Գրեթե բոլոր երեխաները, ինչպես և մենք՝ մեծահասակներս, ժամանակ առ ժամանակ վատ երազներ ենք տեսնում: Այդ մասին արժե խոսել, քանի որ այդ երազների նկատմամբ երեխաներն արձագանքում են այլ կերպ, քան մենք: Բոլորս էլ հասկանում ենք, որ երազներն իրականության հետ կապ չունեն, ու թեև երազում հաճախ սարսափ ենք զգում, արթնանալուց հետո կրկին դառնում ենք հանգիստ ու ինքնավստահ: Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում երազներն իրականությունից չեն տարբերում և այդ պատճառով , հատկապես վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այստեղից էլ՝ նրանք հաճախ սկսում են վախենալ մթությունից և նույնիսկ չեն ցանկանում պառկել քնելու:

Գոյություն ունի նման հետևանքները կանխելու երկու եղանակ: Առաջինը համեմատաբար պարզ է և վերաբերում է հենց վատ երազին: Եթե երեխան գիշերն արթնանում և լաց է լինում անհրաժեշտ է անմիջապես մոտենալ նրան: Փոքրիկ երեխան ձեզ չի պատմի, թե ինչ երազ է տեսել: Նա կարող է, օրինակ ասել, թե իբր ինչ-որ վատ մարդ էր մտել սենյակ և ուզում էր տանել իր հրշեջ մեքենան: 4-5 տարեկան երեխան հասկանում է, որ երազ է տեսել և կարող է նույնիսկ պատմել այն: Այդպիսի դեպքերում միայն մի բան է մնում՝ հանգստացնել և սփոփել երեխային:

Նրան խմելու որևէ բան տվեք, ինչպես հարկն է ուղղեք վերմակը և հիշեցրեք, թե հաջորդ օրն ինչ հաճելի գործեր են սպասվում: Որոշ ժամանակ նստեցեք նրա կողքին և կտեսնեք, որ նա շուտով հանգիստ քուն կմտնի:


Իսկ եթե երեխան շարունակում է լացել և ինչ-որ բանից վախենալ նաև ձեր մոտենալուց հետո, ուրեմն պետք է այլ միջոցներ ձեռնարկել: Երազը կարող է մղձավանջային լինել: Միանգամայն հնարավոր է, որ երազում դուք նրա աչքին երևացել եք տարօրինակորեն աղավաղված տեսքով և նմանվել եք որևէ սարսափելի կենդանու: Հիմա էլ, կես-քուն, կես-արթուն՝ նա դեռևս չի կարողանում ազատվել գիշերային տեսիլքից: Նման դեպքերում մինչև վերջ արթնացրեք երեխային, վառեք լույսը, գուցե միացնեք նաև ռադիոն, կոնֆետ տվեք և ասացեք, որ վախենալու ոչինչ չկա, մայրիկն իր կողքին է: Երբ փոքրիկը լրիվ հանգստանա, ասացեք նրան, որ իր տեսածն ընդամենը վատ երազ էր, իսկ իրականում այդպիսի բան չկա: Մնացեք փոքրիկի մոտ քանի դեռ նա նորից քուն չի մտել:
Երկրորդ հանգամանքը վերաբերում է վատ երազներ առաջ բերող պատճառներին: Մենք գիտենք, որ երազներն առաջանում են քնի այսպես կոչված թեթև փուլում, այսինքն կամ քուն մտնելուց անմիջապես հետո կամ արթնանալուց անմիջապես առաջ: Եթե երեխան հոգնած է կամ չափից ավելի գրգռված, ապա գիշերվա ամբողջ ընթացքում նրա քունը մակերեսային կլինի և նա որոշ երազներ կտեսնի, որոնք հիմնականում կլինեն վատ, մղձավանջային: Մենք հաճախ նույնիսկ չենք նկատում, թե հոգեկանի, ասել է թե՝ նաև երեխաների երազների վրա որքան շատ գործոններ են ազդում, ինչքան շատ բաներ նրան կարող են ուժգնորեն հուզել: Ընդհանրապես որքան ավելի պահանջկոտ ենք երեխայի նկատմամբ, այնքան ավելի անվստահ է նա դառնում: Իսկ եթե նա իրեն հանդուգն է պահում, իսկ մենք ավելի մեծ ուժով ենք ցանկանում հաստատել մեր հեղինակությունը, նրա վիշտը ավելի կմեծանա: Նա կարող է մեղավոր զգալ, որ դառնացրել է մեզ կամ իր ծնողների նկատմամբ թշնամանք է զգում: Այդ ամենը նա, անշուշտ, կարող է վերապրել նաև երազներում, երբ ուղեղն այնպիսի պատկերներ է ստեղծում, որոնք երազներ են կոչվում: Երեխայի հեգեկանն այնքան է լցվում թշնամանքով, մեղքի զգացումով և իրեն պատժելու մասին մտքերով, որ դրանք ինչ-որ հանելուկային ձևով դրսևորվում են երազներում ու նրան վախեցնում են նույնիսկ այն դեպքում, երբ այդ ամենը չի գիտակցում: Ի դեպ, այդպես է լինում նաև մեծահասակների հետ:
Այս ամենը, ինչ ասացինք, համոզիչ կերպով վկայում է, որ հաճախակի մղձավանջային երազներ տեսնող երեխան գրեթե միշտ նախորդ օրը ծնողների հետ շատ բախումներ է ունեցել և վախ է ապրել: Բացառություն են կազմում միայն այն երեխաները, ովքեր որևէ ուժեղ հոգեկան խեղում են ունեցել, որը խոր հետք է թողել նրանց կյանքում (օրինակ՝ ռմբակոծությունը, որևէ հարազատի սպանությունը, որ կատարվել է նրանց աչքերի առջև, որևէ այլ իրադրության մեջ ապրած ուժեղ վախը):
Երբ խոսքը վատ երազների մասին է, երեխային դրանցից ազատելու նպատակով տրվող հանձնարարությունները բավականին պարզ են:

Այն ամենը, ինչ կարող ենք անել երեխաների հետ մեր փոխհարաբերությունները բարելավելու համար, կօգնի նրանց հեռու քշել մղձավանջային երազները: Երբեմն մենք շատ անհամբեր ու անխիղճ ենք դառնում և ձգտում ենք մեր երեխաների մեջ որոշ առանձնահատուկ հատկություններ ու սովորություններ ձևավորել, օրինակ՝ խիզախություն, մարտական ոգի, բարեկիրթ շարժուձև: Այդ ամենը մեր երեխաներին երբեմն այնպիսի համառությամբ ենք ներարկում, որ օգտակար սովորությունների տիրապետելու և բնավորության անհրաժեշտ գծեր ձևավորելու ցանկություն առաջ բերելու փոխարեն վախեցնում ենք նրանց: Դրա հետևանքով երեխաներն իրենց սարսափների պատճառը ծնողներին են համարում:


Երբ տեսնում ենք, թե ինչպես են երեխաներն ամեն կերպ հետաձգում քնելը, և զայրանալով կորցնում ենք մեր ինքնատիրապետումը,դրանով միայն ուժեղացնում ենք նրանց տագնապն ու մեր կամքից անկախ ավելի ենք վատացնում նրանց հոգեվիճակը: Մեր այդպիսի պոռթկումները միայն վնաս են պատճառում:
Հիշեք՝ փոքրիկի համար վատ երազները իրականություն են: Նրանց գիշերային մղձավանջներից ազտելու գործում օգնելու պատրաստակամություն դրսևորեք, և երեխան ի վերջո ինքնավստահ կդառնա ւ այլևս վատ երազներ չի տեսնի:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Allan Fromme, «ABC of Child Care»