Ընկերքի ներզատիչ ֆունկցիաԸնկերքը մարդու և ըեկերքավոր կաթնասունների ժամանակավոր ներզատական գեղձ Է: Ընկերքում արտադրվող հորմոնային ակտիվ նյութերը անհրաժեշտ են հղիության պահպանման և պտղի զարգացման, ինչպես նաև մայրական օրգանիզմի տարբեր ֆունկցիաների ապահովման համար։ Մարդու և պրիմատների ընկերքն արտադրում է երկու խմբի հորմոններ` ստերեոիդային և սպիտակուցային։ Ստերեոիդային հորմոններին են պատկանում պրոգեստերոնն ու էստրոգենները։ Սակայն ընկերքի ստերեոիդ արտադրող ֆունկցիան ունի իր սպեցիֆիկ տարբերությունը հորմոնների սինթեզը ընկերքում իրականանում է մոր և պտղի օրգանիզմների հետ սերտ հպման պայմաններում։ Դա կապված է նախ՝ ընկերքում ստերեոիդ հորմոնների կենսասինթեզի բոլոր ֆերմենտների բացակայության, երկրորդ ստերեոիդային հորմոնների և նրանց նախորդների ու մետաբոլիտների մայրական օրգանիզմից դեպի ընկերք ու ընկերքից դեպի պտուղ և հակառակը թափանցելու ընդունակության հետ։ Պրոգեստերոնն ու պրեգնենալոնը, թեև սինթեզվում են ընկերքում, սակայն այնտեղ հետագա վերափոխումների չեն ենթարկվում, այլ արյան միջոցով փոխադրվում են մոր և պտղի օրգանիզմ։ Ընկերքում նրանց սինթեզվելու շնորհիվ է, որ հղիության երկրորդ կեսում կանանց արյան մեջ դիտվում է պրոգեստերոնի բարձր մակարդակ։

Ինչ վերաբերում է Էստրոգենների (հիմնականում էստրիոլի) կենսասինթեզին, ապա նրա սկզբնական էտապները կատարվում են պտղի օրգանիզմում, իսկ եզրափակիչը ընկերքում։ Պտղի և ընկերքի նման փոխհարաբերությունները հիմք են հանդիսացել հղիների պտղաընկերքային (ֆետոպլացենտար) համակարգը պատկերացնելու համար։ Ընկերքի սպիտակուցային հորմոններն են բավիկային գոնադոտրոպինը (ԹԳ), ընկերքային լակտոգեն հորմոնը (ԸԼՀ) և ռելաքսինը: ԹԳ-ը սկսում է արտադրվել բեղմնավորված ձվաբջջի ներպատվաստումից 24 ժամ անց և շարունակվում մինչև հղիության վերջը արյան մեջ առավելագույն քանակին հասնելով արդեն հղիության 7-12 շաբաթներում։ Հորմոնը ապահովում է պրոգեստերոնի սինթեզի խթանումը դեղին մարմնում հղիության սկզբում, ինչպես նաև էստրոգենների ստերեոիդային նախանյութերի առաջացումը պտղի մակերիկամներում։ ԸԼՀ-ը, որը կոչվում է նաև բավիկային սոմատոմամոտրոպին կամ թավիկային աճի պրոլակտին, իր կառուցվածքով մոտ է ադենոհիպոֆիզի սոմատոտրոպ հորմոնին։

Հորմոնը հղիության ընթացքում ազդում է հիմնականում նյութափոխանակության վրա, ուժեղացնում է մայրական օրգանիզմում սպիտակուցների և ճարպերի .անաբոլիզմը։ Ադենոհիպոֆիզի ՊՐԼ-ի նման ԸԼՀ-ը խըթանում է կաթնագեղձերի զարգացումը և նրանց նախապատրաստումը կաթնատվության։ Հորմոնը կարող է ընկերքի միջով թափանցել և ազդել պտղի օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսների վրա։ Վերջապես, ընկերքում արտադրվող ռելաքսինը օժտված է հղիության վերջում ցայլային հոդը փափկեցնելու, ինչպես նաև արգանդի վզիկի խողովակը բացելու և ծննդաբերական գործողությունը հեշտացնելու արտահայտված ընդունակությամբ։ Ռելաքսինի աննշան քանակներ արտադրվում են նաև ձվարաններում և էնդոմետրիումում, հատկապես, հղիության ժամանակ։ Բերված տվյալներն արտացոլում են պրիմատների ընկերքի հորմոնային ֆունկցիան։ Այլ կաթնասուների ընկերքը սինթեզում է միայն էստրոգեններ, իսկ պրոգեստերոն և ԹԳ չի սինթեզում։ Այսպիսով, ընկերքի հորմոնները սեռական գեղձերի հորմոնների հետ միասին ապահովում են օպտիմալ պայմաններ տեսակի բազմացման և պահպանման համար։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին