Ընդերա֊զգայական ռեֆլեքսներն ընդգրկում են այն ուղիները, որտեղ ի պատասխան ինքնավար զգայական նյարդաթելերի գրգռման, ռեակցիաներ են առաջանում ոչ միայն ներքին օրգաններում, մկանային համակարգում, այլ փոփոխվում է նաև մարմնական զգայությունը։ Ինքնավար  մարմնական նյարդավորման հատվածային կազմակերպման հետևանքով ներքին օրգանների հիվանդությունների ժամանակ մաշկի սահմանափակ հատվածներում առաջանում է շոշափական և ցավային զգայնության բարձրացում։ Այդ ցավերը կոչվում են արտացոլվող, իսկ մարզերը, որտեղ նրանք արտահայտվում են՝ Զախարին-Գեդի շրջաններ։ Դիտարկվող դեպքում ընդերային և մաշկային զգացող նյարդաթելերը համամիտվում են ողնուղեղ-տեսաթմբային ուղու նույն նեյրոնների վրա։ Միջանկյալ կայաններում տեղի է ունենում տեղեկատվության իմաստազրկում և կորուստ, որի հետևանքով գլխուղեղի կեղևում առաջացած գրգիռը վերագրվում է մաշկային շրջանի գրգռմանը։

Օրինակ, սրտամկանի թթվածնային քաղցի ժամանակ այսպես կոչված արտացոլվող ցավեր են առաջանում ուսային գոտու, թիակի մաշկի այն շրջաններում, որոնք զգայական հաղորդիչներ են ստանում ողնուղեղի նույն հատվածներից։ Որոշ վեգետատիվ ռեֆլեքսներ կիրառվում են գործնական բժշկության մեջ վեգետատիվ նյարդային համակարգի վիճակի մասին գաղափար կազմելու համար (վեգետատիվ ֆունկցիոնալ փորձանմուշ)։ Դրանցից են ակնասրտային կամ Աշներ-Դանինի ռեֆլեքսը, շնչառական-սրտային ռեֆլեքսը կամ, այսպես կոչված շնչառական առիթմությունը (սրտի կծկումների սակավացում արտաշնչման վերջում՝ հաջորդ ներշնչման սկզբում), ուղղակեցվածքային ռեակցիան (սրտի կծկումների հաճախացում և արյան ճնշման բարձրացում պառկած վիճակից կանգնման վիճակի անցնելու ժամանակ) և այլն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին