Մեթոդի էությունն այն է, որ օրգանիզմի կողմից արտադրված ջերմային էներգիայի քանակը չափվում է անմիջականորեն: Այդ նպատակով հետազոտվող մարդուն կամ կենդանուն 24-48 ժամով տեղավորում են կենսակալորաչափի մեջ, որը հերմետիկ, արտաքին միջավայրից լավ ջերմամեկուսացված, կրկնակի պատերով խցիկ է: Խցիկը մատակարարվում է թթվածնով և ազատվում է CO2-ից և արտաթորանքից: Խցիկի կրկնակի պատերով հոսող ջուրը տաքանում է նյութափոխանակության ընթացքում արտադրված ջերմությամբ:

Հետազոտության ընթացքում արձանագրվում է հոսող ջրի քանակը և ջերմաստիճանը, որի հիման վրա հաշվարկվում է արտադրված ջերմության քանակը: Այս մեթոդը թույլ է տալիս հարաբերորեն ճշգրիտ որոշել արտադրված ջերմությունը, սակայն չափազանց աշխատատար և տեխնիկական նկատառումներով ոչ հարմար լինելու պատճառով զանգվածային կիրառում չունի և օգտագործվում է հատուկ նպատակներով, օրինակ, անուղղակի մեթոդով ստացված տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով: Նյութափոխանակության պրոցեսների ինտենսիվության գնահատումը կատարվում է հիմնականում անուղղակի կալորաչափության մեթոդով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին