Ֆոբիան այն խանգարումն է, երբ մարդն ունենում է հիվանդագին վախ, որն իրեն ստիպում է խուսափել հարաբերական անվտանգ օբյեկտներից և երևույթներից: Բազմաբնույթ ֆոբիաները բաժանվում են երկու տիպի՝ հասարակ և սոցիալական: Հասարակ ֆոբիաներից է վախը որոշակի առարկաներից (կամ կենդանիներից): Սոցիալական ֆոբիաներին են դասվում որոշակի իրավիճակներում հայտնվելու վախը: Օրինակ, վախն ամբոխից, ուրիշների ներկայությամբ ուտելու վախը, ծիծաղի առարկա դառնալու վախը:


Վախ առաջացնող իրավիճակում հայտնվելու դեպքում մարդը խուճապի է մատնվում: Հետագայում՝ կանխազգալով նմանատիպ իրավիճակի կրկնումը նա ինքնաբերաբար վախ է զգում և խուսափում է դրանից: Վախի նոպաները կարող են ուղեկցվել կողմնորոշման խանգարումով, իրավիճակի և արտաքին աշխարհի անիրական լինելու զգացողությամբ: Հնարավոր են նաև ֆիզիկական զգացողություններ՝ գլխապտույտ, հավասարակշռության կորուստ, ուժեղ սրտխփոց, տեսողության, լսողության, կլման և շնչառության խանգարում: Առավել հազվադեպ նկատվում է՝ սրտխառնոց, որովայնացավ, միզարձակման և կղազատման խնդիրներ, մկանային լարվածություն, դող կամ համրություն:

Ֆոբիկ իրավիճակում վախն անկառավարելի ձևով աճում և ուժեղանում է այնպես, ինչպես երևակայության մեջ ահագնանում է վախը: Մարդն ավելի շատ է կենտրոնանում ֆոբիայով պայմանավորված դիսկոմֆորտի վրա՝ առավել քիչ կենտրոնանալով այն բանի վրա, ինչը կարող էր նրան հանգստացնել: Տպավորություն է ստեղծվում, որ հիմա տեղի կունենա մի ահավոր բան՝ մահ, սրտի կաթված, խելագարություն: Դա էլ հենց ահաբեկված իրավիճակն է: Այն այնքան տանջող է, որ մարդ սկսում է խուսափել ցանկացած իրավիճակից, կերպարից և հիշողությունից, որոնք կարող են առաջացնել ֆոբիա: Ֆոբիայի բուժումը նրանում է, որ պետք է հիվանդին սովորեցնել դիմակայել ֆոբիային և հայտնվել այդ իրավիճակում, նաև համոզել նրան, որ տվյալ իրավիճակը վտանգավոր չէ, ոչ թե ինտելեկտուալ, այլ անձնական փորձի մակարդակով: Անհատական, աստիճանաբար բարդացվող խնդիրների միջոցով հիվանդին փորձում են սովորեցնել ավելի ուժեղ հակազդել իրական հանգստացնող իրավիճակներին, և ավելի թույլ՝ երևակայական վտանգին:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medportal.ru