Ընդերաընդերային ռեֆլեքսներն ընդգրկում են ուղիներ, որտեղ գրգիռը ծագում և ավարտվում է ներքին օրգաններում։ Այդ գործընթացների իրականացման համար հիմք են հանդիսանում այն ռեֆլեքսային աղեղները, որոնք փակվում են ինքնավար նյարդային համակարգի նեյրոնների սահմաններում։ Այդ աղեղները կարող են լինել տարբեր մակարդակի, դրանց մի մասը փակվում է ներպատային հանգույցներում, այսինքն ապահովվում են մետասիմպաթիկական նյարդային համակարգի կողմից, մյուսները՝ նախաողնային հանգույցներում, երրորդները՝ ողնուղեղային հանգույցներում և ավելի վերադաս մակարդակների կառուցվածքներում։ Միջընդերքի պոչային հանգույցի տեղային ռեֆլեքսային աղեղի փակման օրինակ է առբերիչ նյարդաթելերի գրգռման ժամանակ հաստ աղու նյարդի հանգույցի հետհանգույցային բջջում հետսինապսային պոտենցիալի գրանցումը։ Այդ դեպքում ընկալչական դաշտ և էֆեկտոր է հանդիսանում հաստ աղու պատն ու ընդերա-ընդերային ռեֆլեքսը փակվում է նախաողնային պոչային միջընդերային հանգույցում։
Ընդերա-ընդերային ռեֆլեքսի դասական օրինակ է Հոլցի ռեֆլեքսը, որը ցույց է տալիս, թե ինչպես միջընդերքի մեխանիկական գրգռումն առաջացնում է սրտի կծկումների դանդաղում, որովայնի օրգանների գրգռումը՝ սրտի ռեֆլեքսային կանգ (Հոլցի ընդերա-ընդերային ռեֆլեքս), շնչառության ուժգնության, արյան ճնշման մակարդակի, սրտային կծկումների հաճախության փոփոխություններ, ինչպես նաև փայծաղի արյունալեցման փոփոխություններ, կապված աորտայում, աորտային ծոցում և թոքային անոթներում ճնշման բարձրացման կամ իջեցման հետ և այլն։
Աքսոն-ռեֆլեքս։ Ե.Մ. Սոկովինի հայտնաբերած իսկական տեղային ընդերա-ընդերային ռեֆլեքսի երևույթը, որն իրականացվում է պոչային միջընդերային համակարգի կողմից, առանց ԿՆՀ-ի մասնակցության, և իրենից ներկայացնում է գրգիռի տարածում զգացող նյարդաթելերից դեպի շարժիչ բջիջ, Ջ. Լենգլին անվանել է աքսոն-ռեֆլեքս, ենթադրելով, որ այն իրականացվում է աքսոնի ճյուղավորումներով, առանց բջջի մարմնի մասնակցության (կեղծ ռեֆլեքս)։ Այդ դեպքում գրգիռը կարծես թե ընթանալով աքսոնի մի ճյուղով, անցնում է մյուս ճյուղի վրա և նրանով արտատար ուղղությամբ հասնում էֆեկտոր օրգանին։ Հաստատված է, որ մաշկի ցավային ընկալիչներից սկսվող նյարդաթելերի գրգռման ժամանակ առաջանում է այդ նյարդաթելերով նյարդավորված շրջանի անոթների լայնացում ու կարմրում։ Քանի որ նույնատիպ արդյունք հնարավոր է ստանալ նաև ողնուղեղի հատումից կամ մաշկի հետազոտվող շրջանի անոթային հունը նյարդավորող սիմպաթիկ նյարդաթելերի լրիվ կազմափոխությունից հետո, ենթադրվում է, որ այդ անոթային ռեակցիայի հիմքում ընկած է աքսոն-ռեֆլեքսը։ Գոյություն ունի աքսոն-ռեֆլեքս հասկացության տակ միավորվող էֆեկտների այլ բացատրություն։ Ենթադրվում է, որ մաշկի ցավային ընկալիչների գրգռման ժամանակ դրանց թաղանթների կողմից տեղի է ունենում P-նյութի կամ ԱԵՖ-ի բնույթի կենսականորեն ակտիվ նյութերի արտազատում,որոնք օժտված են անոթալայնիչ ազդեցութամբ։ Իրականում այդպիսի նյութեր հայտնաբերվել են ընկալիչներում և զգացող նյարդաթելերում, որոնց խտությունը խիստ նվազում է նյարդաթելերի և ընկածների գրգռման դեպքում։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին