Համարվում է, որ այն սթրեսը, որը երեխան ապրում է ծնվելիս, ողջ կյանքում ուղեկցում է նրան՝ այս կամ այն կերպ վնասելով նրա հոգեկան աշխարհը: Այս տհաճ գործոնը բացառելու և նորածնին օգնելու նպատակով մշակվել է հատուկ ծննդաբերության եղանակ՝ ջրի մեջ, որի իմաստը կայանում է նրանում, որ երեխան վերադառնում է ներարգանդային պայմաններին առավելագույն մոտ միջավայր: Այսինքն՝ երեխան պտղապարկային հեղուկից անմիջապես ընկնում է ջրային միջավայր: Բացի երեխայի համար բարենպաստ պայմաններից, նաև հեշտացվում է ծննդկանի գործը, քանի որ երկունքի ցավերը նվազ ցավոտ են լինում:
 
ԿՈՂՄ
 
1. Ծննդյան սթրեսի բացակայությունը նորածնի մոտ. երեխան անցնում է իր համար սովորական ջրային միջավայրից մեկ այլ ջրային միջավայր:
 
2. Նորածինն իր վրա չի զգում այն շոկը, որը լինում է սովորական ծննդաբերության ժամանակ՝ վառ լույսը, աղմուկը, նոր հոտեր:
 
3. Ջրի մեջ ծննդաբերող կինն ավելի քիչ ցավ է զգում, քանի որ ջուրը մասնակիորեն իր վրա է վերցնում ցավը:
 
4. Ջրում ծնված երեխաները ավելի հեշտ են դիմադրում ցրտին և հետագայում ավելի քիչ են հիվանդանում հարբուխով:
 
5. Երեխաներն ավելի հավասարակշռված են և գործնականում քմահաճ չեն:
 
6. Նման երեխաները ավելի արագ են զարգանում՝ շարժումների կոորդինացիան ավելի լավն է, նրանք ավելի շուտ են սկսում նստել, սողալ, քայլել:
 
7. Ջրում ծնված երեխաները դառնում են ջրի երկրպագուներ, և արդեն մի քանի ժամ անց կարող են ինքնուրույն մնալ ջրի երեսին:
 
ԴԵՄ
 
1. Ջրում ծննդաբերելիս անհնար է կիրառել դեղամիջոցներ, ինչի անհրաժեշտությունը լինում է ծննդաբերության խթանման ժամանակ: Մեծ հավանականություն կա, որ երեխան կշնչի այդ ջուրը:
 
2. Ջուրը պետք է ամբողջովին փոխել 3 ժամ անց (այդքան ժամանակ անց ջրում սկսում է բազմանալ աղիքային ցուպիկը): Իսկ այսպիսի անհրաժեշտություն կարող է ծագել, եթե ծննդաբերությունը ձգձգվում է:
 
3. Չնայած որ ջրում ծննդաբերությունն ավելի քիչ ցավոտ է, սակայն պրոցեսն ավելի երկար է տևում:
 
4. Ջրային էմբոլիա (ջրի հայտնվելը ծննդկանի արյան մեջ)՝ հազվադեպ, սակայն չափազանց վտանգավոր բարդություն: Դրանից խուսափելու համար կինը պետք է հեռանա լողավազանից անմիջապես երեխայի ծնվելուց հետո՝ մինչև ընկերքի ծնվելը:
 
5. Ջրում կարող են ծննդաբերել միայն բացարձակ առողջ կանայք, ում հղիությունն անցել է առանց որևէ խնդիրների: Մանկաբարձները պնդում են, որ այս կերպ ծննդաբերելը բացառձակապես հակացուցված է այն կանանց, ովքեր ունեն սիրտ-անոթային համակարգի խանգարումներ, շաքարային դիաբետ, տոքսիկոզ, հոգեկան խանգարումներ: Նաև խորհուրդ չի տրվում ջրում ծննդաբերել, եթե պտղի գլխի չափսերը չեն համընկնում մոր կոնքի չափսերին, նեղ կոնք ունեցող կանանց, պտղի հիպոքսիայի վտանգի դեպքում, մեծ պտղի դեպքում:
 
6. Չկան ապացուցված տվյալներ, որ երեխայի արագ ֆիզիկական զարգացումը և նրա հավասարակշիռ վարքն անմիջականորեն կապ ունեն ջրում ծնվելու հետ:
 
7. Եղանակի հակառակորդները պնդում են, որ նոր հոտերի և աղմուկի մասին ներկայացվող վտանգները չափազանցված են:
 
8. Ինչ վերաբերում է ձգողությանը, ապա արդարացի կլինի ենթադրել, որ նորածինը՝ հղիության վերջին շաբաթներին և ծննդաբերության ընթացքում իր վրա կրած ճնշումից հետո ամեն դեպքում թեթևություն կզգա, անկախ նրանից, թե ինչպես և որտեղ նա լույս աշխարհ կգա:
 
Չեզոք տեղեկություններ
 
Եթե կինը որոշի ծննդաբերել ջրում, նա նախևառաջ պետք է համոզվի իր բավարար առողջական վիճակում և նախապես անցնի լուրջ պատրաստություն: Հղիությունը պետք է վարի այդ ընթացքին ծանոթ մանկաբարձը:
 
Բացի դրանից, կինը պետք է ծննդաբերի բարձրակարգ մասնագետների հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում այդ մասնագետները պետք է կարողանան վիրաբուժական օգնություն ցույց տալ ջրից դուրս, եթե սկսվի արյունահոսություն կամ այլ խնդիրներ, որոնք ծննդաբերության ժամանակ այդքան էլ հազվագյուտ չեն:
 
Եվս մեկ հանգամանք: Ծննդաբերությունը պատասխանատու և քիչ հաճելի պրոցես է, նույնիսկ ջրում: Թող ձեր ցանկացած որոշում լինի հասուն և մտածված, երբ խոսքը գնում է երեխայի և երեխայի մոր կյանքի մասին: Եվ այդ որոշումը պարտադիր կերպով ընդունեք փորձառու և պատասխանատու մասնագետի հետ խորհրդակցելուց հետո: 
 
 
Աղբյուրը՝ Doctors.am