Անձի սոցիալական խաթարումների (սոցիապաթոգենեզի) ակունքները նախ պետք է փնտրել մանկության շրջանում, որոնք արտահայտվում են մանկական կամակորության, մանկական նեգատիվիզմի, մանկական ագրեսիայի տեսքով։ Դրանք իրար հետ փոխկապակցված են և աստիճանաբար մեկը վերաճում է մյուսի։
Կամակորությունը արտահայտվում է նրանում, որ երեխան ընդդիմանում, դիմադրում է մեծահասակների պահանջներին, չի լսում նրանց խորհուրդները և իր նպատակին է հասնում լացով, ոտքերի դոփյունով։ Հաճախ կամակորությունները վեր են ածվում վարքի սովորական ձևերի, որի օգնությամբ երեխան կարողանում է հասնել իր պահանջմունքների բավարարմանը։
Մանկական նեգատիվիզմը (անտեսում) պաշտպանական ռեակցիա (հակազդում) է այն արտաքին՝ մեծահասակների ազդեցությունների նկատմամբ, որոնք հակասում են երեխայի պահանջմունքների բավարարմանը։ Նեգատիվիզմը արտահայտվում է երեխայի գռեհկության կոպտության, կամակորության, ինքնամփոփության, հոգեբանական օտարացման (հեռացման) մեջ։
Մանկական ագրեսիան (հարձակում) այն ճնշող, բռնի գիտակցական կամ անգիտակցական գործողություններն են, որոնց նպատակը ուրիշին կամ ինքն իրեն վնասելն է։ Դա անհաջողության, ցանկալիին չհասնելու նեգատիվ պաշտպանական ռեակցիա է, որը երեխային օգնում է "դիմանալու" իր համար դժվար, կոնֆլիկտային իրավիճակներում և "ամեն գնով" (անկարգ վարքով, խեղկատակությամբ և այլն) հաստատել իրենը։ Վարքի այս դրսևորումները բնորոշ են շատ երեխաների (մեկի մոտ՝ մի քիչ ավել, մյուսի մոտ՝ մի քիչ պակաս), որը բնավ էլ չի նշանակում, որ հետագայում անձի վարքը անոմալ զարգացում կունենա։ Եթե դրանք ժամանակին չեն հաղթահարվում, ապա դառնում են բնավորության գիծ, անձնային որակ, ապա դառնում են հոգեբանական նպաստավոր պայման անձի սոցիալական խաթարումների համար։
Անձի սոցիալական խաթարումների վառ արտահայտված դրսևորումներից մեկը նրա գիտակցության դիսհարմոնիան է , գիտակցության երկատվածությունը, երկու մասի "բաժանված" լինելը, որոնց միջև բացակայում է ներդաշնակությունը, համաձայնությունը։ Այսինքն՝ անձի խոսքը (գիտակցությունը) և ռեալ գործը իրար չեն համապատասխանում, աններդաշնակ են։ Անձը գիտի, թե երբ և որտեղ ինչ պետք է ասի և ինչպես, որպեսզի դա ընդունվի, գիտի և իր իսկական անելիքը։ Եվ այդ բոլորի հիմքում ընկած է սուտը՝ դա կլինի այսպես կոչված «անմեղ, անշառ, չկանխատեսված, դիտավորյալ, լավ պլանավորված՝ միևնույն է, դա մարդու ամենամեծ արատներից մեկն է, որը բոլոր չարիքների սկիզբն է։
Այսպիսով անձի սոցիալական խաթարումները արտահայտվում են նրա անոմալ վարքում։ Արտահայտում են նրա որակների ու հատկանիշների աստիճանական քայքայումը, դրանց այլափոխումները։ Անձի այլափոխված որակները երբեմն կարող են զուգակցվել, "համերաշխանալ" նրա այլ որակների հետ և էլ ավելի արտահայտիչ դարձնել նրա հանցածին էությունը։
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։ Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։ Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ «խանգարվել , խենթացել է հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։
Զառանցանք -սա հիվանդության հիմքի վրա առաջացած մտահանգում է, որը չի համապատասխանում իրականությանը և քննադատման, փոփոխման չի ենթարկվում։ Առանձնացվում են զառանցանքի մի քանի ձևեր։
Վերաբերմունքի, հարաբերությունների զառանցանք (եթե կողքի մարդիկ զրուցում են և ծիծաղում, նրան թվում է, թե իր վրա են ծիծաղում)։
Հետապնդման զառանցանք (որ բոլորը իրեն հետապնդում են, "լրտեսում", հետևում են իրեն)։
Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։
Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։
Իպոխոնդրիկական (մելամաղձային) զառանցանք (հիվանդին թվում է, փտում է իր ստամոքսը կամ աղիքներում ինչ-որ ոսկոր կա և այլն, այսինքն՝ մտացածին հիվանդություն է իրեն վերագրում)։
Մեծարման և հարստության զառանցանք (հիվանդն իրեն հայտնի զորավար է համարում, կամ հարուստ, որը վագոնով ոսկի ունի )։
Վնասի, կորուստի զառանցանք (հիվանդին թվում է, թե բոլորը ուզում են իրեն թալանել և թաքցնում է իր ունեցվածքը )։
Ինքնամեղադրման զառանցանք (հիվանդին թվում է, որ իր գոյությամբ ե գործունեությամբ մեծ վնաս է հասնում ընտանիքին, պետությանը )։
Սակավամտությունը մտածողության խանգարում է, որի արդյունքում թուլանում է շրջապատող աշխարհի երևույթների միջև կապեր ստեղծելու, գլխավորը երկրորդականից զանազանելու ընդունակությունը։ Թուլանում է հիշողությունը, գիտելիքները սակավանում են, չի կարողանում ընդհանրացումներ կատարել։ Դրա վառ արտահայտված ձևը օլիգոֆրենիան է, որը նկատվում է այն անձանց մոտ, որոնց ուղեղը թերզարգացած է ներարգանդային կամ վաղ տարիքում տարած հիվանդությունների պատճառով։
Ձեռքբերովի սակավամտությունը (դեմենցիան) հաճախ հետևանք է գլխուղեղի օրգանական վնասվածքների ավելի ուշ տարիքում։ Այդ հիվանդները կորցնում են տրամաբանական մտածողությունը ու վերլուծելու ընդունակությունը։ Առանձին դեպքերում նրանցից ոմանք կարող են լուծել բարդ խնդիրներ, բայց միևնույն ժամանակ մնալ բացարձակ ոչ պիտանի՝ կյանքին հարմարվելու համար։
էյֆորիան հույզերի զգացմունքների խաթարում է, բարձր զվարճանալի տրամադրությունն է, երբ ամբողջ աշխարհը մարդը ընկալում է վարդագույն ակնոցներով։ Դա ուղեղի օրգանական վնասվածքների արդյունք Է։
Շիզոֆրենիան ամենատարածված հիվանդություններից մեկն է և հաճախ հանդիպում Է 18-ից 30 տարեկան հասակում։ Սկզբնական դրսևորումներից են գլխացավը, որը հիվանդը ներկայացնում է որպես ուղեղի ներսում ճնշման զգացողություն։ Շիզոֆրենիայի ժամանակ հաճախ զարգանում են զառանցանքների վերը նշված ձևերը։
Նևրաստենիան (նյարդաթուլագարություն) մարդու նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որն առաջանում է հյուծման և գերլարվածության հողի վրա։ Մարդը ձեռք է բերում բարձր գրգռվածություն, արագ հոգնում է ֆիզիկապես և հոգեպես, ուշադրությունը դառնում է անկայուն, սակայն չի կարողանում զսպել իր հույզերն ու զգացմունքները, բուռն է արձագանքում աննշան դիտողությանը, խանգարվում է քունը, վատանում է ինքնազգացողությունը, հիշողությունը և այլն։
Հիսթերիան արտահայտվում է մի քանի ձևով. նոպաների (իրար են խառնվում հիվանդի շարժումները, որոնք հաճախ արտահայտում են նրա զգացմունքները), գիտակցության խաթարման ձևով (գիտակցությունը կիսախավար, աղջամղջային վիճակում է, շրջապատում կատարվող իրադարձությունները ընկալվում, գնահատվում են ոչ թե որպես իրական, այլ դրանք հիվանդը կապում է իր նախկին ապրումների մասին պատկերացումների հետ)։
Փսիխաաստենիան (հոգեկան անկարողություն) արտահայտվում է բնավորության տագնապալիության, կասկածամտության, սեփական անձի սակավարժողության, ցածր ինքնագնահատականի, սևեռուն գաղափարի դրսևորումներում։ Այդպիսի մարդը ապրում է մշտական կասկածների աշխարհում։
Սևեռուն, կպչուն վիճակների նևրոզը հատուկ է այն մարդկանց, որոնք ունեն փսիխաաստենիկ բնավորություն։ Դրանք առաջանում են նյարդային գործընթացների գերլարվածության հետևանքով, ծանր կենսական իրադրության մեջ տեղ գտած խաթսրումներով:
Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am