Վերին շնչառական ուղիների ընկալիչների դերը շնչառական կենտրոնում
Վերին շնչառական ուղիների ընկալիչների խթանումը նույնպես ազդեցություն է թողնում շնչառական կենտրոնի գործունեության վրա։ Քթի լորձաթաղանթի ընկալիչներից (չհաշված հոտառական ընկալիչները) ներշնչվող օդի հոսքով առավելապես գրգռվում են սառի ընկալիչները։ Քթի լորձաթաղանթի ընկալիչներից գնացող ազդակները եռվորյակ նյարդի աֆերենտ նյարդաթելերով հասնում են երկարավուն ուղեղի պարասիմպաթիկ կենտրոններին, որի արդյունքում տեղի է ունենում քթի լորձաթաղանթի անոթների լայնացում ռեֆլեքսային ճանապարհով, իսկ շնչառական կենտրոնի գործունեության վրա այդ ազդակները թողնում են թույլ արգելակող ազդեցություն։ Մեխանաընկալիչները քիչ չափով են գրգռվում։ Հոտառական ընկալիչների վրա ուժեղ գրգռիչ ազդեցություն ունցող ծխի, բուրավետ նյութերի, գազերի մասնիկների հետ խառնված օդի ներշնչումը առաջացնում է շնչառության ռեֆլեքսային դանդաղեցում և նույնիսկ դադար։ Շնչառության ռեֆլեքսային դադար կարող է առաջանալ նաև քթի ստորին անցուղիների վրա ջրի թողած ազդեցությունից (սուզվողների ռեֆլեքս), որը կանխարգելում է ջրի թափանցումը շնչառական ուղիներ։
Շնչառությունն արգելակվում է նաև կլման ակտի ժամանակ՝ շնչառական ուղիները պաշտպանելով սննդի մասնիկների թափանցումից։ Վերին շնչառական ուղիների ընկալիչների մեխանիկական և քիմիական գրգռումն առաջացնում է պաշտպանական ռեֆլեքսներ (հազ, փռշտոց)։ Պաշտպանական ռեֆլեքսներ են առաջացնում նաև վերին շնչառական ուղիների մեջ օտար մարմնի կամ քիմիական գրգռիչների թափանցելու դեպքում, ինչպես նան լորձի կուտակման հետևանքով։ Այդ ռակցիաներն իրականանում են մի շարք գանգուղեղային նյարդերով (վերին ըմպանային, լեզվաըմպանային, եռվորյակ և այլն) վերընթացող ազդակների միջնորդությամբ։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին