«Շատ կսիրեմ իմ գործը»,- մի քիչ հուզվելով՝ ասում է Գյումրիի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի 28-ամյա մատուցող Հովհաննես Մարգարյանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2011 թվականին մարտի 21-ը հռչակել է Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օր՝ կոչ անելով անդամ պետություններին, միջազգային եւ տեղական կազմակերպություններին ուշադրություն հրավիրել Դաունի համախտանիշ ունեցող անձանց իրավունքներին։

Հետեւելով օրվա խորհրդին՝ Doctors.am-ն այցելել է Գյումրի եւ զրուցել «Արեգակի» աշխատակիցների հետ:

«Արեգակը» Հայաստանում առաջին եւ դեռեւս միակ ներառական փուռ-սրճարանն է, որտեղ աշխատում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ երբ սրճարանը նոր էր բացվել, մարդկանց շրջանում թերահավատություն էին նկատում սպասարկման հետ կապված: Սակայն փորձը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձինք կարող են աշխատել հավասարը հավասարի հետ:


Մեր զրույցի ընթացքում Հովհաննեսը պարբերաբար կրկնում էր այս արտահայտությունը՝ փորձելով ցույց տալ, թե որքան լավ ու դրական միջավայրում է աշխատում: 

«Ես շատ գոհ եմ, ինձ լավ եմ զգում այստեղ: Իմ գործը շատ կսիրեմ: Պետք է աշխատեմ մինչեւ վերջ»,-ասում է նա:

Ի դեպ, 28-ամյա տղան ընտանիքի միակ աշխատողն է՝ մայրն իր հոգածության ներքո է:

Հովհաննես Մարգարյանը «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնի շնորհիվ ընդունվել է քոլեջ, խոհարարություն է սովորում: Օրվա կեսն անցկացնում է քոլեջում, մյուս կեսն՝ աշխատավայրում:

Գործընկերները նշում են, որ Հովհաննեսը միշտ պատրաստակամ է օգնել իրենց: Ավարտում է իր գործն ու բոլորին օգնում՝ ինչով կարողանում է. շատ աշխատասեր է: 

Զրույցի վերջում Հովհաննեսին հարցնում ենք, թե ինչը կփոխեր մարդկանց վերաբերմունքի մեջ, ասում է՝ բարություն կմաղթեր. «Թող բարի լինեն, որ բոլորին օգնեն»:



Աղբյուրը՝ Doctors.am