետև ախտաբանական օջախից ստացված հյուսվածքը ենթարկվում է հատուկ հյուսվածաբանական քննության:
Եթե հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվում է, որ գոյացությունը բարորակ է, բուժող բժիշկը որոշում է հետագա վարման կարգը, և որ ամենակարևորն է, շատ դեպքերում պացիենտը խուսափում է չհիմնավորված վիրահատությունից:
Վիրահատություն պլանավորելը և այն իրականացնելն առանց նախավիրահատական հյուսվածաբանական ախտորոշման՝ բիոպսիայի, կարող է պահանջել կրկնակի վիրահատություն, բացասաբար ազդել բուժման արդյունավետության, և պացիենտի կյանքի ցուցանիշի վրա:

Վստահեցնում եմ, որ եթե կրծքագեղձում հայտնաբերված օջախը, գոյացությունն ունի ակտիվանալու, մեծանալու միտում, անկախ բիոպսիայից ընթացքը կշարունակվի:
Իհարկե, շատ հազվադեպ, բայց բիոպսիայից հետո կարող են զարգանալ բորբոքային որոշակի պրոցեսներ, հեմատոմա և այլն, սակայն այս խնդիրներն անհամեմատելի են բիոպսիայի մեծագույն օգտավետության հետ:
 


Doctors.am
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016