Ուղեղ-ողեուղեղային հեղուկը (Liquor cerebro-spinalis) յուրահատուկ միջավայր է, որը ողողում է գլխուղեղն ու ողնուղեղը,, նրանց թաղանթները, ներքին կանալներն ու փորոքները։ Այն ուղեղի ներքին միջավայրն է և իրականացնում է մի շարք ֆունկցիաներ. 1) հանդիսանում է ջրաբաշխիչ բարձ, որը ուղեղային հյուսվածքը պաշպանում է մեխանիկական հարվածներից, 2) գտնվելով շրջանառության մեջ և փոխադրելով տարբեր իոններ ու նյարդազատուկեեր, այն անմիջական եվ ուղղակի կապ է հաստատում ուղեղի տարբեր հատվածներնի միջև և ներգործում նրա ֆունկցիաների վրա։ Այս ճանապարհով Са2+ -ի իոններով գրգռվում են, օրինակ, երրորդ փորոքի պատերը կազմող ենթատեսաթմբի կորիզները, իսկ երկարավուն ուղեղը ողողող հեղուկի ածխաթթու գազի մոլեկուլները գրգռում են կենտրոնական քեմոռեցեպտորները, 3) այն պահպանում է նաև ուղեղի ջրաաղային հաշվեկշիռը, հետևաբար նաև օսմոսային ճնշումը, 4) քանի որ իր գոյացման վայրում հեղուկն ավելի հարուստ է սննդանյութերով, ապա պետք է ենթադրել, որ հեղուկն ունի նաև սնուցող նշանակություն, 5) հեղուկի միջոցով կարող են հեռանալ նաև նյութափոխանակության արգասիքները։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի նշած ֆունկցիաները իրականանում են միայն նրա բնականոն շրջապտույտի պայմաններում, իսկ շրջապտույտի խանգարման դեպքում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները խանգարվում են։

Թաղանթների տակ գտնվող հեղուկը կանալների ու փորոքների հեղուկի հետ հաղորդակցվում է հատուկ անցքերի միջոցով։ Գտնում են, որ ուղեղ-ողնուղեղային հեղուկը սինթեզվում է ուղեղի փորոքները պատող անոթային ցանցի բջիջների կողմից, իսկ ոստայնենու տակ մազանոթային ցանցում կատարվում է նրա հետծծումը։ Այս մեխանիզմով հեղուկի քանակը պահպանվում է բնականոն մակարդակի վրա։ Այն տատանվում է 120-150մլ սահմաններում։ Հեղուկի մեծ մասը գտնվում է թաղանթների տակ և միայն 20-40մլ է գտնվում փորոքներում։ Այն անգույն, թափանցիկ հեղուկ է, հիմնային pH-ով (7,4) և 1,005-1,007 տեսակարար կշռով։ Հեղուկը պարունակում է չնչին քանակությամբ սպիտակուցներ (0,02%) և լիմֆոցիտներ։
Արյան պլազմայի և ուղեղ-ողնուղեղային հեղուկի բաղադրությունների էական տարբերություններն առաջին հերթին բացատրվում են ուղեղի արյունաուղեղային պատնեշի բնորոշ ֆունկցիայով, որն ըստ սպիտակուցային մոլեկուլների թափանցելիության համարվում է մեկուսացնող պատնեշ։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին