Ներկայացնում է վնասվածքաբան-օրթոպեդ Ադի Մհոյանը

Օրթոպեդիայում հաճախ հանդիպող պաթոլոգիաներից է ստորին վերջույթների երկարության տարբերությունը: Պատճառները բազմազան են՝ բնածին, հետտրավմատիկ, ինֆեկցիաների հետեւանք եւ այլն։

Ոտքերի՝ մինչեւ 2 սմ տարբերությունը համարվում է նորմա, իսկ 2 սմ-ից ավելի տարբերությունն արդեն պաթոլոգիա է եւ բուժման կարիք ունի, հակառակ դեպքում՝ առաջացնում է կաղություն:

Ինչպե՞ս է իրականացվում բուժումը

Ստորին վերջույթների երկարության հավասարեցման տարբեր մեթոդներ կան: Երեխաների մոտ կա բուժման առավել քիչ ինվազիվ տարբերակ։
Օրինակ՝ քանի դեռ ոսկրային աճն ավարտված չէ (մինչեւ 13-16 տ.), իսկ երկու վերջույթների միջեւ եղած տարբերությունը մեծ չէ (օրինակ 5սմ), օգտագործում ենք երկար ոտքի աճը:

Հաշվարկներից հետո պարզում ենք, թե ոսկրային աճի ավարտից հետո վերջնական տարբերությունը ինչքան է լինելու (օրինակ 7սմ), և եթե ըստ հաշվարկների պարզվի, որ առողջ ազդրի ստորին և սրունքի վերին էպիֆիզների հաշվին մնացել է 5-5,5սմ․աճ, փոքր վիրահատության միջոցով կատարվում է նշված աճման զոնաների փակում, ինչի հետեւանքով երկար ստորին վերջույթը 5-5,5սմ-ով քիչ է աճում, եւ այդպիսով երկու ոտքերը գրեթէ հավասարվում են: Վերջնական տարբերությունը կկազմի 1,5սմ, որը համարվում է նորմա։

Արդյունքում՝ հիվանդը ակտիվ կյանքից հետ չի մնում, քայլում է վիրահատությունից 1 օր անց, ցավերը 2-3 օր անց անցնում են։

Երկարության մեծ տարբերությունների դեպքում իրականացվում է կարճ ոտքի երկարացման մեթոդը՝ արտաքին ֆիքսող-երկարացնող տարբեր սարքերով:



Աղբյուրը՝ Doctors.am