Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին է: Ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետևաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ:

Սեզոնային ռինիտներն առավել բնորոշ են մինչև 5 տարեկան երեխաներին՝ որպես ալերգիայի առաջին դրսևորում:

Հիմնական ախտանիշներն են՝

  • քթի փակվածություն
  • քթահոսություն
  • քոր՝ աչքերի և քթի հատվածում
  • աչքերի կարմրություն
  • փռշտոց

Ախտանիշները սովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո` րոպեների ընթացքում։ Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:

Բուժումը տեղային քթի սփրեյներն են: Եթե փռշտոցը և հազը հաճախանում են, նաև հակաալերգիկ դեղորայք է նշանակվում:

Ալերգիկ ռինիտի բոլոր դեպքերում ալերգենի ազդեցությունից խուսափելը պակասեցնում է ախտանիշները և դեղի պահանջը, և դա առաջնահերթ է միջին և ծանր ախտանշաններով հիվանդների համար:

Սեզոնային ռինիտների ժամանակ կարևոր է բժիշկին դիմելը, որպեսզի կատարվի ալերգենների քննություն և պարզվի, թե կոնկրետ ինչի հանդեպ է ալերգիան:


Աղբյուրը՝ Doctors.am