Կորոնավիրուսային համավարակը գլխիվայր փոխեց բոլորիս կյանքը:
Մեր գործնական հանդիպումները տեսազանգով էին, իսկ աշխատանքային օրն անցնում էր տնային հագուստով: 
Շատ կանանց համար սա հրաշալի առիթ էր հրաժարվել անհարմար կրծկալներից:
Սակայն տևական ժամանակ կրծկալ չկրելը որոշ կանանց մոտ անհանգստությունների պատճառ է դառնում, իսկ մյուսները համոզված են, որ հակառակը՝ կրծկալ կրելն է առողջական խնդիրներ առաջացնում: 
Ներկայացնում ենք այս թեմայի հետ կապված ամենատարածված միֆերն և մի քանի գործնական խորհուրդ:

Միֆ 1-ին. կրծկալ կրելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը

Շատ կանայք մինչ օրս կարծում են, որ կրծկալ կրելը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղ ունենալու ռիսկը, ինչը պարզապես միֆ է:
Մինչ այժմ կատարված հետազոտությունները փաստում են, որ այս երկուսի միջև որևէ կապ չկա։ 
Ընդ որում, դա կախված չէ նաև Ձեր ընտրած կրծկալի մոդելից։ 
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական ռիսկը ժառանգական նախատրամադրվածությունն է։

Միֆ 2-րդ. կրծկալ չկրելն առաջացնում է կրծքի կախվածություն

Եթե Դուք էլ եք այն կարծիքին, որ երկար ժամանակ կրծկալ չկրելը կարող է կրծքի կախվածության պատճառ դառնալ, ապա սխալվում եք։ 
Կրծկալ կրելը չի նպաստում կրծքի ձիգ և գեղեցիկ տեսքին և հակառակը՝ այն չկրելու հետևանքով Ձեզ մոտ ի հայտ չի գա կախվածություն։ 
Կրծկալն ազդեցություն չունի նաև կրծքի ձևի վրա։ Այնուամենայնիվ, եթե Դուք ունեք մեծ չափի կրծքեր, ապա մեջքի ցավերից զերծ մնալու նպատակով կարող եք կրել այն։ 
Կրծքերի կախվածությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ կատարել՝ մարզելով կրծքագեղձի մկանները։ 
Բացի այս պետք է հետևել կեցվածքին. սխալ կեցվածքը կարող է կրծքերի կախվելու և թուլանալու պատճառ դառնալ։

Ուշադի՛ր ընտրեք կրծկալի չափսը 

Անհամապատասխան չափսի կրծկալ կրելը տարածված խնդիր է կանանց շրջանում: Ժամանակի ընթացքում մեր մարմնի զանգվածը փոխվում է, հետևապես փոխվում են նաև կրծքի չափերը: Բայց չնայած դրան՝ կանայք կարող են շարունակել կրել իրենց սիրելի կրծկալը, ինչն էլ մի շարք խնդիրներ է առաջացնում ՝մեջքի ցավեր, կրծքերի վաղաժամ ծերացում:
Ուստի կրծկալ ընտրելիս ուշադի՛ր եղեք ոչ միայն արտաքին տեսքին, այլ նաև հարմարությանը և չափսին:

Ընտրե՛ք Ձեր ֆիզիկական ակտիվությանը համապատասխան կրծկալ

Եթե Դուք ակտիվ կենսակերպ եք վարում, ապա մարզումների ընթացքում կրե՛ք 
համապատասխան սպորտային կրծկալ, հակառակ դեպքում կարող են առաջանալ կրծքի կամ մեջքի ցավեր: Սա պայմանավորված է նրանով, որ հատկապես ակտիվ մարզումների պարագայում (վազք, կարդիո մարզումներ) Ձեր կրծքերը ակտիվ շարժի մեջ են:
Ի դեպ, նմանատիպ ցավային դրսևորումներն ու անհարմարությունը առավել անհանգստացնող են հատկապես մեծ չափի կրծքեր ունեցող կանանց մոտ: 

Փորձե՛ք խուսափել սնկային վարակներից

Ավելորդ քրտնարտադրությունը և սնկային վարակները դժվարացնում են կրծկալ կրելը: Սակայն նմանատիպ առողջական խնդիրներից կարելի է խուսափել, եթե առավել ուշադիր լինեք կրծկալ կրելիս, հատկապես տարվա շոգ ամիսներին:
Սնկային վարակը կարող է զարգանալ խոնավ կրծկալի և թաց մաշկի շփումից: 
Այս հարցում Ձեզ կօգնեն հակաքրտինքային միջոցները: Մյուս տարբերակը անլար, կպչուն կրծկալն է, որը նույնպես կօգնի կրճատել խոնավության առաջացումը: 

Այսպիսով, չկան հստակ հակացուցումներ կրծկալ կրել կամ չկրելու հետ կապված: Այդ որոշումը կախված է անձնական նախընտրությունից:
Պարզապես հետևե՛ք վերոնշյալ խորհուրդներին հնարավոր բարդություններից խուսափելու համար: 

Նյութի աղբյուրը՝ https://health.clevelandclinic.org/