Վնասվածքային շոկը հանդիսանում է մեխանիկական վնասվածքների ամենահաճախ և ցայտունորեն արտահայտվող հետևանքներից մեկը: Շոկ տերմինը առաջին անգամ առաջարկել է անգլիացի վիրաբուժ Լատտան 1795թ: "Շոկ" բառացիորեն նշանակում է "հարված": Մինչև օրս էլ գոյություն չունի շոկ հասկացության բավարար չափով տրված բնորոշում: Լոկ միայն շոկի տեսակների՝ հեմոռագիկ, վնասվածքային, այրվածքային, էնդոտոքսիկ, հետվիրահատական, կարդիոգեն, անաֆիլակտիկ, հեմոլիտիկ և այլն թվարկումը վկայում է այն մասին, որ այդ հասկացության տակ պետք է ընդունել օրգանիզմի հարաբերական ռեակցիան էքստրեմալ ներգործության հանդեպ:
Ծանր ախտահարումներով տուժածների մոտ շոկը հանդիպում է 5-10% դեպքերում: Շոկը օրգանիզմի յուրատեսակ և միանգամայն բարդ ռեակցիան է վնասվածքի հանդեպ և պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի անդրսահմանային արգելակումով, որը հանգեցնում է կենսականորեն կարևոր օրգանհամակարգերի (արյան շրջանառության, շնչառության, նյութափոխանակության, էնդոկրին համակարգի) ֆունկցիաների կտրուկ ընկճմանը:
Այդ խանգարումների շարքում կարևոր տեղ են գրավում անոթային և շնչառական սուր անբավարարությունը և նյութափոխանակության խորը խանգարումները: Վերջինների շարքում առանձնահատուկ կարևոր նշանակություն ունեն հիպօքսիան և մեթաբոլիկ ացիդոզը: Շոկի ժամանակ հիմնական տեղաշարժը հանդիսանում է շրջանառող արյան ծավալի զգալի նվազումը, հեմոդինամիկայի խանգարումները և ինտոքսիկացիան: Շոկի առաջացումը կախված է վնասվածքի ծանրությունից, հետևաբար և ցավային գրգիռների ուժից և տևողությունից, շոկի զարգացմանը նպաստող և ընթացքը ծանրացնող գործոնների (սառեցում, արյան կորուստ, հոգնածություն և այլն) առկայությունից և դրանց ներգործության աստիճանից, վիրավորման տեղից (շոկոգեն գոտիներ):
Շոկի ծագման մեխանիզմը բավականին բարդ է և վերջնականապես պարզաբանված չէ: Վնասվածքային շոկի ժամանակ առավել հստակորեն արտահայտված փոփոխությունները զարգանում են արյան շրջանառության համակարգում, որոնք հանդիսանում են ծանր հիպօքսիայի գլխավոր պատճառը: Վերջինս հանդիսանում է շոկի ախտածագման մեխանիզմի հիմնական օղակը: "Միկրո-ցիրկուլյացիայի ճգնաժամը" սխեմատիկորեն ունի հետևյալ տեսքը՝ վնասվածքային շոկի կոմպենսացիայի փուլում սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսը կտրուկ բարձրանում է, ինչը հանգեցնում է անոթների կծկանքի ուժեղացանը:
Բացի դրանից, ի պատասխան վնասվածքին տեղի է ունենում անոթասեղմիչ նյութերի (ադրենալին, նորադրենալին և այլն) արտազատում: Այդ պրոցեսը իր հերթին առաջացնում է արյան շրջանառության կենտրոնացում: Դա շոկի կոմպենսացիայի փուլում կրում է պաշտպանողական բնույթ: Այդ փուլում ի հաշիվ մկանների, մաշկի և մի շարք ներքին օրգանների արյունալցման նվազեցմանը բարելավվում է ուղեղի և սրտի արյան մատակարարումը: Իշեմիայի ենթարկված հյուսվածքներում առաջացած հիպօքսիայի հետևանքով կուտակվում են նյութափոխանակության խանգարման միջանկյալ նյութեր, որոնք բերում են անոթների լայնացման:
Ոչ ծանր վնասվածքի ժամանակ բուժման ցավազրկում, տրանսֆուզիոն բուժում, արյունահոսության դադարեցում, արդյունավետության դեպքում անոթների կծկանքը կարող է վերանալ, իսկ հիստամինային նյութերի քանակը չհասնել վտանգավոր մակարդակի: Անբարենպաստ պայմաններում հյուսվածքների սակավարյունության խորացմանը զուգընթաց կուտակվում և արյան հունի մեջ են անցնում այնպիսի նյութեր, որոնք բերում են զարկերակների լայնացմանը այն դեպքում, երբ մանր երակների կծկանքը դեռևս պահպանվում է: Դա հանգեցնում է մազանոթների, հատկապես մկանների և մաշկի արյունալցմանը (արյան դեպոացմանը):
Առանձին դեպքերում այդ հյուսվածներում տեղի է ունենում արյան այն աստիճանի դեպոացում, որ դրանց անոթային հունը կարող է տեղավորել շրջանառող արյանը գերազանցող քանակություն: Այդ երևույթներն առաջին հերթին հանգեցնում են զարկերակային ճնշման անկմանը: Զգալիորեն նվազում է երիկամների, լյարդի, աղիների անոթներում արյան հոսքը: Աղիներում արյան հոսքի նվազումը իջեցնում է մանրէների և տոքսինների անցման արգելապատնեշը, ինչը հանգեցնում է օրգանիզմի ինտոքսիկացիային և իր հերթին խորացնում վնասվածքային շոկը:
Բացի վնասվածքի շրջանից եկող ցավային ազդակներից, մեծ նշանակություն ունի նաև հուզական սթրեսը, գազափոխանակության խանգարումը, ինտոքսիկացիան և հատկապես արյան կորուստը. I աստիճանի շոկի ժամանակ արյան կորուստը կազմում է մոտ 0,5 լ, II աստիճանի ժամանակ՝ մոտ 1 լ, III աստիճանի ժամանակ՝ մոտ 1,5 լ: Շոկի ժամանակ տեղի ունեցող հեմոդինամիկայի խանգարումները չեն բացատրվում միային արյան կորստով: Կարևոր դեր են խաղում անոթների դիստոնիան, արյան շրջանառության կենտրոնացումը և միկրոցիրկուլյացիայի խանգարումները: Շոկի վաղ շրջանում այդ փոփոխությունները ծագում են վնասվածքի նկատմամբ օրգանիզմի նեյրոհումորալ ռեակցիայով, իսկ հետագայում խորանում են հյուսվածքային փոխանակության խանգարման և ոչ լրիվ մեթաբոլիզմի հետևանքով գոյացած նյութերի կուտակմամբ:
Շոկի ծանրության աստիճանին զուգընթաց՝ ընկնում է արյան հարաբերական խտությունը և տպիտների պարունակությունը շիճուկում, պլազմայում մեծանում է հեղուկի պարունակությունը, ինչը վկայում է հեմոդիլյուցիայի առկայության մասին: Դա կարող է հանգեցնել արյան «շնչառական» ֆունկցիայի լուրջ խանգարումներին: Շոկի ժամանակ նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարումները ցայտունորեն են արտահայտված լինում: Դրանք բխում են ցավի նկատմամբ ռեակցիայից զուգակցված հուզանյարդային համապատասխան ցնցման հետ: Վնասվածքի հանդեպ հիմնական սոմատիկ ռեակցիաների ձևավորում տեղի է ունենում գլխուղեղի ենթակեղևային հատվածում (ցանցավոր գոյացությունում):
Հիպոտոնիան և հիպօքսիան հանգեցնում են թթվածնային քաղցի նկատ-մամբ շատ զգայուն նյարդային համակարգի ֆունկցիաների աճող խանգարումներին: Դա իր հերթին հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգում անդարձելի փոփոխությունների զարգացմանը: Վնասվածքային շոկի ժամանակ նյութափոխանակության խանգարումներին մեծ տեղ է հատկացվում: Այդ խանգարումների շարքին է պատկանում մեթաբոլիկ սպիդոզը, որը նկատվում է բոլոր տեսակի վնասվածքների ժամանակ:
I Թեթև շոկ. ախտահարվածի ընդհանուր վիճակը բավարար կամ միջին ծանրության, զարկերակային ճնշումը 100/60 մմ. սյուն, պուլսը 1 րոպեում 100 զարկ, թեթև արգելակում, տեսանելի լորձաթաղանթների և մաշկի գունատություն:
II Միջին ծանրության շոկ. ընդհանուր վիճակը ծանր, զարկերակային ճնշումը 80/50 մմ. սյուն, պուլսը 120 զարկ/րոպ., գունատություն, արգելակում, ցածր ձայն, մաշկը սառը, կպչուն քրտինք, շնչառու-թյունը արագացած:
III Ծանր շոկ. վիճակը ծայրախեղ ծանր, զարկերակային ճնշումը 80մմ. սյունից ցածր, պուլսը 140-150 զարկ/րոպ., թելանման, գունատություն, խորացած արգելակում, ձայնը խռպոտ, շնչառությունը արագացած, մակերեսային հիպոթերմիա:
IV Տերմինալ (սահմանային) վիճակ. կոլապս, նախահոգեվարքային և հոգեվարքային վիճակ, գիտակցությունը մթագնած, շնչառությունը մակերեսային, պուլսը չի շոշափվում, ակրոցիանոզ, ցնցումներ, ռեֆլեքսները բացակայում են, սահմանային վիճակ՝ մահացման դարձելի պրոցես:
Առաջին բուժօգնություն և մինչբժշկական օգնություն.
Ինքնօգնության և հատկապես, փոխադարձ օգնության կարգով պետք է իրականացվեն հակաշոկային և վերակենդանացման հետևյալ միջոցառումները՝
-արտաքին արյունահոսության դադարեցում, տուժածի պարանոցի և կրծքավանդակի ազատում ճնշող հագուստից
- շնչառական ուղիների մաքրում և անցանելիության վերականգնում, լեզվի ֆիքսացիա, բերանի խոռոչից փսխման զանգվածների, արյան հեղուկի հեռացում և այլն (նկ. - Լորձի և օտարածին պարունակության հեռացումը բերանի խոռոչից և ըմպանից)- շնչառության կանգի դեպքում տուժածին շրջում են մեջքի վրա, գլուխը թե-քում հետ, ստորին ծնոտը տանում առաջ և կատարում թոքերի արհեստական օդափոխում բերանից բերան, կամ բերանից քիթ եղանակներով (նկ. - Թոքերի արհեստական օդափոխում)
ա. - բերան բերան
բ. - բերան քիթ
գ. - բերան բերան և քիթ
դ. - S–ձև խողովակի միջոցով
-կրծքավանդակի վերքի վրա հերմետիկ (օկլյուցիոն) վիրակապի դնում
- ցավային համախտանիշը նվազեցնելու նպատակով ներարկում են ցավազրկող դեղամիջոցներ
- ստամոքսի պարունակության, արյան, լորձի ասպիրացիայի կանխարգելման համար անգիտակից վիճակում գտնվող տուժածներին աղետի գոտուց դուրս են բերում որովայնի վրա պառկած և գլուխը դեպի կողք թեքած վիճակում:
Նշված միջոցառումներից բացի պետք է իրագործվեն հակաշոկային հետևյալ միջոցառումները՝ արյունահոսության դադարեցում ռետինե լարանի օգնությամբ, S-ձև խողովակի կիրառում (Նկ. – Մեխանիկական շնչառության կանխարգելումը S-ձև խողովակի օգնությամբ): Առանձին դեպքերում սրտի կանգի դեպքում կիրառում են սրտի փակ (արտաքին) մերսում (Նկ. – Սրտի անուղղակի (փակ) մերսում:
Մեկ (ա) և երկու (բ) անձով իրականացվող սիրտթոքային վերակենդանացում): Տարվում են նաև հետևյալ հակաշոկային միձոցառումները՝ տրանսպորտային անշարժեցում բեկակալներով, նախապես դրված լարանի կամ վիրակապի ուղղում, սրտային և շնչառական պատրաստուկների ներմուծում, թոքերի արհեստական շնչառության իրագործում:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին