Ցողունային կենտրոններՈւղեղի ցողունում տեղակայված կենտրոնները (երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ) օրգանիզմի ընդերային ֆունկցիաները կառավարում են պարասիմպաթիկ նյարդաթելերով, որոնք ընթանում են թափառող (գանգուղեղային նյարդերի 10-րդ զույգ), լեզվաըմպանային (9-րդ զույգ), դիմային (7-րդ զույգ) և ակնաշարժ (3-րդ զույգ) նյարդաթելերի կազմում։

Երկարավուն ուդեղում տեղադրված են նյարդային կենտրոններ, որոնց օգնությամբ իրականացվում են այնպիսի բարդ ռեֆլեքսներ, ինչպիսին են ծծելը, ծամելը, կլումը, հազը, փսխումը, արցունքահոսությունը, թքարտադրությունը։ Այստեղ տեղադրված են նաև նյարդային կենտրոններ, որոնք արգելակում են սրտի գործունեությունը, ստամոքսագեղձերի, ենթաստամոքսային գեղձի հյութազատության խթանումը, լեղապարկից և լեղուղիներից լեղու արտահանումը, ստամոքսի և աղիքների կծկումների դրդումը։

Երկարավուն ուղեղի ցանցանման գոյացության մեջ է գտնվում անոթաշարժ կենտրոնը, որը կարգավորում և ամբողջացնում է նյարդային համակարգի սիմպաթիկ հատվածի այն նեյրոնների գործունեությունը, որոնք տեղադրված են ողնուղեղի կրծքային ե գոտկային հատվածներում և անոթասեղմիչ ազդակներ են ուղարկում դեպի ծայրամաս։ էլեկտրաֆիզիոլոգիական մի շարք հետազոտություններում ցույց է տրվել, որ 6,5 մ/վրկ արագությամբ գրգիռ հաղորդող վարընթաց կոճղեզաողնուղեղային սիմպաթոակտիվացնող նյարդաթելերը հանդիսանում են երկարավուն ուղեղի թիկնապոչային շրջանի ցանցաողնուղեղային սիմպաթոակտիվացնող նեյրոնների աքսոնները, որոնք տեղադրված են ողնուղեղի սողնակից բերանայնորեն գտնվող փոքր բջջային (պարվոցելլյուլար), փորային և խոշոր բջջային ցանցանման կորիզների (Դիտմարի և Օվսյաննիկովի անոթաշարժ և կարդիոաքսելերատոր կենտրոն) սահմանագծում։ Այդ ցանցաողնուղեղային սիմպաթոակտիվացնող նեյրոնների սեպային ակտիվության ուաումնասիրության ժամանակ, որը կատարվել է ողնուղեղի թիկնակողմեային լարիկի վարընթաց սիմպաթոակտիվացնող ուղիների հակընթաց նույնականացված դրդումով, պարզվել է, որ դրանք ստեղծում են 2 ազդակ/վայրկյանից ոչ բարձր հաճախությամբ ֆոնային պարպումներ և չեն առաջացնում արտահայտված անոթազարկային ու շնչառական փոփոխություններ։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում երկայնաձիգ ուղեղի փորակողմնային շրջանում տեղադրված երկրորդ անոթաշարժ շրջանի ցանցաողնուղեղային սիմպաթոակտիվացնող նեյրոնները, որոնց ֆոնային պարպումների թիվը հասնում է 14,4 ազդակ/վայրկյանի, որը բավականին բարձր է թիկնակողմնային շրջանի սիմպաթոակտիվացնող նեյրոնների ֆոնային պարպումների համեմատ։

Դրանք էական հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ հանգուցային դեր են կատարում զարկերակային ճնշման պահպանման և սեղմման ռեֆլեքսների ձևավորման գործում։ Պարզվել է, որ ողնուղեղի միջակողմնային կորիզի անոթաշարժ և կարդիոաքսելերատոր սիմպաթիկ նախահանգույցային նեյրոնները դրդող մուտքեր են ստանում այդ երկու կոճղեզային սիմպաթոակտիվացնող շրջաններից և արգելակող մուտքեր երկու ուղեղային կառույցներից, ճնշումաընկալչական ռեֆլեքսի կոճղեզային շրջանից («Ապաճնշումային շրջան А», ըստ Շերերի) և ողնուղեղի Մեգունի ու Ռայենսի փորամիջային ընդհանուր արգելակող շրջանից («Ապաճնշումային շրջան В», ըստ. Շերերի)։ Թափառող նյարդի զգայական կորիզը, որը մենավոր ուղու կորիզն է, կարևոր դեր է կատարում սիրտանոթային ռեֆլեքսների համակարգի ամբողջացման օղակում, քանի որ աորտային և ծոցային նյարդերի առաջնային կենտրոնաձիգ թելերի միջոցով աորտայի աղեղի և կարոտիսային ծոցի ճնշումակենտրոնաձիգ ռեֆլեքսային շրջաններից (որոնք գտնվում են ներքին և արտաքին քնային զարկերակների միջև, ընդհանուր քնային զարկերակի երկատման շրջանում) եկող տեղեկատվությունը փոխարկվում է նրա նեյրոնների վրա։ Պարզվել է, որ մենավոր ուղու կորիզի խթանումը հակադարձ պատասխան է առաջացնում ոչ միայն թափառող նյարդի աորտային ճյուղում, այլև լեզվաըմպանային նյարդի (9-րդ զույգ) ճյուղ հանդիսացող ծոցային նյարդում։

Թափառող նյարդի կորիզներում փակվում են նաև որովայնի խոռոչի ներքին ընկալիչների գրգռումից առաջացած ռեֆլեքսները, որոնք առաջացնում են սրտի կծկումների հաճախության նվազում (Հոլցի ռեֆլեքս), ինչպես նաև ակնասրտային (Աշների ռեֆլեքս) և շնչառական-սրտային ռեֆլեքսներ։ Թափառող նյարդի թելերով ընթանում են շնչառական ուղիների, ստամոքսի բարակ աղիքի, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի, լեղուղիների գործունեությունը կարգավորող ազդակներ։ Դիմային և լեզվաըմպանային նյարդերի թելիկներով իրականացվում է թքային և արցունքային գեղձերի աշխատանքի կարգավորումը։ Բբային ռեֆլեքսի և աչքի հարմարման (ակկոմոդացիա) կենտրոնները գտնվում են քառաբլուրների առաջային թմբերում (միջին ուղեղ)։ Երկարավուն ուղեղի նյարդային կենտրոնները վարընթաց ազդեցություն են ունենում նաև ողնուղեղի սիմպաթիկ ու պարասիմպաթիկ ռեֆլեքսային աղեղների վրա։ Այդ ազդեցությունները կարող են լինել դրդող ե արգելակող։ Հատկապես ուժեղ է դրսևորվում ուղեղաբնի ստորին բաժինների ազդեցությունն արյան շրջանառության վրա։ Այդ կարգավորումն իրականացնող կառույցները տեղադրված են երկարավուն ուղեղի ցանցանման գոյացության մեջ և նրանց միագումարն ընդունված է անվանել անոթաշարժ կենտրոն։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին