Կոլիկան մի վիճակ է, որ դիտվում է առնվազն 5-ից 1 առողջ երեխաների շրջանում, սկսվում է 2-3 շաբաթական հասակից` ձգվելով մինչև 10-12 շաբաթականը։ Կոլիկայի մասին ենք մտածում, երբ երեխայի մոտ սկսվում է խիստ անհանգիստ վիճակ, լաց, ընդհուպ մինչև բարձր ճիչ և քնի խանգարում։ Այս ամենի տևողությունը կազմում է օրական առնվազն 3 ժամ, հաճախականությունը` շաբաթական առնվազն 3 օր, իսկ պահպանվելը` ամենաքիչը 3 շաբաթ։ Բացի այդ` երեխան կարող է  պինդ փակել կամ լայն բաց անել աչքերը, երբեմն ունենալ կարճատև շունչը պահելու էպիզոդներ, անգամ` փսխումներ կամ հրաժարում կրծքից։

Ի՞նչ անել կոլիկաների ժամանակ

Հատուկ բուժում գոյություն չունի։ Հարկավոր է զինվել մեծ համբերությամբ։ Այնուամենայնիվ, կան մի քանի հնարքներ, որոնք, եթե նույնիսկ չօգնեն լիովին անցկացնել, ապա հնարավորինս կմեղմեն երեխայի լացն ու խիստ անհանգիստ վիճակը.

▪️Պետք է արձագանքել լացին, պարզապես գրկել երեխային` տալով նրան ծնողական սեր, ուշադրություն ու ջերմություն։ Երբեմն այդքանը կարող է լինել բավարար փոքրիկն արագ հանգստացնելու համար։

▪️Սահմանափակել տեսակցողների քանակն ու հավելյալ աղմուկը, հատկապես ուշ երեկոյան։

▪️Ստեղծել հանգիստ միջավայր` անջատելով արհեստական լույսի բոլոր աղբյուրները, ապա ցածր ձայնով երգել կամ փաղաքշական խոսքեր ասել փոքրիկին։

▪️Լավագույն օգնող միջոցներից է համարվում կենգուրույի դիրքը, երբ, հանելով երեխայի հագուստը, ապահովում ենք է մաշկը մաշկին կոնտակտ։

▪️Կարևոր է ամեն կերակրումից հետո գղտացնել երեխային հավելյալ կուլ տված օդը դուրս բերելու նպատակով։

▪️Հետազոտությունները վերջնական չեն ապացուցել կաթիլների (սիմետիկոն պարունակող) օգտակարության աստիճանը, սակայն դա շատ անհատական է։ Որոշ երեխաների մոտ հնարավոր է ստանալ դրական արդյունք։ Կիրառումից առաջ անպայման պետք է  խորհրդակցել տեղամասային մանկաբույժի հետ։

▪️Չնայած ժամանակակից բժշկության պնդումներին, թե կերակրող մայրերը կարող են ուտել ամեն ինչ, կոլիկայի շրջանում հարկավոր է հետևել սննդակարգին` սահմանափակելով որոշ սննդատեսակների ընդունումը, իսկ հետո ուսումնասիրել երեխայի փոփոխվող վարքագիծը (դդմիկ, ծաղկակաղամբ, ցիտրուսներ, կաթնամթերք, ձու, սոյա, ցորեն, լոբազգիներ, գետնանուշ, սուրճ, թեյ, և այլն)։

▪️Եթե երեխան սնվում է արհեստական կաթնախառնուրդով (ԿԽ), հարկավոր է խորհրդակցել տեղամասային մանկաբույժի հետ հատուկ անտիկոլիկա կամ ոչ կովի կաթի հիմքի վրա պատրաստված տեսակի ԿԽ_ով փոխարինելու համար։

▪️Այլ օժանդակող միջոցներն են` թույլ բարուրը, սպիտակ աղմուկը կամ հանգստացնող երաժշտությունը, կամաց երգելը, օրորելը, ծծակ առաջարկելը, միջավայրի փոփոխությունը (քուն մաքուր օդին)։

Կարևոր է հիշել, որ պետք չէ, ելնելով հուսահատությունից, փորձել կիրառել բոլոր հնարքները միաժամանակ, դա կարող է թողնել հակառակ ազդեցություն։

Այսպիսով` ժամանակ և մի փոքր համբերություն ու մանկական այս փուլը կարելի կլինի համարել հաղթահարված։

 

 Նյութը տրամադրեց մանկաբույժ Աննա Մխիթարյանը