Կլինիկական պրակտիկայում կարևոր է ոչ միայն սրտամկանի պոտենցիալների տարբերությունների, այսինքն ԷՍԳ-ի ատամիկների ամպլիտուդների մեծությունների, այլ նաև սրտի էլեկտրական առանցքի ուղղության փոփոխությունների գրանցումը։ Սրտամկանի պոտենցիալների մեծության և էլեկտրական առանցքի ուղղության միաժամանակյա գրանցումը կոչվում է վեկտորաէլեկտրասրտագրություն (ՎԷՍԳ)։
Ենթադրվում է, որ ՎԷՍԳ-ն համեմատած ԷՍԳ-ի հետ առավել ինֆորմատիվ մեթոդ է։ Սակայն վերլուծության դժվարությունների պատճառով ՎԷՍԳ լայն գործնական կիրառում չգտավ։