Սելֆիները սոցցանցերի անբաժանելի մասն են դարձել: Մեզանից շատերը գրեթե ամեն օր մի նոր սելֆի են հրապարակում Facebook-ում կամ Instagram-ում: Թվում է՝ դա անմեղ զվարճանք է, սակայն գիտնականները հետազոտություններ են անցկացնում՝ փորձելով պարզել՝ արդյոք չափից դուրս շատ սելֆիներ հրապարակելը չի խոսում հոգեբանական խնդիրների մասին:

Քլիվլենդի համալսարանի գիտաշխատող Սքոթ Բեան ասում է, որ մարդիկ շատ հաճախ սելֆիներ են հրապարակում, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը կամ այլոց հետ մրցակցության մեջ մտնեն:

«Մարդիկ փորձում են իրենց սնուցել դրական լիցքերով, բայց կա նաեւ մրցակցության գործոնը: Մենք տեսնում ենք սոցցանցերում այլ մարդկանց ցուցադրած լավ կյանքը եւ փորձում կրկնօրինակել՝ տպավորություն ստեղծելով, թե մենք էլ ենք այդ լավ կյանքով ապրում եւ հրապարակելով մեր լավագույն նկարները»,-ասում է նա:

Սքոթ Բեան նշում է, որ սեփական անձի վրա չափից դուրս կենտրոնացումը կարող է վատ զգացողություններ առաջացնել: Եվ մենք ստիպված ենք հաղթահարել այդ զգացողությունները, երբեմն՝ ոչ այնքան առողջ կերպով:

«Երբ ինքնակենտրոնացումը հասնում է իր գագաթնակետին, մարդն սկսում է մտածել, որ իր հետ մի բան այն չէ, եւ առաջանում է մտահոգություն, տրամադրության անկում»:

Ի դեպ, որոշ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սելֆիները, որոնք արվում են մոտ հեռավորությունից, շատ մարդկանց դրդում են պլաստիկ միջամտությունների դիմել, միայն նրա համար, որպեսզի լուսանկարներում լավ տեսք ունենան:

Սքոթ Բեան նշում է, որ սոցցանցերում «առողջ կյանք» վարելու համար կարեւոր է ինքնակառավարումը: Սա չի նշանակում, թե պետք է ընդհանրապես դադարենք սելֆիներ հրապարակել, պարզապես պետք է չկորցնել չափի զգացողությունը:


Աղբյուրը՝  Clevelandclinic.org