Նախ հասկանանք "շեղվող վարք" հասկացության իմաստը։ Մարդու այն սոցիալական գործողությունները, արարքները, գործունեությունը, որոնք չեն համապատասխանում, հակասում են տվյալ հասարակության մեջ ընդունված և գործածվող վարքի նորմերին, կոչվում կամ համարվում են շեղվող վարք։

Հոգեբանության մեջ վաղուց մշակվել է և այսօր էլ լայնորեն օգտագործվում է անձի շեղվող վարքի հիմնադրույթը:
Անձի սոցիալական վարքի շեղումները իրենց արտահայտությունն են գտնում նրա տարբեր անկարգությունների, զանցանքների, իրավախախտումների, հանցագործությունների և այլաբնույթ նեգատիվ դրսևորումների մեջ։

Անձի շեղման նախադրյալները դրվում են նրա օնթոգենետիկական զարգացման սկզբնափուլում՝ վաղ մանկության և նախադպրոցական տարիքում և աստիճանաբար խորանում, արմատավորվում են հաջորդ տարիքային շրջաններում։ Երկու-երեք տարեկան երեխայի կամակորությունը, իր ուզածին ամեն գնով հասնելու ձգտումը, 5-6 տարեկանի նեգատիվիզմը (անձի ակտիվ դիմադրությունը մանկավարժական ներգործությանը, որը հակասում է իր պահանջմունքներին), ստախոսությունը, բամբասկոտությունը, լկտիությունն ու ցինիկությունը այն հոգեբանական նախադրյալներն են, որոնք կարող են դառնալ հետագայում անձնային որակներ և շեղել անձի վարքը։


Այսպես, օրինակ, սկզբնական շրջանում խախտվում, խաթարվում են երեխայի հուզական հարաբերություններ ծնողի հետ, երեխայի հաղորդակցումը ծնողի հետ նրան բավականություն չի պատճառում: Եթե դա հաճախակի կրկնվում է, ապա վաղ նախադպրոցական տարիքային շրջաններում երեխան դառնում է կամակոր, համառ, դրսևորում է նեգատիվիզմ և ծնողների պահանջներին հակառակ գործողություններ կատարում, չլսելու, չկատարելու պատճառով լարվում է նրա հարաբերությունները ծնողի հետ։


Այնուհետև նրա վարքը սկսում է անհանգստացնել շրջապատող մարդկանց, ստում է, քծնում, իր մեղքը գցում ուրիշների վրա, խորամանկում է, դառնում կռվարար: Եթե կանխարգելիչ դաստիարակչական միջոցառումներ չեն ձեռնարկվում, անձը մնում է անպատիժ, ապա փոքր զանցանքը վերաճում է հետագայում հանցագործության։


Հիմք ընդունելով անձի սոցիալական վարքի աստիճանական (փուլային) շեղման հոգեբանական օրինաչափությունները՝ պայմանականորեն մենք տարբերակում ենք շեղումների հետևյալ ձևերը, որոնք արտացոլում են զարգացման իրար հաջորդող աստիճանները։


Կարգազանց վարք, որը բնութագրվում է փոքր, տանելի անկարգություններով։


Անկարգապահ վարք, որը վարվեցողության նորմերի խախտումներ է։


Բարոյազանց վարք, որն արդեն ընդունված հաղորդակցման բարոյական նորմերի խախտումներ է, բայց հեշտ հաղթահարելի։


Իրավախախտ վարք, որի դեպքում ոտնահարվում են իրավունքի նորմեր, բարոյական և այլ բնույթի վնաս պատճառվում ուրիշին։


Քրեածին վարք նշանակում է, որ անձը ունի իրավախախտումներ կատարելու հոգեբանական նախադրյալներ և կարող է կատարել այն իրեն հարմար իրադրություններում։


Հանցածին վարք, որը քրեածին վարքի երկրորդ, ավելի խոր աստիճանն է, երբ անձը կարող է կատարել ծանր հանցագործություններ։