Չլինելով հատուկ վեգետատիվ կենտրոն և չունենալով ներքին օրգանների վրա ազդելու կարողություն, ուղեղիկն ազդում է վեգետատիվ կենտրոնների դրդունակության վրա։ Վեգետատիվ նյարդային համակարգը մարմնական համակարգի նկատմամբ կատարում է ենթակայի, պայմանավորող դեր, իսկ ուղեղիկին հատկացվում է միջնորդի դեր այս երկու համակարգերի միջև համաձայնեցման ու շարժողական ապարատի պահանջները և կարիքները լավագույն ձևով ապահովելու գործում։

Վեգետատիվ գործառությունների վրա ուղեղիկի կարգավորող ազդեցության իրագործման ժամանակ, նրանց վիճակի մասին տեղեկատվության առումով, պահանջվում է մշտական հակադարձ կապի առկայություն ներքին օրգանների և ուղեղիկի կեղևի միջև։ Բազմաթիվ հետազոտություններում ուսումնասիրվել է ուղեղիկի կեղևի նեյրոնների ռեակցիաները թափառող ընդերային և կոնքային նյարդերի, ինչպես նաև համապատասխան ներքին ընկալիչների գրգռման պայմաններում։ Ներքին ընկալչական առաքումների դերը կարևոր է այն առումով, որ ուղեղիկն ընդունակ է ազդեցություն ցուցաբերել ռեֆլեքսային աղեղների արտատար օղակների վրա միայն այն պայմաններում, երբ դեպի ուղեղի այդ բաժինն է ընթանում հակադարձ կարգի անընդմեջ ազդակայնություն, այդ թվում նաև ներքին օրգանների ընկալիչներից։

Այժմ հիմնավոր տվյալներ է կուտակվել ուղեղիկի կողմից սրտի, արյան շրջանառության գործունեության, շնչառական, մարսողական օրգանների աշխատանքի, միզապարկի կծկման ու լարվածության, արյունաստեղծման գործընթացի վրա թողած կարգավորող ազդեցության վերաբերյալ։ Բացահայտվել է ուղեղիկի մասնակցությունն այնպիսի բարդ վարքային գործողությունների կարգավորման գործում, ինչպիսին են վախի, պաշտպանական, սննդային, սեռական, ցասումի և այլ ռեակցիաները։ Այդ դեպքում ուղեղիկի ազդեցությունն արտահայտվում է վեգետատիվ ֆունկցիաների փոփոխմամբ և կայունացմամբ, որոնք դրանով իսկ ապահովում են օրգանիզմի հոմեոստազի (կայուն վիճակի) պահպանումը։ Վեգետատիվ գործընթացների վրա ունեցած ազդեցություններում գլխավոր դերը պատկանում է հին ուղեղիկին, հիմնականում, այն բաժիններին, ուր առավել ուժգնությամբ է մուտք գործում տարբեր ներքին օրգաններից ընթացող ներքին ընկալչական տեղեկատվության հոսքը։ Ուղեղիկը, շնորհիվ երկակի (ակտիվացնող և արգելակող) ազդեցության մեխանիզմների առկայության, ի վիճակի է կայունացնել և ճշգրտել ընդերային համակարգերի ֆունկցիաների վրա ունեցած ազդեցությունները։

Լ.Ա. Օրբելին իր աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա եզրակացրել է, որ ուղեղիկի գործունեությունը չի կարելի սահմանափակել օրգանիզմի որևէ ոլորտի գործունեությամբ՝ շարժողական կամ զգայական, մարմնական կամ վեգետատիվ։ Ուղեղիկի դերը դրսևորվում է, մի կողմից, «ռեֆլեքսային աղեղների ու նրանց առանձին օղակների համախմբման» և մյուս կողմից՝ «նրանց գրգռականության, լաբիլականության, արդյունավետության, համատարածման և այլնի կայունացման ու որոշակի սահմաններում պահելու» գործընթացներում (Օրբելի, 1949): Համաձայն Լ.Ա.Օրբելու պատկերացումների, ուղեղիկն ապահովում է մարմնական և վեգետատիվ համակարգերի ներհամաձայնեցվածությունը, ապահովում է շարժումային ապարատի կարիքների ու պահանջարկների բավարարումը։ Սիմպաթիկ նյարդային համակարգին զուգընթաց ուղեղիկը կարևոր դեր է կատարում բոլոր օրգանների և հյուսվածքների գործառական վիճակի վրա թողած հարմարողական–սնուցողական ազդեցություններում։ Վեգետատիվ ֆունկցիաների վրա ուղեղիկը իր կարգավորող ազդեցությունը ցուցաբերում է փոխներգործելով ուղեղաբնի կենտրոնների ցանցանման . գոյացության, ենթատեսաթմբի ու լիմբիկական համակարգի հետ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին