Վեգետատիվ սինապսներԻնքնավար նյարդային համակարգի մեջ գոյություն ունի սինապսային հաղորդման երեք տեսակ՝ էլեկտրական, քիմիական և խառը։ էլեկտրական սինապսները գլխավորապես տեղադրվում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է գրգիռի հաղորդման մեծ արագություն (օրինակ, թռչունների թարթչային հանգույցը)։ Նրանց մեջ սինապսային ուշացում չի լինում և էլեկտրական ազդանշանը մեծ մասամբ ընթանում է երկու ուղղություններով։ Քիմիական սինապսներից էլեկտրականները տարբերվում են թաղանթների պիրկ հպումով։ Հպման տեղում սինապսային նեղացված ճեղքը ծածկված է անցուղիներով, որոնք իոններին հնարավորություն են տալիս արագ տեղափոխվելու բջիջների միջև։ Նախա– և հետսինապսային գոյացություններում հաճախ հանդիպում են սինապսային բշտեր, որոնք միաժամանակ կարող են գտնվել երկու կառույցներում էլ։ Ենթադրվում է, որ նրանք տեղավւոխում են սննդարար նյութեր։

Գոյություն ունեն նաև խառը սինապսներ (օրինակ, հավի ճտի թարթչային հանգույցի բաժակաձև վերջույթները), որոնց մեջ էլեկտրական հպումը զբաղեցնում է սինապսի մակերեսի միայն մի մասը, իսկ մնացածը, ըստ կառուցվածքային ցուցանիշների և գործառական հատկությունների, իրենից ներկայացնում է սովորական քիմիական սինապս։ Քիմիական հաղորդականությամբ օժտված սինապսները բնութագրվում են մի շարք մորֆոլոգիական առանձնահատկություններով։ Այդ առանձնահատկություններն ու քիմիական հաղորդման մեխանիզմներն ինքնավար նյարդային համակարգում սկզբունքորեն նույնն են, ինչ որ նյարդամկանային ծայրամասային թիթեղում։ Սակայն ինքնավար նյարդային համակարգում նախա– և հետսինապսային կառուցվածքները բավականին տարատեսակ են։ Դրանք նեյրոններ, հարթ մկանային, գեղձային և սրտամկանային բջիջներ են։

Գոյություն ունի վեգետատիվ սինապսների երկու տեսակ՝ ևախահանգուցային սինապսներ, որոնք կազմավորվում են վեգետատիվ հանգույցների վրա վեգետատիվ կենտրոնների նախահանգուցային ու ներդիր նեյրոնների նյարդային վերջույթներով, և հետհանգուցայիև կամ ծայրամասային սինապսներ, որոնք կազմավորվում են էֆեկտորի վրա հետհանգուցային նեյրոնների նյարդային վերջույթներով։
Վեգետատիվ հանգոյցներում նեյրոնների թիվը շատ մեծ է և 2-30 անգամ գերազանցում է հանգույց մուտք գործող նախահանգուցային աքսոնների թվին։ Ուստի յուրաքանչյուր նախահանգուցային նյարդաթել ճյուղավորվելով սինապսներ է կազմավորում հանգույցի մի քանի նեյրոնների վրա։ Միաժամանակ, հանգույցի յուրաքանչյուր նեյրոնի վրա գոյություն ունեն տարբեր նախահանգուցային նյարդաթելերով կազմավորված սինապսներ։ Այդ առանձնահատկությունները հանգուցային նեյրոններին տալիս են գրգիռների տարածական և ժամանակային գումարման բարձր հնարավորություն։ Նախահանգուցային սինապսները տարբերվում են երեք առանձնահատկություններով. 1) սինապսային հաղորդման նշանակալի ուշացումով, որը մոտ 5 անգամ ավելի երկարատև է, համեմատած կենտրոնական սինապսների հետ, 2) ԴՀՍՊ-ի էականապես մեծ տևողությամբ, 3) հանգույցի նեյրոնների արտահայտված և տևական հետքային գերբևեռացման առկայությամբ։ Շնորհիվ այդ առանձնահատկությունների նախահանգուցային սինապսներն օժտված են ոչ մեծ լաբիլությամբ (շարժունակությամբ) և ապահովում են գրգիռների ռիթմի փոխակերպումը, եթե հետհանգուցային նյարդաթելերում ազդակների հաճախությունը մեկ վայրկյանում չի անցնում 15 տատանումից։

Հետհանգուցային կամ ծայրամասային սինապսներում տարբեր հարթմկանային օրգանների ինքնավար նյարդավորման խտությունը տատանվում է լայն սահմաններում։ Հարուստ նյարդավորում ունեցող օրգանների վրա գոյություն ունեն ուղիղ նյարդամկանային միացումներ, որտեղ աքսոնի լայնացման և հարթ մկանային բջջի թաղանթի միջև եղած տարածությունը ընդամենը մոտ 20 նմ է։ Այդպիսի օրգանների թվին են պատկանում սերմնատար խողովակն ու թարթչային մկանը։ Այստեղ հարթ մկանային բջիջներն ամբողջությամբ ենթարկվում են նյարդային հսկողության, և արյան կատեխոլամինները դրանց վրա չեն ազդում։ Իսկ արյունատար անոթների մեծ մասի ադրէներգիկական նյարդավորումն ընդգրկում է միայն արտաքին թաղանթը և մասամբ միջին թաղանթի նեղ հատվածը։ Հետևաբար, աքսոնի լայնացման և հարթ մկանաթելերի միջև եղած տարածությունը 80 նմ-ից ավելի է։ Այդպիսի կազմավորման հետևանքով անոթների հարթ մկանի վրա նշանակալի ազդեցություն են ունենում արյան կատեխոլամինները, որոնք հեշտությամբ թափանցում են ներսաշերտի (ինտիմա) միջով։

Գրգիռի քիմիական հաղորդմամբ սինապսային ապարատների գործունեության օրինաչափությունները ձևավորվել են դեռ վաղուց։ Առաջին սկզբունքն այն է, որ նեյրոնն իր բոլոր ելուստներով արտազատում է նույն միջնորդանյութը (Դեյլի սկզբունք)։ Երկրորդ սկզբունքի համաձայն նեյրոնի կամ էֆեկտորի վրա յուրաքանչյուր միջնորդանյութի ազդեցությունը բնորոշվում է հետսինապսային թաղանթի ընկալիչների բնույթով։ Դեյլի սկզբունքի համաձայն, յուրաքանչյուր նեյրոն իր առանձնահատուկ տեղեկատվության հաղորդման համար օգտագործում է միայն մեկ միջնորդանյութ։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, հիմնականի հետ միասին, այդ նեյրոնում կարող են գտնվել նաև այլ հաղորդիչներ ու նրանց սինթեզին մասնակցող նյութեր։
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին