Օրգանիզմի տարբեր ֆունկցիոնալ վիճակներում թոքային և հյուսվածքային գազափոխանակության հարմարեցումը հյուսվածքային շնչառության պահանջներին կատարվում է ոչ միայն թոքային օդափոխության, այլ նաև արյան հոսքի փոփոխության ճանապարհով։ Ուստի արյան հոսքի և շնչառության նյարդահումորալ կարգավորումները սերտորեն փոխկապակցված են։ Շնչառական կենտրոնի նեյրոնները գտնվում են աորտայի աղեղի ու կարոտիսյան ծոցի ճնշումընկալիչների հսկողության տակ։ Անոթային լարվածության բարձրացումն ու սրտի գործունեության ուժեղացումն ուղեկցվում են շնչառական գործունեության ուժեղացումով։ Օրինակ, ֆիզիկական աշխատանքի կամ հուզումների ժամանակ մեծանում է արյան րոպեական ծավալը մեծ և փոքր շրջանառություններում, բարձրանում է արյան ճնշումն ու թոքերի օդափոխությունը։
Իսկ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման դեպքում ապաճնշումային ռեֆլեքսներին զուգընթաց տեղի է ունենում նաև շնչառական կենտրոնի գործունեության թեթևակի ռեֆլեքսային ընկճում և համապատասխանաբար թոքերի օդափոխության փոքրացում։ Հակառակ արդյունք է նկատվում զարկերակային ճնշման իջեցման դեպքում, երբ թուլանում է ճնշումընկալիչների գրգռումը։ Այդ դեպքում թոքերի օդափոխությունը որոոշ չափով մեծանում է։ Շնչառության հաճախացում է նկատվում նաև փոքր արյան շրջանառության արյան ճնշման բարձրացման և ձախ նախասրտի ձգման դեպքում։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին