Վուլվովեստիբուլիտը (vulvovestibulitis) զարգանում է երկրորդայնորեն (իմունոդեֆհցիտով, հիպոէստրոգենային իրավիճակներով և այլ գործոններով մակածված էպիթելային ծածկի պաշտպանական-հարմարողական գործառույթների խախտման արդյունքում), իսկ վագինիտը կամ կոլպիտը (vaginitis, colpitis) առաջնայնորեն: Որպես օրենք, տեղագրական տարբեր միավորներ համակցված են ախտահարվում (համաժամանակ դիտարկվում են էնդոցերվիցիտի, օօֆորիտի երևույթներ և այլն):
Սուր (ենթասուր) դեպքերում դիտվում է արտաքին սեռական օրգանների մաշկի, հեշտոցի լորձաթաղանթի (սկզբում գործընթացը տեղակայվում է միայն հեշտոցի ստորին երրորդում) քոր, ցավ (հիպերալգեզիա), կոնքի շրջանում ծանրության զգացում (առավելապես coitus-ի, միզարձակման և դեֆեկացիայի ժամանակ): Փոքր, ապա և մեծ ամոթաշրթերի ներսային մակերեսը, ծլիկի շրջանը, առաջային և հետին կպումները դառնում են հիպերեմիկ և այտուցվում: Ախտահարվում են նախամուտքային գեղձերը, կրիպտաները, Սկինեի ելքերը: Առաջանում է անուսիտ և պրոկտիտ: Գործընթացն անցում է կատարում դեպի պերիանալ տարածություն:
Դիտվում է թարախային փրփրավուն (սա պարտադիր նշան չէ- TV-ին ավելի բնորոշ է ոչ թե գազագոյացումը, այլ թթվագոյացումը, ուստի առավելապես այրոցը), ջրիկանման արտադրություն (լեյկորեա) վատ հոտով (ի տարբերություն գոնորեայի), որը սխալմամբ որակվում է որպես ՄՎ, նաև պոլլակիուրիա(լատ. pollakiuria միզելու հաճախակի ցանկություն), դիզուրիա, ցիստալգիա, պսիխոսոմատիկ դիսպարեունիա (սեռական գրգռման և օրգազմի անկարողություն լատ. dys դժվարություն, pareunos նույն անկողնում պառկած- para մոտ և eune անկողին), արյունազեղումներ (հեմոռագիաներ): Հեշտոցի լորձաթաղանթին զարգանում են էրոզիվ-խոցային մակերեսներ, միանում է երկրորդային միկրոֆլորա: Շատ բնորոշ են վառ կարմիր գույնի, անկանոն բծերը (colpitis maculosa) և լորձաթաղանթի մակերևույթից փոքր ինչ բարձր հատիկավորումները (colpitis granulosa): Հեշտոցի հետին կամարների շրջանում թարախալորձային արտադրուկ է կուտակվում: Քսուքում էրիթրոցիտներ հայտնաբերելիս պետք է մտածել ոչ միայն գործընթացի սրացման, այլ նաև նեկրոզի և ուռուցքային կազմափոխության մասին: Խրոնիկ դեպքերում (բնորոշ է ՄՍՏ-ին) առաջանում է կանգային հիպերեմիա, դեղնասպիտակավուն, սակավ, պղտոր լորձային արտադրություն, շեքի և հարհետանցքային շրջանի մաշկի մացերացիա: Հիվանդն իր «անորոշ» գանգատներով միայն դժվարացնում է ախտորոշման գործընթացը:
Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն
Ս. Հ. Սուքիասյան, Ս. Մ. Մարգարյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին