Երկօրյա գործնական այցով Երևանում էր «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» աշխարհահռչակ ընկերության ղեկավար կազմը: Պատվիրակության կազմում էին «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» (Toshiba Medical Systems) ընկերության նախագահ Սատոշի Ցունակավան, նույն ընկերության փոխնախագահ Չիկաո Կամիջիման,  Մոսկվայի պետական բժշկական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր, «Ճառագայթային ախտորոշման ռուսական էլեկտրոնային ամսագրի փոխխմբագիր» Ռուստամ Բախտիոզինը և այլք:
 
Հյուրերի առաջին հանդիպումը ԵՊԲՀ ղեկավար կազմի հետ էր՝ ռեկտոր Միքայել Նարիմանյանի, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի գլխավորությամբ:
Մ. Նարիմանյանը հանդիպման ընթացքում հույս հայտնեց, որ «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս»  ընկերության հետ համագործակցությունը կլինի երկարատև և շարունակական:
 
- Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս ընկերությունը ձեռնամուխ է ոչ միայն որակյալ տեխնիկայի արտադրման, մատակարարման գործում, այլ նաև բժիշկ-ճառագայթաբաններին տեխնիկային ամբողջությամբ ծանոթացնելու, վերապատրաստելու և ուսուցման կազմակերպման գործում, այն մշտապես եղել է կրթական ծրագրերի ակտիվ նախաձեռնող, - ասում է 2015 թվականից Հայաստանում «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Դիավանտ» ընկերության հիմնադիր-տնօրեն, «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» ընկերության պատվիրակության հայաստանյան այցի համակարգող Դավիթ Առաքելյանը:
 
Այնուհետ ԵՊԲՀ աշխատակիցները պատվիրակությանն ուղղորդեցին ծանոթանալու ԵՊԲՀ ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկային, որն ակտիվ համագործակցում է Ջեֆերսոնի համալսարանի ուլտրաձայնային ինստիտուտի հետ, և պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը ներկայացրեց կլինիկայի ձեռքբերումները, տեխնիկական հագեցվածությունը: Շրջայցի ընթացքում խոսվեց նաև ԵՊԲՀ ռազմական բժշկության ֆակուլտետի և դրա կարևորության մասին՝ հայկական բանակի համար:
 
Նախատեսված էին նաև շրջայցեր և հանդիպումներ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում և Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ում. սրանք կլինիկաներ են, որոնք ակտիվորեն համագործակցում են «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» ընկերության հետ և ունեն սույն ապրանքանիշի բժշկական տեխնիկայի լայն շրջանակ:
 
- Մեր կենտրոնի աշխատանքային կարևորագույն սկզբունքը բացարձակ որակի ապահովումն է, իսկ տեխնիկական նման կահավորումն, իհարկե, հնարավորություն է ընձեռում  հստակ ախտորոշել տարբեր պրոֆիլի հիվանդություններ: Այսօր մեծ պատիվ և ուրախություն է հյուրընկալել այն ընկերության ղեկավար կազմին, որը մեզ ապահովում է բարձրակարգ, նորագույն բժշկական տեխնիկայով, - ասում է «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Արմինե Հովակիմյանը:
 
«Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» ընկերությունն ունի վաճառքի բարձր ցուցանիշներ Հայաստանում և հենց այս փաստն էր Տոշիբա ընկերության ղեկավար կազմի հայաստանյան այցի հիմնական դրդապատճառը: Հյուրերը հաճելիորեն զարմացած էին, որ Հայաստանի նման փոքր պետությունունն ունի որակյալ տեխնիկայով կահավորված կլինիկաներ, բարձրակարգ տեխնիկայի  նման պահանջարկ և սպառում:
 
- Հիվանդությունից որևէ մեկս ապահովագրված չենք, այս դեպքում կարևորագույն գործոնն արագ և հստակ ախտորոշումն է, ճիշտ բուժման նշանակումը՝ հնարավորին չափ  սեղմ ժամանակահատվածում:

Ես անչափ ուրախ եմ հայաստանյան բժշկական կենտրոնների հետ համագործակցության համար, քանի որ այսպիսով մենք օգնում ենք ապահովել հստակ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ հայ քաղաքացիների համար: Գաղտնիք չէ, որ ճիշտ ախտորոշումն արդյունավետ բուժման բանալին է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ տպավորված եմ Հայաստանում նման որակյալ տեխնիկայի առկայության փաստով, հույս ունեմ, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արգասաբեր և շարունակական, - ասում է «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս» ընկերության նախագահ Սատոշի Ցունակավան:
 
Պաշտոնական այս այցի համակարգող Դավիթ Առաքելյանի մեկնաբանությամբ՝ «Տոշիբա Մեդիքալ Սիսթեմս»-ը բժշկական տեխնիկա արտադրող առաջատար ընկերություններից է: Նախորդ տարի այն նշեց իր գործունեության 100 ամյակը: Վերջին տարիներին այս ընկերության նորամուծությունները բազմաթիվ են. արտադրվեցին նաև որոշ եզակի սարքավորումներ՝ համակարգչային տոմոգրաֆ՝ 16 սմ անատոմիական ծածկույթով, որն ընձեռում է 640 տոմոգրաֆիկ շերտ ստանալու հնարավորություն: Անկարելի է չխոսել նաև Տոշիբա ընկերության որդեգրած այն քաղաքականության մասին, որն է՝ ճառագայթային ծանրաբեռնվածության չափաբաժնի նվազեցումն ընդհուպ 75%-ով:  Կարևոր է նաև այն փաստը, որ Տոշիբա ապրանքանիշի բոլոր բժշկական սարքավորումների համար է նախատեսված ճառագայթային ծանրաբեռնվածության նվազեցումը՝ ինչպես բարձրակարգ, այնպես էլ միջին դասի տեխնիկայի համար:
 
Տեղեկացնենք, որ առաջիկայում Մոսկվայում կբացվի ռուս-ճապոնական Գերազանցության կենտրոնը՝ կահավորված վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, որից օգտվելու հնարավորություն կունենան նաև հայ մասնագետները:
 
Պատվիրակության անդամներին ընդունեց  նաև ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր: Հյուրերը նախարարին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքի հնարավորությունները, բժշկական սարքավորումների առավելությունները: 
Միաժամանակ, անդրադարձ է կատարվել կրթության, վերարտադրողական առողջության, այլ ոլորտներում նոր շարունակական ծրագրերի իրականացմանը:
 
Այցի ավարտին պատվիրակության անդամներին հյուրընկալեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ողջունելով հյուրերին նա նշեց, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների և ծրագրերի ներառման համար: 
 
Տոշիբա ընկերության պատվիրակության տպավորություններն այցից միայն դրական էին, նրանք մեծ հիացումով և տպավորություններով հեռացան մեր երկրից՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը Հայաստանի հետ կլինի առավել ինտենսիվ և շարունակական:
 
 
 
 
 
 

Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
29 Մայիսի, 2015