Հունիսի 21-ին «Զվարթնոց» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «10 տարի անց» խորագիրը կրող հավաքույթ-միջոցառումը, որը նպատակ ուներ համախմբել, մեկ հարկի տակ հավաքել դեռևս 10 տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտած մեկ կուրսի ուսանողներին:
Հավաքույթը գեղեցիկ պատահականությամբ համընկել էր նաև Հայաստանի Հանրապետությունում բուժաշխատողի օրվա հետ: Նմանատիպ միջոցառման կազմակերպման մտահաղացումը և նախաձեռնությունը պատկանում է «Events.am» կազմակերպությանը:
 
 
- Բժշկական համալսարանն ավարտելու տասնամյակին նվիրված այս միջոցառման գաղափարը ծագել է մեր կազմակերպության մոտ, առաջարկեցինք այն ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանին, ով նաև այս կուրսի ուսանող է եղել, և հավանություն ստանալով, որոշեցինք իրագործել այն: Արդեն նախկին ուսանողների շարքում այսօր տեսնում ենք բավական պրոֆեսիոնալ մասնագետ – բժիշկների:  Նմանատիպ միջոցառում մեր կազմակերպությունն իրականացրեց նաև անցյալ տարի, և փորձում ենք շարունակական դարձնել ավանդույթ դարձած այս միջոցառումները, - ասում է «Events.am» կազմակերպության հիմնադիր Տանյա Փարսադանյանը:
 
 
Միջոցառման ընթացքում հյուրերի համար պատրաստված էին նաև անակընկալ-նվերներ` գրպանի ժամացույցների տեսքով, որոնք տրամադրել էր «Նիկոլայ» հայկական ժամացույցների խանութ-սրահը: Ընկերության ներկայացուցիչ Արմեն Բալայանի խոսքով` իրենք փորձել են հուշանվերները ընտրել բժշկի մասնագիտությանը հնարավորինս մոտ:
 
- Ժամացույց- հուշանվերները հետաքրքիր միտք են պարունակում: Դրանց վրա պատկերված են դա Վինչիի ստեղծագործությունները, որոնք սերտորեն առնչվում են բժշկությանը: Ժամացույցների ներսում տեղագրված է նաև ապակի, ինչը հնարավորություն է տալիս գրվածքն ընթերցել հայելային անդրադարձումով: Բոլորս գիտենք, որ դա Վինչին սիրում էր գրել հայելու միջոցով, որպեսզի դա հասկանալի չլիներ շատերի համար:
Ինքս այս կուրսի ուսանող եմ եղել, և սա, կարծում եմ` հրաշալի առիթ է ընկերներիս գեղեցիկ անակնկալ մատուցելու,- ասում է Արմեն Բալայանը:
Միջոցառման օրը պատահականությամբ համընկել էր նաև բժիշկ հյուրերից մեկի` առողջապահության կազմակերպիչ, ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանի ծննդյան տոնի հետ: 
 
 
- Հավաքույթի միտքը ծագեց 6 ամիս առաջ մի քանի կուրսընկերների մոտ: Նպատակն էր անցած ջերմ, ուսանողական տարիները հիշելը: Փորձում ենք վերականգնել կապը նախկին կուրսընկերների միջև: 
Այսօր հյուրերի շարքում կան բավական լուրջ հաջողությունների հասած մանագետներ վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի, այրվածքաբանության, առողջապահության կազմակերպման և շատ այլ ոլորտներում:
Սա լավ առիթ է միմյանց հետ շփվելու մասնագիտությունից դուրս և հաճելի ժամանակ անցկացնելու:
«Events.am» կազմակերպությունը միջոցառման հովանավորության և աջակցության  համար շնորհակալություն է հայտնում Արմեն Բալայանին և «Cito-Lab Express» լաբորատորիային:
Doctors.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է ՀՀ բոլոր բուժաշխատողներին` տոնի առիթով և մաղթում ուժ և տոկունություն` մասնագիտական դժվարին ճանապարհին:
 
Նյութը` Ամալյա Գրիգորյանի