Ուրցագեղձի ներզատական ֆունկցիաՈւրցագեղձը (թիմուս) տեղադրված է առաջային միջնորմի վերին բաժնում։ Նորածնի ուրցագեղձի զանգվածը կազմում է 10-15 գ, առավելագույն զանգվածի այն հասնում է 11-13 տարեկանում (35-40 գ), որից հետո տեղի է ունենում գեղձի աստիճանական հասակային հետզարգացում, ե 60-70 տարեկանում այն փոքրանում է մինչև 6-7 գ։ Հյոավածաբաևորեն գեղձը բաղկացած է կեղևային և միջուկային մասերից, որոնց հիմքը կազմում է ելուստավոր բջիջների փուխր ցանցը։ Կեղևային մասում խիտ դասավորված լիմֆոցիտներն են։ Միջուկային մասը պարունակում է ավելի քիչ լիմֆոցիտներ, սակայն նրան բնորոշ են Գասալի մարմնիկները` համակենտրոն դասավորված իլիկաձև էպիթելային բջիջներ, որոնց վերագրվում է հյութազատական ֆունկցիա։

Ընդհանուր առմամբ ուրցագեղձը համարվում է օրգանիզմի իմունային և ներզատական համակարգերի ամբողջականացնող օրգան։ Լինելով իմունիտետի կենտրոնական օրգան, նա ապահովում է ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջներից գեղձ մտնող սպեցիֆիկ իմունոկոմպետենտ T-լիմֆոցիտների տարբերակումն ու արտադրությունը։ Այդ պրոցեսն իրականանում է թիմոցիտներում արտադրվող հորմոնային ակտիվ նյութերի անմիջական ազդեցությամբ։ Դրանց են պատկանում թիմոզինը, թիմոպոետինը պոլիպեպտիդներ, որոնք գործնականորեն զուրկ են տեսակային սպեցիֆիկությունից։ Ուրցագեղձազերծված կենդանիների և բնածին թերզարգացած ուրցագեղձով երեխաների արյան մեջ զարգանում է ուժեղ լիմֆոպենիա, հակում դեպի ուռուցքային հիվանդությունները, ինպես նաև ագամմագլոբուլինեմիա, այսինքն արյան հակամարմինները փոխադրող գամմագլոբուլինային ֆրակցիայի բացակայություն։ Նման կենդանիներն ու երեխաները, որպես կանոն, մահանում են 1-5 ամսվա ընթացքում։

Ուրցագեղձի ներզատական ֆունկցիան հաստատվում է նաև այլ ներզատական գեղձերի հետ նրա փոխազդելու ընդունակությամբ։ Այսպես, գլյուկորտիկոիդների ներմուծումը և ստրեսների ժամանակ նրանց ուժեղացած արտադրությունն ուղեկցվում է գեղձի զանգվածի փոքրացումով, նրա և այլ լիմֆոիդ օրգաններում լիմֆոցիտների քայքայումով և լիմֆոպենիայով։ Եվ ընդհակառակը, ուրցագեղձի մզվածքի ներարկումը կամ թիմուսի փոխպատվաստողն արգելակում են մակերիկամների կեղևի զարգացումն ու ֆունկցիան։ Նույն ձևով, եթե մարդու գեղձի հասակային հետզարգացում տեղի չի ունեցել, ապա առաջանում է մակերիկամների կեղևի ֆունկցիայի անբավարարություն և ստրեսային գործոնների նկատմամբ դիմադրողականության իջեցում։ Ուրցագեղձի և սեռական գեղձերի միջև գոյություն ունեն անտագոնիստական հարաբերություններ։ Սեռական հորմոնները, հատկապես իգականները, առաջացնում են ուրցագեղձի ապաճ այն դեպքում, երբ դեռահաս կենդանիներին ուրցագեղձի մզվածքների ներմուծումն ուշացնում է նրանց սեռական հասունացման պրոցեսը։ Նման անտագոնիզմ է արտահայտվում նաև թիրեոիդ հորմոնների, իսկ սիներգիզմ` սոմատոտրոպինի նկատմամբ։

Ուրցագեղձի հորմոնները կարգավորիչ ազդեցություն են թողնում հորմոնային և միջնորդանյութային ընկալիչների սինթեզի, նյարդամկանային սինապսում ացետիլխոլինի քայքայման, ածխաջրատային, սպիտակուցային և կալցիումֆոսֆորային նյութափոխանակության և այլ պրոցեսներիների վրա։
Վերջին ժամանակներս ուրցագեղձից անջատվել են նաև շատ այլ կենսականորեն ակտիվ նյութեր, որոնց հորմոնային պատկանելությունը ճշգրտվում է։ Ուրցագեղձի հորմոնների և այլ ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի արտադրությունը, նրանց ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությունը թույլ կտա ավելի խոր հասկանալ օրգանիզմի երկու՝ ներզատական և իմունային կարևորագույն կարգավորիչ համակարգերի փոխազդեցության ուղիներն ու մեխանիզմները։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին