Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վազէկտոմիայի ենթարկված տղամարդկանց մոտ բարձրանում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Մինչև 38 տարեկանը վիրահատվածներին սպառնում է հիվանդության առանձնապես ծանր ձևը:

 
Հարվարդի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 24 տարիների ընթացքում մոտ   50 000 տղամարդու հետազոտությունների արդյունքում ստացված տվյալներ: Ըստ հետազոտության արդյունքների` վազէկտոմիայի (վիրահատություն, որը հանգեցնում է տղամարդու անպտղությանը՝ պահպանելով սեռական ֆունկցիան) ենթարկվածների մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 10%-ով ավելի բարձր է` մյուս տղամարդկանց համեմատ:
 

Շագանակագեղձի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենատարածված ձևը տղամարդկանց շրջանում. Մեծ Բրիտանիայում ամեն տարի ախտորոշվում է 40 000 մարդ, որից 10 000-ը` մահվան ելքով:
Այս հիվանդությունը հիմնականում դանդաղ է զարգանում, և բժիշկները խորհուրդ են տալիս հսկողության տակ պահել հիվանդության զարգացման պրոցեսը:


Անվտանգ վիրահատություն
 

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվող 49 405 մարդկանցից` 6023 -ի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ: Ամեն չորրորդ տղամարդը ենթարկվել էր վազէկտոմիայի:

Ի՞նչ է վազէկտոմիան
 

·         Վիրահատական միջամտություն, որի ժամանակ կատարվում է սերմնատար ծորանի կապում կամ հատվածի հեռացում:

·         Վիրահատությունը հանգեցնում է անպտղության՝ միաժամանակ պահպանելով սեռական ֆունկցիան:

·         Վազէկտոմիայից հետո տղամարդու մոտ պահպանվում է սեռական վարքագիծը՝ լիբիդո, էրեկցիա, էյակուլյացիա: Սակայն սերմնատար ծորանի անանցանելիությունը հանգեցնում է սերմնահեղուկում սպերմատոզոիդների բացակայությանը:

·         Վազէկտոմիան կիրառվում է որպես հակաբեղմնավորման արմատական միջոց: Բժշկության մեջ այն սովորաբար խորհուրդ է տրվում այն տղամարդկանց, ովքեր արդեն ունեն երեխաներ, և հետագայում չեն պատրաստվում նորից հայրանալ:

Ինչպես նշում է Cancer Research UK ոչ կոմերցիոն կազմակերպության պրոֆեսոր Մալքոլմ Մեյսոնը` վազէկտոմիան դեռևս շարունակում է մնալ որպես կարևոր հակաբեղմնավորիչ միջոց, սակայն մինչ այդ քայլին դիմելը արժի խորհրդակցել մասնագետի հետ:

Վազէկտոմիան հատկապես մեծ ժողովրդականություն ունի Մեծ Բրիտանիայում, որտեղ այդ վիրահատությանն է դիմում ամեն վեցերորդ տղամարդը: Ընդ որում, բրիտանացիների մահացության պատճառ հանդիսացող ուռուցքաբանական հիվանդությունների շարքում շագանակագեղձի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում:

Գիտնականները նշում են, որ, այնուհանդերձ, քաղցկեղով հիվանդացության բացարձակ ռիսկը վազէկտոմիայի ենթարկվածներ մոտ այնքան էլ բարձր չէ:

Ընդհանուր առմամբ, վազէկտոմիան համարվում է անվտանգ վիրահատություն, սակայն մի շարք հիվանդների մոտ այն ունենում է բարդ հետևանքներ, այդ թվում` տարաբնույթ ինֆեկցիաներ, հեմատոմաներ, ցավ ամորձիներում:

Մեր օրերում վազէկտոմիան համարվում է տղամարդկանց համար հակաբեղմնավորման միակ միջոցը, բացի պահպանակներից:
 

Սակայն գիտնականները համոզված են, որ առաջիկա տարիներին այդ ֆունկցիան կկատարեն սովորական հաբերը: Ծայրահեղ դեպքում հետազոտողները դիտարկում են այսպես կոչված «քիմիական վազէկտոմիան»:
Մի շարք երկրներում վազէկտոմիան օրենսդրորեն թույլատրվում է միայն հասուն տարիքում և որոշակի պայմաններում: Օրինակ, Ռուսաստանի քաղաքացիներին այն թույլատրվում է միայն  35 տարեկանը լրացած լինելու կամ երկու և ավելի երեխաներ ունենալու դեպքում:

 

Նման վերահատություն կատարած հայտնի դեմքերից են` բրազիլացի ֆուտբոլիստներ Ռոնալդոն և Պելեն:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ BBC.com