Թուլամտությունը (դեմենցիա) զարգանում է օրգանական ծանր ախտահարումների հետևանքով։ Նախկինում ձեռք բերված գիտելիքներն ու գործնական ունակությունները աստիճանաբար նվազում ու վերանում են։ Թուլամտություն առաջացնող պատճառներից կարելի է նշել, օրինակ, գանգուղեղի ծանր վնասվածքը (վնասվածքային թուլամտություն), գլխուղեղի աթերոսկլերոզը (աթելոսկլերոզային թուլամտություն), գլխուղեղի ատրոֆիկ գործընթացները (Պիկի և Այցհեյմերի հիվանդություններ, ծերունական թուլամտություն), էպիլեպսիան (էպիլեպտիկ թուլամտություն), պրոգրեսիվ պարալիզը (պարալիզային թուլամտություն) և այլն։ Թուլամտությունն ըստ առաջացնող հիմնական հիվանդության կարող է լինել ընդհանուր կամ ամբողջական (տոտալ) և մասնակի կամ օջախային (լակունար, պարցիալ)։ Ընդհանուր (տոտալ) թուլամտության դեպքում հոգեկան բոլոր գործառություններն ախտահարվում են. հիշողությունը թուլանում է, դատողություններ ու մտահանգումներ անելու ընդունակությունը վերանում կամ խիստ դժվարանում է, իրենց հիվանդագին վիճակի քննադատությունը թուլանում կամ լրիվ բացակայում է, հիվանդները չեն գիտակցում իրենց մոտ ստեղծված արատավոր վիճակը։

Միաժամանակ խանգարվում է նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու ունակությունը։ Հոգեկան ակտիվության կորստի կամ աղավաղման հետ միասին փոխվում է հիվանդների վարքը շրջապատում, նրանք հաճախակի տարօրինակ ու շրջապատի բարոյական պահանջներին չհամապատասխանող արարքներ են կատարում։ Ապաարգելակվում են նաև բնազդային հակումները, խեղաթյուրվում է աֆեկտիվ կամային ոլորտը։ Մասնակի (պարցիալ կամ լակունար) թուլամտությունը հիմնականում զարգանում է հիշողության ֆունկցիայի խանգարման և ուշադրությունը կենտրոնացնելու անընդունակության հետևանքով։ Առաջին հերթին ի հայտ են գալիս հաշվարկներ կատարելու, թվականները, անունները, ընթացիկ դեպքերը հիշելու ընդունակության խանգարում, հոգեկան գործընթացների դժվարացում ու դանդաղեցում։ Առօրյա, սովորական աշխատանքային գործունեության ժամանակ հիվանդները զգում են իրենց անկարողությունը, այն քննադատորեն են գնահատում։ Բնորոշ է նաև հուզական անկայունությունը, պսիխոգեն (հատկապես դեպրեսիվ) ռեակցիաներ տալու հակվածությունը։ Մասնակի թուլամտությունը զարգանում է գանգուղեղի օրգանական հիվանդությունների (աթերոսկլերոզ, ուռուցք, սիֆիլիս և այլն) հետևանքով։ Ներկայումս մի շարք երկրներում լայնորեն կիրառվում է բանականության գործակցի (IQ) որոշման մեթոդը։ Այն որոշվում է հետևյալ բանաձևով՝ հոգեբանական տարիք ...........X 100 անձնագրային տարիք

Այզենկի տվյալներով 200 երեխաներից միայն մեկի IQ –ն բարձր է եղել 140-ից, իսկ մեկինն էլ ցածր 60-ից, իսկ մնացած երեխաների (90 տոկոս) IQ-ն եղել Է՝ 90-110-ի սահմաններում։ Սակավամիտ երեխաների դեպքում այն 60-ից ցածր է։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին