Պսիխոպաթիան անձի ախտաբանական խառնվածք է, որը բնորոշվում է հոգեկան ֆունկցիաների աններդաշնակությամբ և դրանով պայմանավորված՝ վարքի անհամապատասխանությամբ, կոնֆլիկտայնությամբ։

 

Ինչպես նշում է Գ. Շնայդերը, պսիխոպաթները կամ իրենք են տառապում իրենց բնավորության աննորմալությամբ, կամ էլ ուրիշներին են տառապանքի մատնում։

 

«Պսիխոպաթիա» տերմինի հոմանիշներն են «պաթոլագիական անձնավորություններ», «բնավորության անոմալիաներ», «պսիխոպաթ կոնստիտուցիաներ», իսկ ոմանք պսիխոպաթիաներն անվանում են բնավորության այլանդակություններ։ Հուզակամային անկայունությունը պսիխոպաթ բնավորության հիմնական գծերից է և ավելի է նպաստում կոնֆլիկտային իրավիճակների առաջացմանը։ Չնայած բանականությունը պսիխոպաթիայի դեպքում մնում է պահպանված, բայց բարձր ինտելեկտը (պսիխոպաթիաների շրջանում հանդիպում են նաև տաղանդավորներ) խանգարում է լիովին շտկել պսիխոպաթ բնավորությունը, և, ավելին, պսիխոպաթ մտածողությունը դառնում է կողմնակալ և միակողմանի (պսիխոպաթների աֆեկտիվ մտածողություն)։

 

Պսիխոպաթիայի ձևավորմանը մասնակցում են երկու գործոն, նյարդային համակարգի բնածին կենսաբանական անլիարժեքությունն ու արտաքին միջավայրի ազդեցությունը։

 

Վարքագծի այս կամ այն աննշան շեղումների առկայությունը չի կարող պսիխոպաթիայի ախտորոշման հիմք հանդիսանալ։ Նման դեպքերում նշվում է բնավորության գծերի շեշտվածության (բնավորության ակցենտուացիայի) մասին, որոնք նորմայի ծայրահեղ տարբերակներն են, երբ բնավորության առանձին գծերն չափից ավելի են ընդգծված։ Դրա հետևանքով դրսևորվում է ընտրողական խոցելիություն որոշ հոգեծին գրգիռների նկատմամբ, մինչդեռ այլ գրգիռների հանդեպ ի հայտ է գալիս լիակատար կայունություն։

 

«Շեշտավորված անձնավորություն» տերմինը առաջարկել է գերմանացի հոգեբույժ Կ. Լեոնհարդը (1968)՝ դասակարգելով շեշտավորվածության ձևերը։

 

Շեշտվածություն» տերմինը և դրա դասակարգումը (1980)։ Շեշտվածությունը զարգանում է բնավորության ձևավորման շրջանում և հարթվում տարիքին զուգընթաց։ Շեշտվածության ժամանակ սոցիալական անհարմարվոդականությունը կամ լիովին բացակայում է կամ էլ լիովին անցողիկ է։

Պսիխոպաթիաներն անհրաժեշտ է տարբերել ինչպես նորմայի սահմաններում բնավորության անհատական տարբերակներից, այնպես էլ հոգեկան հիվանդություններից։

 

Պսիխոպաթիաներին, ի տարբերություն բնավորության անհատական տարբերակների, բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

 

1.Անձի ախտաբանական առանձնահատկությունների հարաբերական կայունություն, դրանց հետզարգացման չնչին հնարավորություններով.

 

2.Անձի հոգեախտաբանական առանձնահատկությունների ամբողջական արտահայտվածություն, երբ անձի ոչ թե առանձին գծերը, այլ ողջ հոգեկան կառուցվածքն է ախտաբանական։

 

3.Բնավորության ախտաբանական առանձնահատկությունների ամբողջական արտահայտվածություն, երբ խանգարվում է անձի վերաբերմունքը շրջապատի հանդեպ և համապատասխանաբար բնականոն փոխհարաբերությունները մարդկանց հետ։ Այս չափանիշներն արտացոլում են պսիխոպաթ անձնավորության ամենաընդհանուր, էական, բնութագրական առանձնահատկությունները և հիմնավորված են Պ.Բ. Գանուշկինի աշխատություններով։

 

Պսիխոպաթիաները պսիխոզներից տարբերվում են նրանով, որ վերջիններիս բնորոշ են հոգեկան գործունեության արտահայտված խանգարումների ախտանշաններն ու համախտանիշները, օրինակ զառանցանք, ցնորք, գիտակցության մթագնում և այլն։ Բացի այդ, փսիխոպաթիաները չունեն հիվանդության ընթացք, այսինքն հիվանդության սկիզբ, զարգացում, ելք, ավարտ։ Պսիխոպաթիւսն տվյալ անձնավորության ողջ կյանքի ընթացքում բնավորության տևական կայուն ախտաբանական վիճակ է:

 

Ներկայումս չկա պսիխոպաթիաների համընդհանուր դասակարգում։