Մեզանից շատերը խուսափում են ատամնաբույժին այցելել անգամ այն դեպքում, երբ ցավը տանջում է օր ու գիշեր: Սակայն մասնագետները վստահեցնում են՝ ատամնաբույժին պետք է այցելել ոչ միայն երբ «դանակը ոսկորին է հասել», այլեւ ավելի վաղ: 

Եվ այսպես, նշաններ, որոնք ահազանգում են՝ ժամանակն է ատամնաբույժին այցելելու:

1. Լնդերն արյունահոսում են

Պարզ թեստ անցկացրեք տանը: Վերցրեք խնձոր կամ այլ պինդ միրգ եւ կծեք: Եթե մրգի վրա արյան հետքեր կան, ուրեմն՝ ժամանակն է ատամնաբույժին այցելելու: Ամենայն հավանականությամբ, Ձեր լնդերը բորբոքված են, եւ Ձեզ սպառնում է պարադոնտոզը: Նույն եզրահանգումը կարելի է անել, երբ լնդերին արյուն եք նկատում ատամները խոզանակով լվանալիս:

2. Գերզգայուն ատամներ

Սա այն է, երբ ցանկացած քաղցր կամ սառը բան ուտելիս դիսկոմֆորտ կամ ցավ եք զգում բերանի խոռոչում: Սա կարող է վկայել կարիեսի մասին:

3. Սննդի մնացորդներ ատամների արանքում

Մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ բախվում են այս խնդրին, բայց մի բան է, երբ, օրինակ, մսի կտորն է մնում ատամի արանքում, այլ բան է, երբ ցանկացած ուտելիք միշտ կուտակվում է միեւնույն տեղում: Ամենայն հավանականությամբ, դա հետեւանք է կարիոզ խոռոչի:

4. Տհաճ հոտ 

Բերանի տհաճ հոտի պատճառները տարբեր են՝ անհավասարակշռված սննդակարգ, վատ սովորությունների առկայություն, ստամոքսի հետ խնդիրներ, վերին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, լնդերի բորբոքում կամ կարիես: Ամեն դեպքում, ստոմատոլոգին այցելելն ավելորդ չէր լինի: 

5. Քրոնիկ օտիտ

Դժվար է հավատալ, բայց ականջի ցավը ոչ միշտ է առաջանում վիրուսներից կամ վերջերս տարած մրսածության հետեւանքով: Երբեմն դրա «մեղավորը» իմաստության ատամն է լինում, որը կարիք կա հեռացնելու:

6. Քթի փակվածություն, ցավ աչքերում 

Եթե Ձեր քիթը հաճախ է փակվում, աչքերը ցավում են, սակայն օնտորինոլարինգոլոգը (ԼՕՌ) կամ ակնաբույժը որեւէ խնդիր չեն տեսնում, ապա ժամանակն է այցելելու ատամնաբույժին:

Հավանական է, որ այդ խնդիրները հետեւանք են ատամի նյարդի բորբոքման, որն առաջանում է պարադոնտոզի կամ կարիեսի հետեւանքով:

7. Ցավ, կրճտոց ծնոտում 

Եթե ծամելու ընթացքում ծնոտում ցավ եւ կրճտոց եք զգում, ապա «մեղավորը» դարձյալ իմաստության ատամն է: Եվ նորից կարիք կա ատամնաբույժին այցելելու:


Աղբյուրը՝ Doctors.am