Վարքի կարգավորումԵնթատեսաթմբի հետ կապված են նաև մի շարք այլ բարդ ռեակցիաներ, որոնք իրենցից ներկայացնում են անհատի գոյատևմանն ուղղված վարքային համալիրներ։ Ենթատեսաթմբում տեղակայված այդպիսի վարքային համալիրները կարգավորող մեխանիզմների մասին տվյալները հիմնավորվում են բազմաթիվ փորձառական նյութերով, կապված նրա որոշակի բաժինների գրգռման և վնասման հետ, ինչպես նաև կլինիկական տվյալներով, որոնք դիտարկվել են ենթատեսաթմբի վնասումներով կամ ախտաբանական գործընթացներով տառապող մարդկանց վրա։

Հետին ենթատեսաթմբում հայտնաբերված է շրջան, որի էլեկտրական գրգռումն առաջացնում է ռեակցիաների համալիր, կապված սննդային վարքի հետ՝ առատ թքարտադրություն, սննդի փնտրում, ստամոքսաղիքային համակարգի շարժունակության և արյան շրջանառության ուժեղացում և այլն։ Ենթատեսաթմբի փորամիջային կորիզների քայքայումն առաջացնում է շատակերություն (հիպերֆազիա) և ճարպակալում, իսկ կողմնային ենթատեսաթմբի ոչ մեծ բաժնի երկկողմանի քայքայումը, ընդհակառակը՝ սննդից (աֆազիա) և ջրից (ադիպսիա) լրիվ հրաժարում, որի հետևանքով կենդանին հյուծվում ու մահանում է։ Կլինիկական այդպիսի պատկեր է նկատվում նաև ենթատեսաթմբի շրջանի ախտաբանական գործընթացներով տառապող հիվանդների մոտ։ Այդ տվյալները թույլ են տվել եզրակացնելու, որ ենթատեսաթմբում կան շրջաններ, որոնց կարելի է պայմանականորեն անվանել համապատասխանաբար հագեցման ու քաղցի կեևտրոններ և որոնք պետք է գտնվեն փոխհակադարձ ազդեցության մեջ։ Չի բացառվում, որ ենթատեսաթմբի այդ կառույցները, ինչպես և ջերմակարգավորման հետ կապված շրջանները, ցուցաբերում են քիմիական զգայնություն շրջանառող արյան բաղադրության նկատմամբ։

Ենթատեսաթմբում կան կենդանիների սեռական վարքը կարգավորող կենտրոններ։ Հետին ենթատեսաթմբի հատվածների գրգռման դեպքում ի հայտ են գալիս կենդանու համար անսահման հաճելի հատուկ ռեակցիաներ։ Եթե կենդանին հնարավորություն է ունենում ուղեղում հարմարեցված էլեկտրոդների օգնությամբ ինքնուրույն գրգռելու այդ կառույցները, ապա դա իրականացնում է անընդմեջ, տալով 5000 գրգիռ մեկ ժամում։ Այդ կառույցները ստացել են բավարարվածության (հաճույքի) կենտրոն անվանումը։ Սուբյեկտիվ բավարարվածության ուժը չափելու համար առնետներին (այդպիսի փորձերում ամենահաճախ օգտագործվող կենդանին է) մեկ օր և ավելի կեր չեն տվել, ապա բաց են թողել վանդակի մեջ, որի մեկ անկյունում դրված է սնունդ, մյուսում՝ ինքնագրգռման սեղմակ։ Առնետը տրվում է անընդմեջ ինքնագրգըռման արբունքին, քանի որ «բավարարվածության կենտրոնը» ներկայացնում է նաև սեռական «վարձահատուցման համակարգ» ու կապված է սեռական վարքի նեյրոնային մեխանիզմների հետ։ Դա ապացուցվում է նրանով, որ ամորձատված ու ձվազրկված (կաստրացիայի ենթարկված) առնետների մոտ չի դիտվում ինքնագրգռման հետ կապված վարքի դրսևորումներ։ Սակայն բավական է միայն ներարկել սեռական հորմոն և այն անմիջապես վերականգնվում է։ Նյարդավիրաբուժական կլինիկայի պայմաններում կատարված դիտարկումները ցույց են տվել, որ մարդկանց ուղեղի համանման հատվածների գրգռումն առաջացնում է ուրախություն, բավարվածության զգացմունք, որն ուղեկցվում է էրոտիկական երևույթներով։

Միաժամանակ, ենթատեսաթմբի առաջային բաժիններում հայտնաբերվել են «պատժիչ կենտրոններ», որոնց գրգռումն առաջացնում է ցասումի վախի կամ ցավի դրսևորում։ Այդ ռեակցիան ստացել է կեղծ ցասում անվանում, քանի որ այն դրսևորվում է ագրեսիայի ձևով, օբյեկտի բացակայության պայմաններում։ Այլ պատկեր է դիտվում ենթատեսաթմբի կողմնային որոշ բաժինների գրգռման ժամանակ։ Այդ դեպքերում ագրեսիան ունենում է խիստ ուղղվածություն հսկվող կենդանու նկատմամբ, առանց ավելորդ շարժումների և ագրեսիայի դրսևորման։

Ենթատեսաթումբը կապված է նաև մեկ այլ կարևոր ֆունկցիայի կարգավորման հետ, դա քնի և արթնության հերթագայումն է։ Միջային ենթատեսաթմբի մի քանի կետերի գրգռման ժամանակ կարելի է առաջացնել կենդանու կամքից անկախ քնային վիճակ, կամ ընդհակառակը՝ հետին ենթատեսաթմբի գրգռման դեպքում՝ արթնացման ռեակցիա։ Կլինիկայում ենթատեսաթմբի վնասումների ժամանակ նկարագրված են լեթարգիական քնի դեպքեր։ Այսպիսով, ենթատեսաթումբը, առաջային ուղեղի մի ՛շարք կառույցների հետ միասին, կարևոր դեր է կատարում օրգանիզմի վարքի այն ձևերի ստեղծման գործում, որոնք ապահովում են նրա հիմնական կենսաբանական պահանջմունքները։ Ենթատեսաթումբը հին գոյացություն է և նրա ֆունկցիաների դրսևորումների համեմատությունը (էվոլյուցիայի առումով) տարբեր կենդանիների մոտ, ի հայտ է բերում մեծ նմանություն։ Մարդու մոտ կենդանական կրքերի և հույզերի կենտրոնները համեմատաբար քիչ են փոխվել, համեմատած ստորադաս կենդանիների հետ։ Իսկ բարձրագույն բանականության (ինտելեկտուալ) գործընթացները, որոնք մարդուն այդքան խիստ կերպով տարբերում են կենդանիներից, կապված են ուղեղի այլ բաժնի, և առաջին հերթին մեծ կիսագնդերի կեղևի հետ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին