վեգետատիվ նյարդային համակարգԴեռևս ֆրանսիացի ֆիզիոլոգ Մ. Բիշայի ժամանակներից (19-րդ դարի սկիզբ) օրգանիզմի ֆունկցիաները բաժանում են երկու խմբի՝ կենդանական (անիմալ կամ սոմատիկ) և վեգետատիվ (բուսական, ընդերային)։ Անիմալ կամ սոմատիկ ֆունկցիաներին են պատկանում կմախքային մկանների շարժողական ռեակցիաները և արտաքին գրգռիչների ընկալումը։ Վեգետատիվ կամ ընդերային են համարվում այն ֆունկցիաները, որոնցից կախված է ամբողջական օրգանիզմի նյութափոխանակությունը (մարսողություն, արյան շրջանառություն, շնչառություն, արտազատում և այլն), ինչպես նաև աճն ու բազմացումը։

Ավելի ուշ ֆրանսիացի հայտնի ֆիզիոլոգ Բերնարդը վեգետատիվ նյարդային համակարգն անվանեց կամքից անկախ (ոչ կամայական) նյարդավորմամբ համակարգ,, դրանով նշելով, որ, ի տարբերություն կամայականի, որը գիտակցորեն կարգավորվող սոմատիկ համակարգ է, վեգետատիվ նյարդային համակարգը գիտակցության անմիջական հսկողության տակ չի գտնվում։ Ելնելով այդ հատկանիշից, անգլիացի ֆիզիոլոգ Հասկելը նշել է օրգանիզմում երկու տեսակ մկանային հյուսվածքի առկայության մասին, որոնք համապատասխանաբար ենթարկվում են կամայական և ոչ կամայական կարգավորմանը։ Հասկելը, բացի դրանից, ցույց է տվել, որ գոյություն ունեն յուրատեսակ քիմիական զգայնության մկաններ, որոնք նյարդավորվում են ոչ կամային նյարդային համակարգի կողմից՝ նրանցից մի մասը ադրենալինի, մյուսը՝ ացետիլխոլինի նկատմամբ պատասխանում է կծկումով։

Շուտով Հասկելի հայրենակից Ջ. Լեեգլին կամայական և ոչ կամայական նյարդավորման կառուցվածքում հայտնաբերեց ես մեկ տարբերություն։ Նա ցույց տվեց, որ կամայական (սոմատիկ) նյարդավորումն իրականացվում է մեկ նեյրոնային ճանապարհով, և որ նյարդային բջջի մարմինը գտնվում է ԿՆՀ-ում, իսկ նրա ելուստը, տեղադրվելով ծայրամասում, հասնում է մինչև կատարողական օրգանը (կմախքային մկանները)։ Ոչ կամայական (վեգետատիվ) նյարդավորման ճանապարհը ներկայացված է երկու նեյրոններով, որոնցից առաջինը, գտնվում է ԿՆՀ-ում, երկրորդը՝ ծայրամասային հանգույցում։ Նյարդային համակարգի այդ ոչ կամայական մասը Լենգլին անվանել է ինքնավար նյարդային համակարգ, դրանով իսկ ընդգծելով ԿՆՀ-ից նրա առավել մեծ չափով անկախ լինելը։ Դեղաբանական և ֆիզիոլոգիական տվյալների հիման վրա վեգետատիվ նյարդային համակարգի անատոմիական խմբավորման ժամանակ Լենգլին սկսել է կիրառել սիմպաթիկ և պարսաիմպաթիկ տերմինները, և այդ դասակարգումը կիրառվում է առ այսօր։ Վեգետատիվ նյարդային հա¬ակարգի այդ երկու բաժինների կենտրոնները տեղադրված եե ԿՆՀ-ի տարբեր մակարդակներում։ Սիմպաթիկ նյարդաթելերը սկսվում են ողնուղեղի կրծքային և վերին երեք-չորս գոտկային հատվածներից (կրծքագոտկային համակարգ)։ Պարսաիմպաթիկ նյարդաթելերը սկսվում են ուղեղի բնից և ողնուղեղի սրբանային հատվածներից (գանգասրբանային համակարգ)։ Աղիքի պատի նյարդային հյուսակները Լենգլին անվանել է առանձին՝ որպես աղիքային (էնտերալ)։

Համաձայն ներկայումս գործող միջազգային անատոմիական անվանացուցակի, ինքնավար տերմինն այժմ փոխարինում է նախկինում գոյություն ունեցած վեգետատիվ կամ ընդերային կամ որովայնային և ուրիշ անվանումներին։ Ինքնավար նյարդային համակարգ հասկացության մեջ ընդգրկվում է կենտրոնական և ծայրամասային բջջային կառույցների համալիր, որոեց գլխավոր դերը տարբեր ազդեցությունների պայմաններում օրգանիզմի ներքին միջավայրի կամ հոմեոստազի պահպանումն է։

Սակայն ինքնավար նյարդային համակարգ անվանումը չի կարելի դիտել որպես օրգանիզմի արտաքին գործունեությունից անկախ ներքին օրգաններում առաջացած ինքնուրույն ռեակցիաների բացարձակ ցուցանիշ։ Ներքին օրգանների գործունեության կարգավորումը տեղի չի ունենում մեկուսացված ու օրգանիզմի արտաքին գործունեությունից անկախ։ Գրգռիչը, որն առաջացնում է ռեֆլեքսային շարժումներ, միաժամանակ ակտիվացնում է նրանց էներգետիկ ապահովման վեգետատիվ ռեակցիաները։ Այսպես, ֆիզիկական լարվածության ժամանակ սրտի կծկումների հաճախացումը արտացոլում է կմախքային մկանների ուժեղացված արյունամատակարարման պահանջարկը։ Այսպիսով, ինքնավար նյարդային համակարգ հասկացությունը խիստ պայմանական է։

Ի.Պ. Պավլովի ժամանակներից հայտնի է, որ անտարբեր (պայմանական) գրգռիչը կենսականորեն նշանակություն ունեցողի (ոչ պայմանական) հետ զուգակցման դեպքում առաջին հերթին սկսում է փոփոխություններ առաջացնել վեգետատիվ էֆեկտորեերի ֆունկցիաներում (սրտի, վեգետատիվ նյարդային համակարգհարթ մկանային օրգանների, գեղձերի)։ Կ.Մ. Բիկովի և աշխատակիցների բազմաթիվ փորձերում ապացուցված է բոլոր ներքին օրգանների պայմանական ռեֆլեքսային (կեղևային) կարգավորումը։ Ուղեղի մեծ կիսագնդերի կեղևը կարգավորում է վեգետատիվ նյարդային համակարգով նյարդավորվող բոլոր ներքին օրգանների գործունեությունը։ Վեգետատիվ ֆունկցիաների կեղևային հսկողության մեխանիզմների բազմամյա ու մանրակրկիտ ուսումնասիրությունները թույլ են տվել Վ.Ն. Չեռնիգովսկուն ստեղծել առբերիչ ընդերային (վիսցերալ) համակարգերի կենտրոնական ներկայացուցչության համարյա լրիվ քարտեզը։

Երկար ժամանակ ընդունված էր, որ վեգետատիվ նյարդային համակարգը ընդունակ է սովորեցման` խիստ սահմանափակ բնույթով։ Սակայն գործիքային պայմանական ռեֆլեքսի (2-րդ կարգի, օպերանտ պայմանական ռեֆլեքս, պայմանական ռեֆլեքս) մեթոդի ներդրումից հետո, որի դեպքում ամրացվում է որևէ վարքային ռեակցիա, պարզվել է,որ նույնիսկ վեգետատիվ նյարդային համակարգի մակարդակում հնարավոր է սովորեցման առավել բարդ գործընթացների իրականացումը։ Մարդու վեգետատիվ ֆունկցիաների կառավարման հնարավորության մասին գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ օպերանտ պայմանական ռեֆլեքսների մեթոդի կիրառմամբ։ Այսպես, եթե փորձարկվողին հնարավորություն ընձեռվի տեսողական կամ լսողական ազդանշանների օգնությամբ հետևելու սեփական սրտի ռիթմին, պահանջվող ուղղությամբ ռիթմի ոչ մեծ փոփոխությունները կարող են ամրացնող դեր ունենալ և դրդել այն ավելի մեծ չափով փոխելու փորձումները։ Կենսաբանական հետադարձ կապի այդ մեթոդը թերապևտների տեսանկյունով խիստ հեռանկարային է, քանի որ դրա օգնությամբ հնարավոր կլինի ազդել օրգանիզմի խախտված ֆունկցիաների վրա առանց դեղորայքի օգտագործման։ Այդպիսի մեթոդը տվել է դրական արդյունքներ մտավոր հոգնածության հետ կապված ռիթմի խանգարումների, գլխացավի, ինչպես նաև միգրենի և անքնության բուժման ժամանակ (նույն ձևով կարելի է փոխել էլեկտրաուղեղագրի ռիթմը)։

Նկատի ունենալով ինքնավար նյարդային համակարգի գործունեության կառավարելիության հնարավորությանը նվիրված բոլոր տվյալներն, այժմ լայն կերպով օգտագործվում են ինչպես ինքնավար, այնպես էլ վեգետատիվ նյարդային համակարգ տերմինները։ Օրգանիզմում վեգետատիվ նյարդային համակարգի հատուկ դերը հիմնավորել է ԼԱ. Օրբելին։ Նրա դպրոցի ստացած տվյալները ցույց են տվել, որ վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ բաժինն առանց բացառության ազդեցություն է թողնում բոլոր օրգանների և հյուսվածքների ֆունկցիոնալ վիճակի վրա, այդ թվում նաև ԿՆՀ-ի բաժինների։ Այսպիսով ձևավորվել է սիմպաթիկ նյարդային համակարգի գործունեության նոր տեսակետ, կապված նրա ազդեցության ադապտացիոն-սնուցող բնույթի հետ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին