Ապրիլի 13-ին Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի է ունեցել ակնաբուժության ոլորտում առաջատար արտադրող «Ալկոն» ընկերության եւ Հայաստանի ակնաբուժների ասոցիացիայի համատեղ գիտական միջոցառումը՝ նվիրված ակնաբուժության, հատկապես՝ աստիգմատիզմի խնդիրներին:

«Ալկոն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ Աստղիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումներն արտառոց չեն, քանի որ ընկերությունը Հայաստանի ակնաբուժների ասոցիացիայի հետ տարին երկու անգամ կազմակերպում է ակնաբույժների կրթությանը միտված սեմինարներ: 

«Հանդիպումների հիմնական նպատակն է պրակտիկ աշխատանքի եւ տեղեկատվության փոխանակումը: Այս անգամ միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Ուկրաինայից ժամանած մասնագետները: 

Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք աստիգմատիզմի շտկման ժամանակակից եղանակները, կատարակտի ժամանակ կոնտակտային եւ ներակնային կորեկցիայի նորագույն մեթոդների կիրառումը: Հայաստանում 2007 թվականից գործունեություն ծավալող «Ալկոն» ընկերությունն արտադրում է ներակնային ոսպնյակներ, որոնք կարող են միաժամանակ լուծել եւ՛ կատարակտի, եւ՛ աստիգմատիզմի խնդիրը, այսինքն, պղտորված ոսպնյակը հեռացնելուց հետո տեղադրվում է աստիգմատիզմը շտկող սֆերիկ ոսպնյակ:

«Ալկոն» ընկերությունն արտադրության մեծ ծավալ ունի` սկսած կոնտակտային ոսպնյակներից մինչև ամենաժամանակակից լազերային սարքերը: Հիմնական միտումը մարդկանց կյանքի որակի բարձրացումն է, աչքի լույսը ապահովումը: 

Ցավոք, այսօր Հայաստանում կոնտակտային ոսպնյակ կրողների թիվը չափազանց քիչ է, եւ հետեւողական զարգացման կարիք ունի: Նման միջոցառումների շնորհիվ մենք փորձում ենք հանրությանն ապահովել տեղեկատվությամբ եւ պրակտիկ բժշկության փորձի փոխանակում իրականացնել»:

Աստղիկ Սարգսյանը նշեց, որ կայացված միջոցառմանը մասնակցել են ավելի քան 120 բժիշկներ Երեւանից եւ մարզերից. «Մենք կարեւորում ենք նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ դրանք դասախոսություններից զատ` նաեւ ինտերակտիվ են»:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ախտորոշման եւ լազերային շտկման բաժանմունքի բժիշկ-օրդինատոր Լուսինե Վանյանը, խոսելով իր ներկայացրած զեկույցի մասին, նշեց.

«Միջոցառմանը ներկայացրել եմ աստիգմատիզմի ներակնային շտկման եղանակների կիրառումը կատարակտի կապակցությամբ վիրահատվող հիվանդների մոտ: Նախապես վիրաբույժի հետ խորհրդակցության ընթացքում պլանավորվում է վիրահատության ռազմավարությունը. որտեղից կատարվի կտրվածքը` հիվանդի տեսողության համար առավել բարենպաստ ելք ապահովելու համար, ինչպես տեղադրվի կոնկրետ աստիգմատիզմը շտկող ոսպնյակը եւ այլն: Այս դեպքում վիրահատության ժամանակ աչքի մեջ տեղադրվող ոսպնյակն ունենում է ցիլինդրիկ բաղադրիչ, որը միաժամանակ շտկում է աստիգմատիզմը: Այսինքն, հիվանդը միանգամից ստանում է երկու խնդրի ուծում: 

Աստիգմատիզմն ի ծնե ախտաբանություն է, մարդիկ ծնվում են ծնողներից ժառանգած եղջերաթաղանթի որոշակի ձեւով: Իսկ կատարակտը տարիքային հիվանդություն է` ոսպնյակի օրինաչափ ծերացման գործընթաց: Այս երկու խնդիրը համակցված արտահայտվում է հիմնականում 40 տարեկանն անց անձանց մոտ: Նախկինում կատարակտի վիրահատության ժամանակ հեռացվում էր պղտոր ոսպնյակը և փոխարենը տեղադրվում արհեստական, թափանցիկ ոսպնյակ: Ներկայում մոտեցումը փոխվել է, կտրվածքներն ասեղի չափեր ունեն, իրականացվում են ուլտրաձայնային եղանակով եւ միաժամանակ լուծվում երկու խնդիր` կատարակտի եւ աստիգմատիզմի:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Ոսկանյանը նշեց.

«Կոնֆերանսը բավականին արդյունավետ էր: Այն նվիրված էր Հայաստանում իրականացվող վիրահատություններին, որոնք մարդուն ձերբազատում են ակնոցներից: Այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը բերում է նրան, որ մարդիկ առավել կարիք ունեն հարմարավետ տեսողության` առանց ակնոցի, եւ, միաժամանակ, կարողանան տեսնել մոտիկն ու հեռուն: Կատարակտը, կարճատեսությունը, հեռատեսությունը, «չոր աչքի» համախտանիշը, սրանք այն խնդիրներն են, որոնք ներկայում բավականին տարածված են: Իմ զեկույցի շրջանակում, որը վերաբերում էր ռեֆրակցիային, անդրադարձա կատարակտը վիրահատելու ժամանակ կիրառվող լինզաներին վերաբերող հարցերին: Մենք աջակցում ենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ամբողջությամբ ազատվել ակնոցից կամ աստիգմատիզմից: Ներկայացրեցի կատարակտի բուժումն ամենաժամանակակից ու վերջին սերնդի ներակնային ոսպնյակների (մուլտիֆոկալ՝ բազմաֆոկուսային. շտկում են տարբեր ֆոկուսային տարածությունները, որոնք իրականացվում են վիրահատական միջամտությամբ: Ոսպնյակները տեղադրվում են պացիենտի աչքի մեջ` նրան ազատվելով ակնոց կրելու հարկադրանքից: Այս ոսպնյակները ո՛չ միայն հեռու եւ մոտ տարածությունն են շտկում, այլեւ՝ միջին դիստանցիան: Շուրջ երկու տարի է, ինչ մուլտիֆոկալ լինզաները կիրառվում են Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում` առանց կտրվածքի եւ առանցի սպիների»: