Կաթնասունների ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից և կենտ բաժնից` որդից։ Ուղեղաբնի հետ այն միացված է երեք զույգ ոտիկներով։ Առբերիչ նյարդաթելերը ուղեղիկ են մուտք գործում առավելապես միջին և ստորին ոտիկներով, իսկ արտատարներն ընթանում են վերին ոտիկներով։
Ուղեղիկը կազմված է կեղևից, որը ծածկում է նրա մակերեսը, և սպիտակ նյութի հաստության մեջ տեղադրված երեք զույգ ուղեղիկային կորիզներից՝ ֆաստիգալ կամ միջային, միջանկյալ (գնդաձև և խցանանման) և ատամնավոր կամ կողմնային։ Ուղեղիկի ամբողջ կեղևը բաժանված է բլթերի որոնք իրենց հերթին զուգահեռ ակոսներով բաժանվում են գալարների։ Խոշոր՛ գալարները ձևավորում են բլթակներ; Ֆիլոգենեզային էվոլյուցիայի և առբերիչ մուտքերի վերլուծության հիման վրա ուղեղիկի կեղևում կարելի է առանձնացնել.
1)    Ֆլոկկուլոնոդուլային բիլթը (հնագույն ուղեղիկ, արխիցերեբելլում), որն ընկալում է անդաստակային հաղորդումները։
2)    Հին ուղեղիկը կամ պալեոցերեբելումը, ընդգրկում է ուղեղիկի միջին մասը և տեղեկատվություն է ստանում ողնուղեղ-ուղեղիկային ուղիներով։
3)    Նոր ուղեղիկը կամ նեոցերեբելումը, ընդգրկում է ուղեղիկի կողմնային բաժինները ներառյալ կիսագնդերը։ Նեոցերեբելլումն ուղեղաբնի միջով անցնող ուղիներով առբերիչ տեղեկատվություն է ստանում ուղեղի կեղևի ընդարձակ շրջաններից։
Ցույց է տրված ուղեղիկի կեղևի կապերը նրա կորիզների հետ։ Հայտնաբերված են կեղև-կորիզային պրոեկցիաների երկայնական երեք շրջաններ.

1) Միջային, որը ներկայացված է որդի Պոտկինյեի բջիջների պրոեկցիաներով ՝ ուղեղիկի ֆաստիգիալ կորիզի վրա։ 2) Միջանկյալ, որն ընդգրկում է դեպի միջանկյալ կորիզ ընթացող ուղեղիկի կեղևի միջանկյալ շրջանի պրոեկցիաները։ 3) Կողմնային, որտեղ կողմնային ուղեղիկի Պուրկինյեի բջիջները պրոեկտվում են ատամնավոր կորիզի վրա։ Ցույց է տրվել ուղեղիկի կեղևի միջային և, մասնակիորեն, միջանկյալ շրջաններում տեղակայված Պուրկինյեի բջիջների պրոեկցիան դեպի  անդաստակային կորիզներ։ Այս դասակարգումը, որի հիմքում ընկած են ուղեղիկի կեղևի արտատար կապերը, լրացվել է յուրաքանչյուր շրջանում հայտնաբերված մեծ թվով միկրոշրջաններով, իրենց բնորոշ առբերիչ և արտատար կապերով։ Միկրոշրջաններից յուրաքանչյուրը պրոեկցիաներ է ստանում ուղեղիկի կեղևի փոքր դաշտից և, իր հերթին, կապված է արտաուղեղիկային համակարգի հետ, որը ծառայում է առանձնահատուկ վեգետատիվ կամ սոմատիկ շարժիչ ֆունկցիայի համար։ Կեղև-կորիզային այդ միկրոհամալիրը իրենից ներկայացնում է ուղեղիկի ֆուեկցիոնալ-կառուցվածքային կազմակերպման միավոր։
Ուղեղիկն ընդարձակ արտատար կապերով կապված է ուղեղաբնի, ենթակեղևային գոյացությունների, հատկապես տեսաթմբի կորիզների բազմաթիվ կառույցների հետ, որոնց միջոցով ուղեղիկի ազդակները հասնում են ուղեղի կեղև։ Ուղեղիկը խիտ կապերով կապված է կեղև–ողնուղեղային, կարմիր կորիզ-ողնուղեղային, ցանցանման գոյացություն-ողնուղեղային և անդաստակ-ողնուղեղային վարընթաց համակարգերի հետ։ Առբերիչ տեղեկատվությունն ուղեղիկ մուտք է գործում բոլոր զգայարաններից։ Ուղեղիկը մատակարարվում է մեծ, հզոր ազդակներով, որոնք ընթանում են ողնուղեղ-ուղեղիկային 12 տարբեր ուղիներով։ Ուղեղաբնի կորիզների միջոցով ուղեղիկ է մուտք գործում ուղեղի կեղևի տարբեր հատվածներից ընթացող տարաբնույթ տեղեկատվություն։ Ուղեղիկի գործունեության ոաումնասիրությունն այժմ, իր վրա է սևեռել տարբեր բնագավառների մասնագետների ուշադրությունը, որի համար, անկասկած, կան մի շարք հիմքեր։ Այստեղ, առաջին հերթին կարելի է հիշատակել այն պատկերացումը, որ ուղեղիկն աշխատում է այնպես, ինչպես հաշվողական մեքենան, որը հիմնավորվում է հետնյալ փաստերով.
1)    Ողնաշարավորների տարբեր ներկայացուցիչների ուղեղիկի կեղևը համեմատաբար ունի պարզ կառուցվածք։ Այն տարբերվում է իր զարմանալի կարգավորվածությամբ, կառուցված է մեկ ընդհանուր սկզբունքով, միանման կազմով և բջջային տարրերի փոխադարձ կապերի նույնատեսակությամբ։ Այսպիսով, ուղեղիկը հարմարեցված է տեղեկատվության արագ և արդյունավետ մշակմանը։
2)    Ուղեղիկի կեղևն ունի շերտավոր կառուցվածք։ Այն կազմված է երեք շերտերից : Կեղևը պարունակում է հինգ տեսակ բջիջներ հատիկավոր (Հ), զամբյուղանման (ԶՈ), աստղաձև (ԱԲ), Գոլջի բջիջներ (ԳԲ), Պուրկինյեի բջիջներ (ՊԲ), որոնցից միայն հատիկավորները դրդողներ են, մնացած բոլորը արգելակողներ։ Ուղեղիկի կեղևն ունի երկու հիմնական առբերիչ մուտքեր, որոնցից մեկը թողնում է խառը` դրդող-արգելակող ազդեցություն (մագլցող նյարդաթելեր -Մագ.Ն), իսկ մյուսը միայն դրդող (մամռակերպ նյարդաթելեր - Մամ.Ն) ազդեցություն ուղեղիկի հիմնական կարևոր տարրերի` Պուրկինյեի բջիջների վրա։ Վերջիններս համարվում են հանգուցային, քանի որ ներկայացնում են միակ ելքն ուղեղիկի կեղևից։ Առբերիչ մուտքերի երրորդ համակարգը . ամիներգիկ նյարդաթելերն են, որոնք ուղեղիկի կեղև մուտք են գործում միջին ուղեղի երկնագույն բծից և կարի կորիզներից։
3)    Ուղեղիկի աշխատանքը նմանեցվում է հաշվողական մեքենայի նաև այն պատճառով, որ նրա կեղևը, ուղեղի կեղևի նման, ընկալում է առբերիչ գրգիռների ամբողջ տեսականին և, իր հերթին, ազդեցություն է թողնում ԿՆՀ-ի շատ բաժինների վրա։
4) Ուղեղիկային ելքը սերտորեն կապված է ուղեղի կեղևի հետ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին