Արևից անհրաժեշտ է պաշտպանվել տարվա բոլոր եղանակներին: Վերջին 30 տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրություններն ապացուցեցին, որ արևի տակ չափից շատ ժամանակ անցկացնելը կարող է մաշկի քաղցկեղի կամ վաղաժամ ծերացման պատճառ հանդիսանալ: Արևի և սոլյարիի վնասակար ճառագայթները կարող են առաջացնել աչքերի հետ կապված խնդիրներ, թուլացնել իմունային համակարգը, նաև կարող են բծեր ու կետեր հայտնվել մաշկին: 

Արևայրուքը մաշկի պատասխան ազդանշանն է, որն առաջանում է ճառագայթման արդյունքում: Իրականում արևայրուքով մաշկը վնասված մաշկն է:

Անկախ մաշկի գույնից` մենք բոլորս էլ արևայրուքի պոտենցիալ «զոհեր ենք»: Չնայած այն հանգամանքին, որ բոլորին է անհրաժեշտ պաշտպանվել արևից, կան մարդիկ, որոնք դրսում հատկապես պետք է զգուշանան: Նրանք են ճերմակ մաշկ ունեցողները, շիկահերները և կարմրահերները, մաշկի քաղցկեղ ունեցողները կամ նրանց ընտանիքի անդամները: 

Կոսմետիկան, որը պարունակում է ալֆա հիդրօքսիդ թթուներ, նույնպես կարող է մեծացնել արևի հանդեպ զգայունությունը: 

Արևից պաշտպանվելու համար անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռք առնել.

•    Կրճատել արևի տակ գտնվելու ժամանակը, հատկապես ցերեկային ժամերին: Նույնիսկ ամպամած օրերին ուլտրամանուշակագույն ճառագաթների 80%-ը անցնում է ամպերի միջով: Անհրաժեշտ է հնարավորինս շատ գտնվել ստվերում:
•    Կրել այնպիսի հագուստ, որը կպաշտպանի ձեզ արևից: Անհրաժեշտ է կրել լայեզր գլխարկ, երկարաթև հագուստ, տաբատ և ակնոցներ: Կարող եք նաև հովանոց վերցնել ձեզ հետ: 
•    Օգտագործել արևապաշտպան քսուքներ. անհրաժեշտ է օգտագործել այնպիսի կոսմետիկ միջոցներ, որոնց վրա կա SPF (արևապաշտպան գործոն) մակնշումը: SPF-ը այն աստիճանն է, որով արևապաշտպան քսուքը կարող է մաշկը պաշտպանել արևից: Որքան մեծ է նշված թիվը, այնքան բարձր է արևապաշտպան հատկությունը: Անհրաժեշտ է օգտագործել առնվազն 30 SPF մակնշմամբ քսուք և յուրաքանչյուր ժամը մեկ օգտագործել այն: Լողավազան գնալիս անհրաժեշտ է քսել ջրակայուն արևապաշտպան քսուք: 

Ինչպես օգտագործել արևապաշտպան քսուք

•    Քսել անհրաժեշտ քանակության քսուք ողջ մաշկին, նաև մարմնի բաց մասերին` շրթունքներ, քիթ, ականջներ, վիզ, ձեռքեր և ոտքեր: Մեզանից շատերը բավական քանակությամբ քսուք չեն քսում, որպեսզի ստանան անհրաժեշտ SPF պաշտպանություն: 
•    Կարդացեք տարայի վրա նշված ժամանակը, երբ օգտագործել քսուքը:
•    Եթե տարայի վրա կոնկրետ ժամանակ նշված չէ, անհրաժեշտ է այն քսել տնից դուրս գալուց 15-30 րոպե առաջ: 
•    Նորածիններին և երեխաներին պետք է հատկապես պաշտպանել արևից: 6 ամսականից փոքր երեխաներին արևապաշտպան քսուք քսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: 
•    6 ամսականից մեծ բոլոր երեխաներին անհրաժեշտ է քսել արևապաշտպան քսուք յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալիս:

Մի՛ մոռացեք աչքերի մասին

Ձյունը, ավազը, բետոնը կամ ջրում արտացոլվող արևի ճառագայթները մեծացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը՝ մեծացնելով աչքերի հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը, ինչպիսիք են կատարակտը և աչքի քաղցկեղը: Ճիշտ ընտրված արեւային ակնոցները կարող են պաշտպանել ձեր աչքերը: Ակնոց ընտրելիս ստուգեք 99%-100% UV մակնշման առկայությունը: Սա երաշխավորում է պաշտպանություն երկու տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Երեխաները պետք է կրեն  ակնոցներ, որոնք իսկապես պաշտպանում են արևից, այլ ոչ թե խաղալիք ակնոցներ:   


Աղբյուրը՝ WebMD