Ուղեղի մեծ կիսագնդերի դերը վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման գործում
Ավելի քան 100 տարի առաջ, Վ.Յ. Դանիլովսկու կողմից կատարված փորձերում պարզվել է, որ շների ուղեղի կեղևի ճակատային շրջանի էլեկտրական գրգռումն առաջացնում է շնչառության, սրտի գործունեության, անոթային լարվածության փոփոխություններ։ Ավելի ուշ Ն.Ա. Միսլավսկու, Վ.Մ. Բեխտերևի և ուրիշների աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ կեղևի տարբեր բաժինների գրգռումը կամ մեկուսացումը փոխում է ինքնավար նյարդային համակարգով նյարդավորվող օրգանների (սիրտ, մազաշարժեր, քրտնագեղձեր, ստամոքս, աղիքներ, կոնքային օրգաններ և այլն) գործառական վիճակը։ Պարզվել է, որ վեգետատիվ գործառությունների կարգավորման գործում կարևոր դեր են կատարում կեղևի ճակատային բլթերը։ Ընդունվում է, որ մեծ կիսագնդերի կեղևի առաջային բաժիններում գտնվում են ինքնավար նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները:
Ի.Պ.Պավլովի դպրոցը ներքին օրգանների ֆունկցիաների կարգավորմանը մասնակցող մեծ կիսագնդերի կեղևի նեյրոնները համարում է որպես ներքին ընկալության վերլուծիչի կեղևային ներկայացուցչություն։ Ուղեղի կեղևի ընդերային ու ներքին օրգանների պրոեկցիաների ճշգրիտ տեղակայման ուսումնասիրության գործում հատկապես տեղեկատվական են էլեկտրական հետազոտությունները, որոնց ժամանակ կիրառվել են ԳՊ-ի և ուղեղի կեղևի առանձին նեյրոնների ակտիվության գրանցման մեթոդներ։ Վ.Ն. Չեռնիգովսկու և նրա դպրոցի կողմից ստացված տվյալները, կապված ուղեղի տարբեր ֆորմացիաներում ընդերային առբերիչ համակարգի առաջնային և երկրորդային պրոեկցիոն շրջանների տեղադրման ուսումնասիրության հետ, հայտնաբերել են, որ ընդերային թափառող և կոնքային նյարդերն ուղեղի կեղևում ունեն կրկնակվող ներկայացուցչություն։ Ակնհայտ է, որ կրկնակվող շրջանների ներկայացուցչության առկայությունն ուղեղի կեղևի առաջային ընդերային պրոեկցիոն շրջաններում հանդիսանում է ոչ միայն ուղեղի կեղևի աշխատանքի հուսալիության դրսևորման սկզբունք։ Հայտնաբերվել է, որ Տ1 և Տ2 առաջնային շրջանները ունեն յուրահատուկ գործառություններ։ Ըստ Ռ.Ա.Դուրինյանի և աշխատակիցների տվյալների Տ1 առաջային ուրվագծային շրջանն ապահովում է զգայության տարածական բաղադրիչի ընկալումը, այն դեպքում, երբ Տ2 առաջային ուրվագծային շրջանը հիմնականում իրականացնում է կեղևային վարընթաց հսկողություն։ Հայտնաբերվել է, որ կենդանիների ու մարդու մեծ կիսագնդերի կեղևում գոյություն ունեն շրջաններ, որոնք վարընթաց ուղիներով կապվում են ուղեղաբնի ցանցանման գոյացության, ենթատեսաթմբի և ուղեղի այլ լիմբիական կառույցների հետ։ Ուղիները, որոնցով ուղեղի մեծ կիսագնդերի կեղևն իրագործում է ընդերային ֆունկցիաների վրա ունեցած արտատար ազդեցությունները, ընթանում են նաև բրգային ուղիների կազմի մեջ։ Դրանց ընդհատումը, որպես ուղեղի կեղևի որոշ հատվածների գրգռման պատասխան, հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի իջեցման, զարկերակային ճնշման փոփոխությունների թուլացման։
Վեգետատիվ նյարդային համակարգով նյարդավորվող օրգանների գործառությունների կարգավորման գործում գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի դերը դրսևորվում է ներքին օրգանների գործունեության հետ կապված պայմանական ռեֆլեքսային փորձերում։ Ինչպես ցույց են տվել Կ.Մ. Բիկովը և նրա աշխատակիցների բազմամյա հետազոտությունները, կենդանիների ու մարդու մոտ կարելի է նկատել վեգետատիվ նյարդային համակարգի կողմից նյարդավորվող բոլոր օրգանների գործունեության պայմանական ռեֆլեքսային փոփոխություններ։ Ընդերային պայմանական ռեֆլեքսների ձևավորման հնարավորությունները Կ.Մ.Բիկովի համար հիմք են հանդիսացել ձևակերպելու կեղևաընդերային հարաբերությունների առկայության տեսությունը։
Ներքին օրգանների գործունեության վրա գլխուղեղի կեղևի ազդեցությունը հաստատվել է մարդկանց վրա ազդելով հիպնոզային ներշնչումով։ Ներշնչումով հնարավոր է առաջացնել սրտի գործունեության արագացում կամ դանդաղում, անոթների լայնացում կամ նեղացում, երիկամների կողմից միզարտադրություն ուժեղացում, քրթնարտադրություն։
Ինչպես արդեն նշվել է, Պավլովի ժամանակվանից հայտնի է, որ անտարբեր (պայմանական) գրգռիչը կենսականորեն կարևորի (անպայման) հետ զուգակցման դեպքում առաջին հերթին սկսում է փոփոխություններ առաջին վեգետատիվ էֆեկտորների գործունեությունում (սիրտ, հարթ մկանային օրգաններ, գեղձեր), և երկար ժամանակ հիմք է հանդիսացել ենթադրելու, որ վեգետատիվ նյարդային համակարգն ընդունակ է միայն այդպիսի, խիստ սահմանափակ տեսակի սկզբնավորմանը։ Սակայն օպերանտ պայմանական ռեֆլեքսների մեթոդի ներդրումից հետո, որի դեպքում ամրապնդվում է այս կամ այն վարքային ռեակցիան, ցույց է տրվել, որ նույնիսկ վեգետատիվ նյարդային համակարգի մակարդակում հնարավոր են սովորեցման շատ ավելի բարդ գործընթացներ։ Կիրառելով պայմանական ռեֆլեքսների օպերանտ մեթոդները, մի շարք աշխատանքներում փորձեր է արվել ազդել մարդու վեգետատիվ ֆունկցիաների վրա։ Այսպես, եթե փորձարկվողին հնարավորություն տրվի տեսողական կամ լսողական ազդանշանների օգնությամբ հետևել սեփական սրտի աշխատանքին, ապա պահանջվող ուղղությամբ ռիթմի չնչին փոփոխությունները կարող են ամրապնդող դեր կատարել և խթանել այն ավելի շատ փոփոխելու փորձերը (Միլլեր, 1969): Կենսաբանական հետադարձ կապի այդ մեթոդը, թերապևտների տեսանկյունով, հույժ հեռանկարային է, քանի որ դրա օգնությամբ հնարավոր է ազդել օրգանիզմի խանգարված ընդերային ֆունկցիաների վրա առանց դեղորայքի օգտագործման։ Այդպիսի մեթոդը դրական արդյունք է տվել։ Օրինակ, մտավոր աշխատանքի լարվածության հետ կապված առիթմիան, գլխացավի, ինչպես նաև միգրենի ու անքնության բուժման ժամանակ։
Եզրափակելով անհրաժեշտ է նշել, որ վեգետատիվ ֆուեկցիաները կարգավորող նյարդային մեխանիզմներն ունեն «բազմահարկային» հիերարխիկ կազմակերպում և ամբողջականացման այդ բարձրագույն մակարդակները, ինչպիսին են ենթատեսաթումբը, մեծ կիսագնդերի կեղևի լիմբիական կառույցները, օրգանիզմի բարդ հարմարողական վարքային ռեակցիաներում ապահովում են վեգետատիվ և մարմնական ֆունկցիաների համաձայնեցումը։
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին