Վեգետատիվ կենտրոնների լարվածությունՍիմպաթիկ և պարասիմպաթիկ մեծ թվով արտատար նյարդաթելեր, ինչպես նաև մետասիմպաթիկ նյարդային համակարգի արտատար բջիջներ, գտնվում են ինքնածին ակտիվության, անընդմեջ դրդված վիճակում, որը ստացել է լարվածություև (տոնուս) անվանումը։ Այդ լարվածությունը կարևոր նշանակություն ունի ներքին օրգանների ֆունկցիաների կարգավորման գործում։ Շնորհիվ վեգետատիվ կենտրոնների լարվածության, դրանց կողմից նյարդավորվող օրգանները նրանցից անընդմեջ ստանում են դրդող կամ արգելակող ազդակներ։ Այսպես, օրինակ, շան պարանոցի շրջանում զույգ թափառող նյարդերի հատումը հանգեցնում է սրտի կծկումների հաճախականության ավելացման, քանի որ այդ դեպքում դադարում են լարումային ակտիվության մեջ գտնվող թափառող նյարդերի կորիզների կողմից սրտի վրա անընդհատ ներգործող արգելակող ազդեցությունները։ ճագարի պարանոցի հատվածում սիմպաթիկ նյարդի միակողմանի հատումն առաջացնում է նույն կողմի ականջի անոթների լայնացում, քանի որ դրանք զրկվում են անոթասեղմիչ լարումային ազդեցությունից։ Հատված նյարդի ծայրամասային հատվածի գրգռումը 1-2 ազդակ/վրկ հաճախությամբ հանգեցնում է սրտի կծկումների այն ռիթմի վերականգնմանը, որը առկա էր մինչ, թափառող նյարդերի հատումը,, կամ ականջի անոթների նեղացման այն մակարդակին, որը գոյություն ուներ սիմպաթիկական նյարդի հատումից առաջ։ Անոթասեղմիչ նյարդերի լարվածության շնորհիվ անոթների հարթ մկանները որոշակի կծկված վիճակում են գտնվում։ Այդ կծկվածության աստիճանից է կախված անոթների ընդլայնական կտրվածքը, հետևաբար, նաև դրանց հիդրոդինամիկական դիմադրությունը։ Անոթասեղմիչ նյարդերի լարվածության փոփոխությունները կարող են հանգեցնել օրգանի միջով արյան հոսքի ավելացման կամ դանդաղեցման, համեմատած հանգստի մակարդակի հետ։ Այսպիսով, նույն հետհանգռւցային նեյրոններն անոթի լուսանցքի վրա կարող են թողնել տարբեր ուղղվածության ազդեցություն։ Անոթասեղմիչ նյարդերի լարվածության դեղորայքային կամ վիրահատական մեկուսացումից հետո զարկերակային հունի ծայրամասային դիմադրության մեծության վրա շարունակում են ազդել միայն անոթների հարթ մկանների ինքնածին կծկումները (հիմքային մկանածին լարվածություն) և արյան կատեխոլամինները (նորադրենալին և ադրենալին)։

Ծայրամասային վեգետատիվ նեյրոնների հանգստի լարվածությունը կարելի է չափել կամ անուղղակի մեթոդներով (օրինակ, էֆեկտոր օրգանի ռեակցիայի գնահատման կամ վեգետատիվ նյարդերի էլեկտրական գրգռման միջոցով), կամ նախա և հետհանգուցային նեյրոնների ակտիվության անմիջական գրանցման ճանապարհով։ Լարումային ազդակային ակտիվության մեծությունը տատանվում է 0,1 Հցփց մինչև 5 Հց-ի սահմաններում։ Մաշկային և մկանային անոթներում այն, հավանաբար, կազմում է մոտ 2 Հց։ Հավանաբար վեգետատիվ նյարդերի լարումային ակտիվության մակարդակը համապատասխանում է հարթ մկանների ֆիզիոլոգիական հատկություններին։ Քանի որ այդ մկանների կծկումը բնութագրվում է տևողությամբ, դանդաղ աճով և թուլացումով, ապա վեգետատիվ նյարդերի ցածր հաճախությամբ լարումային ազդակայնությունը հանգեցնում է հարթ մկանային կառուցվածքների մշտական ոչ մեծ կծկման (լարվածության)։

Սիմպաթիկ նյարդային համակարգի լարումային ազդեցությունները, այնպես, ինչպես և թափառող նյարդինը, մանրակրկիտ ուսումնասիրվել են սրտի վրա կատարված հետազոտություններում։ Սիմպաթիկ լարվածության գերկայունությունը սովորաբար գնահատվում է այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսին են սրտի հաճախացած ռիթմը, ատրոպինացման ժամանակ նրա աննշան փոփոխությունները, ակնասրտային և ծոցկարոտինային ռեֆլեքսների թույլ արտահայտվածությունը։ Սիմպաթիկ նյարդային համակարգին է պատկանում ընդհանուր անոթային լարվածության ստեղծման առաջավոր դերը։ Կապված անոթաշարժ կենտրոնների լարվածության և հյուսվածքային հեղուկում թթու մետաբոլիտների առկայության հետ սիմպաթիկական նյարդաթելերը, որոնք նյարդավորում են մանր և միջին տրամագծի անոթները, արյան հոսքը հարմարեցնում են օրգանիզմի տեղային և ընդհանուր պահանջներին։ Այն դեպքում, երբ համակարգային ճնշման մեջ նկատվում է անկման միտում, անմիջապես միանում են ադրէներգիկական փոխհատուցող մեխանիզմները։ Տեղային անոթասեղմիչ ռեակցիաներն ուժեղանում են ադրենալինի միաժամանակյա արտանետումով, որն առաջանում է անոթաշարժ կենտրոնից դեպի մակերիկամներ ընթացող արտատար պարպումների ուժեղացման հետևանքով։

Սիրտը նյարդավորող պարասիմպաթիկ նյարդաթելերը նույնպես գտնվում են մշտական դրդված վիճակում, և նրանցով հաղորդվող տեղեկատվությունն ուղղված է սրտի կծկումների հաճախության նվազեցմանը։ Թափառող նյարդի նյարդաթելերի լարումային ազդակայնությունը սրտի վրա անընդհատ բացասական ազդեցություն է թողնում, նվազեցնելով փորոքների կծկողական ուժգնությունը։ Ընդհակառակը, լարվածության թուլացումը նպաստում է սրտի կծկումների հաճախացմանը։ Հատկանշական է, որ թափառող նյարդերի հատումից հետո առաջացած հաճախասրտությունը կարող է սկսվել նախապես սիմպաթազերծված կենդանիների մոտ։ Հետնաբար, այն պայմանավորված չէ սիմպաթիկական ակտիվության վերականգնումով, այլ ամբողջությամբ կապված է թափառող նյարդի նյարդաթելերով մուտք գործող արգելակող ազդեցությունների ուժգնության հետ։

Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպաթիկ և պաբասիմպաթիկ հատվածների լարվածության անհավասարությունը հիմք է եղել ինքնատիպ կազմաբանական դասակարգում ստեղծելու համար, որտեղ սիմպաթիկ նյարդային համակարգի լարվածության գերակշռությունը նշվում է որպես սխվպաբուրոնիա, պարասիմպաթիկինը՝ վագոտոնիա։ Այդ դեպքում գլխավոր ցուցանիշ է հանդիսանում նյարդավորվող օրգանների գործունեության մակարդակը։ Սիմպաթոտոնիկների մոտ առավել բնորոշ է անոթազարկի հաճախացումը, քրտնարտադրության բացակայությունը։ Վագոտոնիկների մոտ նկատվում է հակում դեպի կարմրելը, անոթազարկի դանդաղեցումը, քրտնարտադրությունը, անբացատրելի ստամոքսային խանգարումները։ Սիմպաթոտոնիայի և վագոտոնիայի մաքուր ձևերը շատ հազվադեպ են հանդիպում։
Պարասիմպաթիկ և սիմպաթիկ արտատար նյարդաթելերի լարումային ակտիվության բնույթի մասին քիչ բան է հայտնի։ Դա հիմնականում կախված է այն ազդակայնության մակարդակից, որն ընդերային օրգանների ռեֆլեքսածին շրջանների ընկալչական դաշտերից, ինչպես նաև մարմնական ընկալիչներից, ընթանում է դեպի ԿՆՀ։ Այսպես, աորտայի աղեղի և կարոտիսային ծոցի ճնշումաընկալիչներից ընթացող առբերիչ նյարդաթելերի հատումից հետո ազդակայնությունը սրտային արտատար պարասիմպաթիկ նյարդաթելերում նվազում է, որը հանգեցնում է հաճախասրտության առաջացման։
Սիմպաթիկ և պարասիմպաթիկ արտատար նյարդաթելերի լարվածությունը բացի նշվածից կապված է նաև ԿՆՀ-ի, հիմնականում երկարավուն ուղեղի շրջանում տեղադրված մի շարք կառույցների որոշ նեյրոնների ինքնածին ապաբևեռացման հետ։

Մետասիմպաթիկ նյարդային համակարգում հիմնական տարրերը, որոնք ռիթմ են ստեղծում և պահպանում են գործառական մոդուլի լարվածությունը, հանդիսանում են հատուկ՝ օսցիլյատոր բջիջներ։ Այդ նեյրոնները բնութագրվում են պայթունային բնույթի պարպումներով։ Դրանց գործառության վրա չեն ազդում սինապսային հաղորդումը շրջափակող նաև միջնորդանյութային բնույթի նյութերը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին