Ուղեղի կեղևՄեծ կիսագնդերի կեղևը 3 մմ հաստությամբ գորշ նյութի շերտ է: Այն համեմատաբար լավ է զարգացած առաջ – կենտրոնական գալարում, որտեղ կեղևի հաստությունը 5 մմ է: Գալարների և ակոսների առկայությունը մեծացնում է գլխուղեղի կեղևի մակերեսը: Կեղևում կա 10–14 միլիարդ նյարդային բջիջ: Նրա տարբեր մասերը, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների կառուցվածքով և տեղադրությամբ (ցիտոարխիտեկտոնիկա), թելերի դասավորությամբ (միելոարխիտեկտոնիկա) և ֆունկցիոնալ նշանակությամբ, կոչվում են դաշտեր: Դրանք նյարդային գրգիռների բարձրագույն անալիզի և սինթեզի տեղամասեր են, որոնց միջև նկատելի սահմաններ չկան: Բջիջները և նյարդաթելերը կեղևում դասավորված են շերտերով:

Կեղևի բազմաբևեռ նեյրոնները միմյանցից տարբերվում են իրենց ձևով՝ բրգաձև, աստղաձև, հորիզոնական, իլիկաձև, սարդանման և թփիկաձև: Կեղևի հիմնական մասը կազմում են բրգաձև բջիջները: Նրանց չափերը տատանվում են 10–140 մկմ–ի սահմաններում, ունեն եռանկյունաձև ձգված մարմին, որի գագաթն ուղղված է դեպի կեղևի մակերևույթ: Գագաթից դեպի մարմնի կողմնային մասերն են ուղղվում դենդրիտները, որոնք վերջանում են գորշ նյութի տարբեր շերտերում: Բրգաձև բջիջների հիմքից սկսվում են նեյրիտները, որոնց մի մասը կարճ է և ճյուղավորումներ է առաջացնում կեղևի տվյալ հատվածի սահմաններում, իսկ երկար ելուստները անցնում են սպիտակ նյութ: Տարբեր շերտերի բրգաձև բջիջները ունեն տարբեր չափեր և ֆունկցիոնալ նշանակություն: Փոքր բջիջները միջադիր նեյրոնների դեր են կատարում, որոնց նեյրիտները կապ են ստեղծում նույն կիսագնդի տարբեր մասերի (ասոցիատիվ նեյրոններ) կամ երկու կիսագնդերի (կոմիսուրալ) միջև: Այդ բջիջների քանակը կեղևի տարբեր շերտերում նույնը չէ: Նրանցով հատկապես հարուստ է մարդու գլխուղեղի կեղևային շերտը: Բրգաձև խոշոր բջիջների նեյրիտները մտնում են բրգային ուղու կազմի մեջ և գրգիռներ են հաղորդում ուղեղաբնի ու ողնուղեղի համապատասխան կենտրոններին:

Կեղևի նեյրոնները դասավորված են շերտերով, որոնցից յուրաքանչյուրը բնորոշվում է որևէ տեսակի բջիջների գերակշռությամբ: Կեղևի շարժիչ գոտում տարբերում են 6 հիմնական շերտ. 

1. մոլեկուլյար (lamina molekularis); 
2. արտաքին հատիկավոր (lamina granularis externa); 
3. բրգաձև նեյրոնների (lamina piramidalis); 
4. ներքին հատիկավոր (lamina granularis interna); 
5.հանգուցային (lamina ganglionaris); 
6. բազմաձև բջիջների (lamina multiformis):

Սաղմի զարգացման 6–րդ ամսում դիֆերենցվում են 5–րդ և 6–րդ շերտերը, իսկ 2–4–րդ շերտերը զարգանում են 8–րդ ամսում:  Մոլեկուլյար շերտը պարունակում է ոչ մեծ քանակությամբ զուգորդական իլիկաձև փոքր բջիջներ: Նրանց նեյրիտները ուղղված են մակերեսին զուգահեռ: Արտաքին հատիկավոր շերտը կազմված է 10 մկմ տրամագծով կլոր, անկյունաձև, բրգաձև մանր բջիջներից և աստղաձև նեյրոցիտներից: Այդ բջիջների դենդրիտները բարձրանում են մոլեկուլյար շերտ, ապա անցնում սպիտակ նյութ, երբեմն էլ, աղեղներ առաջացնելով, նույնպես մտնում են մոլեկուլյար շերտի տանգենցյալ հյուսակի թելերի կազմության մեջ: Կեղևի ամենահաստ շերտը բրգաձև Է: Այն հատկապես լավ է զարգացած առաջ – կենտրոնական գալարում: Բրգաձև բջիջների չափերը արտաքին շերտից դեպի ներս աստիճանաբար մեծանում են (10–40 մկմ): Բրգաձև բջիջների գագաթից սկսվում է գլխավոր դենդրիտը, որը հասնում է մոլեկուլյար շերտ: Այն դենդրիտները, որոնք սկսվում են բրգաձև բջիջների կողմնային և հիմնային մասերից, սինապսներ են առաջացնում այդ շերտի միջադիր բջիջների հետ: Բրգաձև բջջի նեյրիտը սկիզբ է առնում նրա հիմքից: Փոքր բջիջների աքսոնը մնում է կեղևի սահմաններում, իսկ բրգաձև բջիջներինը առաջացնում է միելինային զուգորդական կամ կոմիսուրալ թելեր՝անցնելով դեպի սպիտակ նյութ: Ներքին հատիկավոր շերտը կեղևի որոշ դաշտերում (տեսողական գոտի) լավ է զարգացած: Այն կարող է բացակայել առաջ– կենտրոնական գալարում: Այդ շերտը կազմված է աստղաձև մանր նեյրոններից: Նրա կազմի մեջ մտնում են մեծ քանակությամբ հորիզոնական թելեր: 

Հանգուցային շերտը կազմված է խոշոր բջիջներից, ընդ որում առաջ–կենտրոնական գալարում կան հսկա բուրգեր, որոնք առաջին անգամ նկարագրվել են կիևցի անատոմ Բեցի կողմից 1874թ. (Բեցի բջիջներ): Դրանք շատ խոշոր բջիջներ են, որոնց երկարությունը հասնում է 120 մկմ–ի, լայնությունը՝ 80 մկմ–ի: Սրանք բրգաձև մյուս բջիջներից տարբերվում են քրոմատոֆիլ նյութի առկայությամբ: Այդ բջիջների նեյրիտները կազմում են կեղևաողնուղեղային և կեղևակորիզային ուղիների հիմնական մասը և վերջանում են շարժիչ կորիզների բջիջներում: Բրգաձև ուղին առաջացնում է մեծ քանակությամբ կոլատերալներ: Բեցի բջիջների աքսոնները առաջացնում են կողմնային ճյուղերի կոլատերալներ, որոնք արգելակող գրգիռներ են ուղարկում կեղևին: Բրգային ուղու կոլատերալները անցնում են զոլավոր մարմին, կարմիր կորիզ, ցանցանման գոյացություն, կամրջի կորիզներ և ստորին օլիվներ: Կամրջի և ստորին օլիվների կորիզներից գրգիռները հաղորդվում են ուղեղիկին: Այսպիսով, երբ բրգային ուղին շարժիչ գրգիռ է հաղորդում երկարավուն ուղեղին, գրգիռներ են ստանում նաև հիմային հանգույցները, ուղեղաբունը և ուղեղիկը: Բրգային ուղու կոլատերալների հետ մեկտեղ գոյություն ունեն թելեր, որոնք կեղևից անմիջապես անցնում են միջանկյալ կորիզներին՝ պոչավոր մարմնին, կարմիր կորիզին, ուղեղաբնի ցանցանման գոյացության կորիզներին և այլն: Բազմաձև բջիջների շերտը կազմված է տարբեր տիպի բջիջներից՝ հիմնականում իլիկաձև: Այս շերտի արտաքին մասը պարունակում է խոշոր բջիջներ: Ներքին մասի բջիջներն ավելի փոքր են և իրարից համեմատաբար հեռու են դասավորված: Այս շերտի նեյրիտները սպիտակ նյութ են անցնում գլխուղեղի էֆերենտ ուղիներով: Այստեղ գրգիռներ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժիններից և սինապսների միջոցով հաղորդվում բրգաձև բջիջների մարմիններին և դենդրիտներին: Բրգաձև խոշոր բջիջների աքսոններով գրգիռներ են անցնում էֆերենտ ուղիներ: Կեղևի ներսում՝ նեյրոնների միջև, առաջանում են բարդ կապեր: 

Տարբեր դաշտերի կեղևը բնութագրվում է նրա այս կամ այն շերտերի զարգացման աստիճանով: Այսպես, կեղևի շարժիչ կենտրոններում՝ առաջ– կենտրոնական գալարում, ուժեղ զարգացած են 3–րդ, 5–րդ, 6–րդ շերտերը և վատ են արտահայտված 2–րդ, 4–րդ շերտերը: Սա կեղևի այսպես կոչված ոչ հատիկավոր տեսակն է: Այս շրջաններից սկիզբ են առնում կենտրոնական նյարդային համակարգի վայրէջ հաղորդչական ուղիները: Զգացող կեղևային կենտրոնները, որտեղ վերջանում են հոտառության, լսողության և տեսողության օրգաններից եկող աֆերենտ հաղորդիչները, թույլ են զարգացած, պարունակում են խոշոր և միջին բուրգեր, մինչդեռ հատիկավոր շերտը (2–րդ և 4–րդ) հասնում է առավելագույն զարգացմանը: Սա կեղևի հատիկավոր տեսակն է:

ԿԵՂԵՎԻ ՄԻԵԼՈԱՐԽԻՏԵԿՏՈՆԻԿԱՆ: Մեծ ուղեղի նյարդաթելերում կարելի է առանձնացնել թելերի հետևյալ տեսակները՝ ասոցիատիվ, որոնք կապում են միևնույն կիսագնդի կեղևի տարբեր բաժինները, կոմիսուրալ, որոնք կապում են տարբեր կիսագնդերի կեղևները և պրոյեկցիոն՝ ինչպես աֆերենտ, այնպես էլ էֆերենտ, որոնք կեղևը կապում են կենտրոնական նյարդային համակարգի ցածրագույն բաժինների հետ: Կեղևում այս թելերը առաջացնում են ճաճանչային ճառագայթներ, որոնք վերջանում են բրգային շերտում: Բացի մոլեկուլյար շերտի արդեն նկարագրված տանգենցիալ հյուսակից, ներքին հատիկավոր և հանգուցային շերտերի վրա դասավորված են միելինապատ նյարդաթելերի շոշափողական (տանգեցիալ) երկու շերտ՝ ներքին և արտաքին ժապավեններ, որոնք, ըստ երևույթին, կազմավորվում են աֆերենտ թելերի ծայրային ճյուղավորումներով և կեղևի բրգաձև բջիջների նեյրոնների կոլատերալներով: Հորիզոնական թելերը, սինապտիկ կապերի մեջ մտնելով կեղևի նեյրոնների հետ, ապահովում են նյարդային գրգիռի լայն տարածումը: Մեծ ուղեղի տարբեր բաժիններում ուղեղի կառուցվածքը տատանվում է լայն սահմաններում, այդ պատճառով էլ նրա բջջային կազմի և թելերի ընթացքի մանրակրկիտ հետազոտությունները հատուկ դասընթացի ուսումնասիրման առարկա են: Մեծ ուղեղի կիսագնդերի կեղևը պարունակում է նեյրոգլիալ հզոր ապարատ, որը կատարում է սնուցող (տրոֆիկ), պաշտպանական, հենարանային և սահմանազատող ֆունկցիաներ: Այսպիսով, ուղեղի կեղևում ըստ Բարգմանի տարբերում են միելոարխիտեկտոնիկ յոթ շերտ՝ տանգենցիալ, միելինով աղքատ, վերզոլային, արտաքին զոլային (Բայիլարժեի), միջզոլային, ներքին զոլային (Բայիլարժեի), ենթազոլային:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին