Վեգետատիվ ֆունկցիաների կարգավորումՈւղեղաբնի ցանցանման գոյացության և լիմբիական կաոույցների դերը վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման գործում
Երկարավուն ուղեղում, Վարոլյան կամրջում և միջին ուղեղում գոյություն ունեն բջիջների սփռուն կուտակներ, որոնց շրջապատող և տարբեր ուղղություններով ընթացող թելերր ձևավորում են գոյացություն, որը նման է ցանցի։ Դա հիմք է հանդիսացել, որ Օ.Դեյտերսը (1895) բջջային այդ կուտակումներն անվանի ցանցանման գոյացություն (ՑԳ)։ Ցանցանման գոյացությունը տեղադրված է ուղեղաբնի միջային մասում և հասնում է մինչև տեսաթմբի ոչ յուրահատուկ կորիզներ ու ենթատեսաթումբ։ Ցանցանման գոյացության նեյրոնները գրգռվում են յուրահատուկ զգացող ուղիների ճյուղավորումներով մուտք գործող տարբեր բնույթի առբերիչ ազդակներով։

ՑԳ-ը կազմված է վարընթաց և վերընթաց բաժիններից։ ՑԳ-ն վարընթաց համակարգն ազդեցություն է ունենում կմախքային մկանների ակտիվության և ներքին օրգանների ֆունկցիայի վրա։ Վարընթաց հիմնական ազդակահոսքը դեպի ողնուղեղի սիմպաթիկ ու պարասիմպաթիկ նեյրոններ մուտք է գործում ողնուղեղի կողմնային ճոպանիկներից։ Վերհատվածային կառույցներից ընթացող վարընթաց թելերը, ողնուղեղի միջանկյալ շրջանի նեյրոնների միջնորդությամբ (հիմնականում) հասնում են մինչև ներմիջակողմնային կորիզի վեգետատիվ նախահանգուցային նյարդաթելերը (շրջան, որտեղ առավելապես բաշխված են նախահանգուցային նեյրոններ)։ Ուղեղաբնի ՑԳ-ն նեյրոնային տարրերը ցանցանման գոյացություն-ողնուղեղ, կարմիր կորիզ-ողնուղեղ, կեղև-ողնուղեղ և ծածկ-ողնուղեղ թելերի միջոցով իրականացնում են անոթային ռեակցիաների նշանակալի զուգակցումը շնչառական գործառության, մկանային գործառոթյունների, մկանային լարվածության ու շարժողական գործառությունների հետ։
Գոյություն ունեն ուղեղաբնի ՑԳ-ն դրդող և արգելակող համակարգեր։ Երկայնավուն ուղեղի ՑԳ-ն հզոր արգելակող ազդեցություն է ունենում ողնուղեղի շարժողական նեյրոնների վրա։

Միջին ուղեղի ՑԳ-ն խթանումը հեշտացնում է կենդանիների ռեֆլեքսային շարժումները։ Միջին ուղեղի ՑԳ-ը սիմպաթիկ նյարդաթելերի միջոցով ադապտացիոն-սնուցողական ազդեցություն է թողնում մեծ կիսագնդերի կեղևի, միջանկյալ ուղեղի ենթակեղևային կառույցների, առաջային ուղեղի լիմբիական կառույցների, ուղեղիկի ու ողնուղեղի վրա, կարգավորելով կմախքամկանների դրդունակությունն ու աշխատունակությունը, նյարդային համակարգի, ընդերային օրգանների ու զգայարանների գործառական վիճակը։ Ուղեղաբնի ՑԳ-ն դրդող և արգելակող բաժինները մասնակցում են քնի, արթնացման ֆիզիոլոգիական գործընթացներում, ինչպես նաև հույզերի և լարվածության կարգավորմանը։ Միջին ուղեղի ցանցանման գոյացության խթանումն արթնացնում է քնած կենդանիներին, իսկ նրա քայքայումն արթուն կենդանիների խորը քուն է առաջացնում։ Ապացուցված է, որ ՑԳ-ն ազդեցությունն օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների վրա իրականացվում է հիպոֆիզում և այլ ներզատական գեղձերում մշակվող հորմոնների հումորալ-հորմոնային մեխանիզմներով։

ՑԳ-ն ակտիվության պահպանման գործում կարևոր դեր են կատարում հումորալ գրգիռները։ Միջնորդանյութերի նկատմամբ ՑԳ-ն բարձր զգայնությունը այն մեխանիզմներից է, որոնց միջոցով ապահովվում է նրա մասնակցությունն օրգանիզմի ընդերամարմնական ֆունկցիաների կարգավորման գործում։ Ուղեղաբնի ՑԳ-ը, կեղևի և ենթակեղևային կառույցների նեյրոնների վրա թողնելով կարգավորող ազդեցություն, ինքը գտնվում է ուղեղի այդ կառույցների մշտական ազդեցության ներքո։ Վեգետատիվ գործառությունների կարգավորումն ապահովվում է ՇԳ-ն և ենթատեսաթմբի, լիմբիական ուղեղի, ուղեղիկի, տեսաթմբի և ուղեղի կեղևի սերտ փոխներգործության շնորհիվ։

Առաջային ուղեղի շրջանի մի շարք կառույցներ, որոնք տեղակայված են ուղեղաբնի շրջակայքում և մտնում են Բրոկայի լիմբիական մեծ բլթի համակարգի մեջ, մասնակցում են վեգետամարմնական գործառությունների կարգավորմանը, որը Մակ-Լինի համար հիմք է հանդիսացել կառուցվածքների այդ համաստեղությունը անվանել «ընդերային ուղեղ»։ Գրականության մեջ այդ գոյացությունները հայտնի են որպես լիմբիական համակարգի կառույցներ։ Լիմբիական համակարգի մեջ մտնում են հին և հնագույն կեղևի գոյացությունները՝ հիպոկամպը, պիրիֆորմ կեղևը, պերիամիգդալային կեղևը, էնտորինային շրջանը, պարաալոկորտեքսի գոյացությունները (շրջաններ, որոնք ունեն միջանկյալ դիրք հին և նոր կեղևի միջև)։ Լիմբիական համակարգի մեջ են մտնում նաև գոտկային (ցինգուլյար) կամ լիմբիական կեղևն ու ճակատագագաթային կեղևի մի մասը, ինչպես նաև ենթակեղևային կառույցները՝ նշաձև համալիրը, միջնորմը, տեսաթմբի առաջային կորիզները։ Նաուտան լիմբիական համակարգի մեջ է մտցնում նաև միջին ուղեղի լիմբիական դաշտը։ Ենթատեսաթումբը մտնում է ինչպես առաջային ուղեղի լիմբիական համակարգի նյարդային բոլորակի, այնպես էլ միջին ուղեղի լիմբիական համակարգի մեջ։ Ենթատեսաթումբը դիտվում է որպես կենտրոնական կապող օղակ երկնյարդային բոլորակների միջև՝ ենթատեսաթմբալիմբիական և ենթատեսաթմբամեզենցեֆալային, որոնք միավորվում են առաջնաուղեղայինմիջին ուղեղային լիմբիական բոլորակի միասնական համակարգի մեջ։

Առաջաուղեղային լիմբիական համակարգի կենտրոնական օղակ են հանդիսանում հիպոկամպը, միջնորմը և ամիգդալան, որոնք ապահովում են հուզադրդապատճառային վիճակի կազմակերպումը (փախուստ, վախ, պաշտպանություն, քաղց, ծարավություն, սեռական ակտիվություն), և այդ դրսևորումներից յուրաքանչյուրն իր շարժումային արտահայտությունն է ունենում օրգանիզմի ընդերավեգետատիվ ռեակցիաներում։ Նշված լիմբիական կառույցների էլեկտրական գրգռումը նույն ձևով է ազդում ընդերային մեխանիզմների վրա, սակայն պակաս ուժգնությամբ, քան ենթատեսաթմբի գրգռման դեպքում։ Շնչառության, սիրտ-անոթային համակարգի, ստամոքսաղիքային ուղու գործունեության փոփոխություններն ու այլ դրսևորումները, որոնք առաջանում են առաջաուղեղային լիմբիական համակարգի տարբեր օղակների գրգռումով, հանդիսանում են ոչ միայն ենթատեսաթմբի վեգետաընդերային կենտրոնների գործառության փոփոխման, այլև այդ լիմբիական կառուցվածքների նեյրոններից դեպի ուղեղի կոճղեզաողնուղեղային վեգետատիվ կենտրոններն ընթացող ուղղակի գործընթացների արդյունք։

Մի շարք աշխատանքներում ապացուցվել է լիմբիական կեղևի գոտկային շրջանի ազդեցությունը վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման վրա։ Լիմբիական կեղևի առաջային շրջանը նոր կեղևի գլխավոր արտատար ընդերային դաշտերից մեկն է։ Լիմբիական կեղևի առաջային ընդերային դաշտի գրգռումն առաջացնում է սիրտանոթային համակարգի, շնչառության, ստամոքսաղիքային ուղու, միզապարկի, շարժումային ակտիվության ֆունկցիաների փոփոխություններ։ Հայտնաբերվել է, որ լիմբիական կեղևի առաջային դաշտի մեջքային շրջանը ձևավորում է ապաճնշող ռեակցիաներ, իսկ փորային ենթաբրգային շրջանը՝ համակարգային զարկերակային ճնշման բարձրացման ռեակցիաներ։ Լիմբիական կեղևի գրգռումից առաջացած վեգետատիվ ռեակցիաները հանդիսանում են բարդ սոմատովեգետատիվ ռեակցիաների բաղադրիչներ, որոնց կազմավորումը կախված է ենթատեսաթմբագոտկային համալիրի ամբողջականացնող գործունեությունից, ինչպես նաև դեպի երկարավուն ուղեղ ու ողնուղեղ լիմբիական կեղևի ընդերային դաշտի նեյրոնների ուղղակի ուրվագծման արտաենթատեսաթմբային մեխանիզմներից։
 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին