Մոտավորապես 11 ամսական հասակում երեխաներն սկսում են արտասանել առաջին բառերը: Նրանցից մի քանիսը 9 ամսական հասակում արդեն պարզորոշ արտասանում են բառեր, մյուսները լռում են մինչև մեկ տարեկան և ավելի հասակը: Գիտակցված խոսքը մեծագույն ձեռքբերում և իրադարձություն է երեխայի կյանքում, մանավանդ եթե հիշենք, որ ոչ վաղ անցյալում նա նույնիսկ ժպտալ չէր կարողանում: Առաջին բառերը սովորելու համար փոքրիկին երկար ժամանակ է հարկավոր, ու ծնողները մեծ համբերությամբ պետք է սպասեն նրա բառապաշարում նոր բառերի հայտնվելուն: Երբեմն մի բառ սովորելու համար նրան ամբողջ մի ամիս է հարկավոր, և դա կշարունակվի այնքան, քանի դեռ նրա բառապաշարը չի հասել 10 բառի: Դրանից հետո բառերի յուրացման արագությունը կտրուկ փոխվում է, բայց դա կլինի 15 ամսական հասակում:

Խոսքի զարգացում

Ծնողները կարող են օժանդակել երեխայի խոսքի զարգացմանը` արտասանելով նրան հետաքրքրող առարկաների անվանումները: Այդ հասակում նա արդեն ցույց է տալիս այն առարկաները, որոնցով ուզում է խաղալ: Նա գիտակցում է, որ իր շարժումները մեծերի հետ հաղորդակցման ամենաարդյունավետ միջոցներն են: Երբ փոքրիկին խաղալիք են տալիս, հարկավոր է արտասանել անվանումը: Օրինակ` երեխան ցույց է տալիս, որ խնձոր է ուզում: Մինչ խնձորը նրան տալը պետք է հստակ ձայնով հարցնել. << Դու խնձո՞ր ես ուզում >>: Այդ եղանակով փոքրիկը ոչ միայն կսովորի օգտագործել նոր բառեր, այլև կհիշի դրանց իմաստը: Իհարկե, նա այդ բառերը միանգամից չի հիշի, բայց որոշ ժամանակ անց այդ բառերը կմընեն նրա բառացանկը:
Չպետք է անհանգստանալ, երբ փոքրիկի լեզուն միայն մայրն է հասկանում: Չպետք է զարմանալ, որ փոքրիկի խոսքը չեն հասկանում ոչ միայն օտարները, այլև ընտանիքի անդամները: Երկու կամ երեք տարի անց նրա խոսքը իրոք հասկանալի կդառնա շրջապատողներին: Չպետք է ուղղել երեխայի խոսքը, որպեսզի նա չկորցնի վստահությունը և նոր բառեր արտասանելիս չհուզվի, չանհանգստանա: Բայց չի կարելի նաև կրկնել նրա սխալ արտասանած բառերը միայն նրա համար, որ փոքրիկի շուրթերից դրանք զվարճալի ու սիրուն են հնչում: Երեխայի սխալ արտասանած բառերը կրկնելիս ծնողները փաստորեն խանգարում են նրան իր սխայն արագ ուղղելու հարցում, ու նա շատ ժամանակ կկորցնի, մինչև կսովորի բառերի ճիշտ արտասանությունը:

Շարժումները

Այդ հասակում երեխան արդեն ինքնուրույն կանգնում և կահույքից բռնած քայլում է: Կոշիկ պետք է հագցնել այն ժամանակ, երբ կսկսի վստահորեն քայլել կամ փողոցում զբոսանքի ժամանակ:
Քայլել սովորեցնելը փորձության ու սխալների շրջան է, քանի որ իրականում փոքրիկին ոչնչով օգնել հնարավոր չէ: Միակ բանը, որ կարող են անել ծնողները, երեխայի քայլել սովորելու տեղը լավ օդափոխելն ու հնարավորության սահմաններում անվտանգ դարձնելն է: Նույնիսկ եթե հեռացված են բոլոր վտանգավոր իրերը, փոքրիկին չպետք է մենակ թողնել, հարկավոր է հետևել, ու նա չվնասի իրեն:
Ընկնել, վեր կենալուն զուգահեռ, երեխան սովորում է քայլել: Երեխայի անհաջողությունների նկատմամբ ծնողների դրսևորած վերաբերմունքից է կախված նրա վարքագիծը: Եթե ամեն անգամ, երբ երեխան սայթաքում, ընկնում է, մայրը խուճապահար վազում, գրկում է նրան, ու ստուգում` որևէ տեղ չի վնասել, նա ավելի երկար լաց կլինի, քան իսկապես վնասվելու դեպքում: Դրա պատճառն այն է, որ մոր անհանգստությունը նրան վախեցնում է, և կարող է հետ պահել քայլելու հետագա փորձերից: Իսկ եթե մայրը հանգիստ ասում է, որ ոչինչ չի պատահել, փոքրիկին հորդորում է ոտքի կանգնել, ու նա իր սայթաքելը և ընկնելը բնական է համարում:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am