Մեծերը հանկարծ զարմանքով պարզում են, որ փոքրիկը հումորի հիանալի զգացում ունի: Տաս ամսական փոքրիկը ոչ միայն հաճույքով խաղում է, այլև վարակիչ ծիծաղով հռհռում սեփական արարքների վրա: Լողանալիս նա մեծագույն հաճույքով ջրի շիթեր է ցանում, իսկ երբ կարողանում է մորը թրջել, անկեղծորեն ցնծում է: Եվ որքան մեծերը ձևացնում են, թե դիմադրում են, այնքան ավելի մեծ է լինում փոքրիկի ուրախությունը: Շուտով նրանք սովորում են երեխային ծիծաղեցնելու ձևերը: Երբ մայրը նայում է դռան արանքից ու ասում << բու-ու >>, երեխան սկսում է ցնծագին ճչալ: Այդ խաղը կարելի է անվերջ շարունակել, ու ամեն անգամ երեխան երջանիկ կծիծաղի: Մեծերին բարկացնելիս, երբ ձևացնում է, թե նրանց խաղալիք է տալիս ու անմիջապես հետ խլում նրանց ձեռքից, փոքրիկը շատ է ուրախանում: Դասական մանկական խաղերը և բանաստեղծությունները նրանց շատ են ուրախացնում:
Սա երեխայի ուշադրության կենտրոնացման շրջանն է, քանի որ երեխան կարողանում է իր ուշադրությունը միաժամանակ կենտրոնացնել մի քանի առարկաների կամ երևույթների վրա: Հարկավոր է նրան օգնել այդ հարցում: Օրինակ` փողոցում կատու տեսնելիս մայրը կարող է ասել` << միաու >>, օրեր անց, երբ փոքրիկը փողոցում նորից կատու կտեսնի, կարելի է խնդրել, որ նա կրկնի կատվի մլավոցը: Երեխայի ուսուցումը համատեղելով խաղերի, կատուների հետ` կարելի է լավ արդյունքի հասնել:

Վարքագծի կանոններ

Երեխայի ուրախանալու, շատ շարժվելու, իր հայտնագործությունների արդյունքները կիսելու ցանկության աճի հետ մեծանում են նաև նրա հետ անցանկալի դեպքեր պատահելու հնարավորությունները: Նրա անկանխատեսելի հետաքրքրասիրությունը կարող է շատ տհաճությունների պատճառ դառնալ, և որպեսզի փոքրիկն իրեն չվնասի, հարկավոր է միշտ հսկել նրան: Դա բարդ խնդիր է, որովհետև փոքրիկը չարաճճիությունից հեռու պահելու մեծերի փորձերն ընկալում է որպես խաղ: Նրա անզուսպ էներգիան ինչ-որ ձևով կանոնավորելու համար ծնողները պետք է նրան վարժեցնեն կարգապահության:
Կարգապահության ամենապարզ օրենքների պահպանումն անհամատեղելի է վարքագծի չոր կանոնների, հայհոյանքի և պատժի հետ, երբ փոքրիկը չի ենթարկվում դրանց: Ավելի ճիշտ կլինի փոքրիկին օգնել հասկանալ` ինչն է լավ, ինչը` վատ: Դրա համար երկար ժամանակ է հարկավոր, բայց ծնողների համբերությունը վերջիվերջո կփոխհատուցվի: Վաղ հասակից երեխային վարժեցնելով ճիշտ վարքագծի, բացատրելով տարբեր կենցաղային իրավիճակներ` փոքրիկին կարելի է սովորեցնել վերահսկել իր գործողությունները և մարդկանց հետ իր հարաբերությունները:
Ի սկզբանե պետք է իմանալ` փոքրիկը չի կարող վատը լինել, քանի որ նա դեռ չունի որոշակի կենսափորձ, որ կարողանա տարբերակել լավն ու վատը: Նա դրան վարժվում է յուրատեսակ փորձարարական ճանապարհով` հետևելով ու վերլուծելով մեծերի վարքագիծը:
Հարկավոր է մշակել սահմանափակման, արգելակման արդարացի կանոններ և խստորեն, բայց սիրով հետևել դրանց: չի կարելի երեխային ասել, որ նրան չեն սիրում, քանի որ նա ծատ կհուզվի: Կարևոր է, որ ծնողները նրան միշտ սիրեն` անկախ նրա վարքագծից:
Չի կարելի երեխային ապտակել: Ապտակը դաստիարակության արդյունավետ միջոցներից չէ, այլ ընդհակառակը, երեխան վարժվում է կոպտության և բռնության` հետագայում դրանց միջոցով ձգտելով հասնել իր նպատակներին:


Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am