ՑիտոկիններՀայտնի են մի շարք սպիտակուցային մոլեկուլներ, որոնք  ազդում են իմունոկոմպետենտ բջիջների բազմացման և տարբերակման վրա: Այս սպիտակուցները կոչվում են ցիտոկիններ: Նրանք յուրահատուկ չեն հակածինների համար, բայց նրանց արտադրությունը և նրանց հանդեպ պատասխանը կախված են հակածնով խթանումից: Ցիտոկինների կազմում են գտնվում լիմֆոկինները, որոնք արտադրվում են T-լիմֆոցիտների կողմից և մոնոկինները, որոնք արտադրվում են հակածին ներկայացնող բջիջների կողմից: Սրանք ընդհանուր անվամբ կոչվում են ինտերլեյկիններ, որոնք գործում են երկու ուղղությամբ`պարակրին և աուտոկրին:

Պարակրին ազդեցության ժամանակ մի բջջից արտադրված ցիտոկինը ազդում է մեկ այլ բջջի վրա: Աուտոկրին ազդեցության դեպքում բջիջն արտադրում է ցիտոկին, որն անհրաժեշտ է հենց իր ակտիվացման համար: Ներքոհիշյալ ցիտոկինների մի մասն ազդում է պարակրին, մյուս մասը աուտոկրին կերպով, մի մասն էլ` և աուտոկրին և պարակրին:
Բոլոր դեպքերում բջջի ընկալունակությունը տվյալ ցիտոկինի հանդեպ կախված է նրա նկատմամբ ընկալիչի առկայությունից այդ բջջի մակերեսին: Ցիտոկին-ընկալիչ փոխազդեցությունը բերում է բջջի մեջ նոր գործողությունների ծավալմանը, ինչպիսիք են բջջի աճի խթանումը, տարբերակումը կամ մահը: Այսպիսով, ցիտոկինները արտաբջջային գործոնների մի ենթադաս են, որոնք ազդում են բջջի բազմացման և տարբերակման վրա: Բացի այս ազդեցություններից, ցիտոկինների մեծ մասն ունեն տարբեր կենսաբանական ազդեցություններ:

Մոնոկիններն(արտադրված մակրոֆագերի կողմից) են IL-1, IL-6, IL-8, IL-12 և TNF-α-ն (ուռուցքի նեկրոզի գործոն): Այս ցիտոկինների արտադրությունը խթանվում է մակրոֆագի կողմից մանրէների ճանաչումից, կուլ տալուց և քայքայելուց հետո: Այս բոլոր ցիտոկինները ունեն կարևոր տեղային և համակարգային ազդեցություններ:
TNF` Հայտնի են երկու տեսակի ՈւՆԳ (TNF) սպիտակուցներ` TNF-α (կոչվում է նաև կախեկտին) և TNF-β (կոչվում է լիմֆոտոքսին): Երկուսի գեներն էլ գտնվում են 6-րդ քրոմոսոմի վրա` MHC III հատվածում:

TNF-α-ն կարող է արտադրվել բազմաթիվ բջիջների ակտիվացումից հետո, այդ թվում` մակրոֆագերի, T և B-լիմֆոցիտների, NK-բջիջների, էնդոթելային բջիջների, ֆիբրոբլաստների և կերատինոցիտների: TNF-α-ի կարևոր խթանիչներ են էնդոտոքսինը, որոշ վիրուսներ և պարզագույններ, C5a-ն, P-նյութը, IL-1, IL-2-ը և TNF-α-ն հենց ինքը: Պարարտ բջիջները և բազոֆիլները նույնպես կարևոր աղբյուր են: TNF-α-ի արտադրությունը ընկճվում է ցիկլոսպորին A-ով, պրոստագլանդին E2-ով և դեքսամեթազոնով:

TNF-ի երկու ընկալիչններ են նկարագրվել, բայց երկուսն էլ կապվում են և TNF-α-ի և TNF-β-ի հետ: Այդ ընկալիչները առկա են և TNF-ի հանդեպ և զգայուն, և կայուն բջիջների վրա:
TNF-α-ն միջնորդում է ֆիբրոբլաստների և էնդոթելային բջիջների բազմացումը:
TNF-α-ի հակաուռուցքային ազդեցությունները պայմանավորված են մի քանի որոշակի ազդեցություններով. 1. TNF-α-ն ունի ուղղակի ցիտոտոքսիկ ազդեցություն ուռուցքային, բայց ոչ նորմալ բջիջների վրա, 2. TNF-α-ն փոխում է անոթաթափանցելիությունը այնպես, որ մեծանում է լիմֆոցիտների հոսքը դեպի ուռուցքային բջիջ, 3. TNF-α-ն ակտիվացնում է այն բջիջներին, որոնք պատասխանատու են հակաուռուցքային իմունիտետի համար: TNF-α-ն լայնորեն ուսումնասիրվում է կլինիկական փորձերում`ուռուցքների բուժման տեսանկյունից:

TNF-α-ն բորբոքման գլխավոր միջնորդանյութն է. այն արագորեն արտադրվում է վնասվածքի կամ վարակի օջախում (TNF-α-ի տեղային ազդեցություն): Բորբոքման համար բնորոշ համարվող տեղային կարմրությունը, տաքությունը, այտուցը, ցավը արտացոլում են տեղային TNF-α-ի երկու ազդեցություն. մեկը տեղային անոթների տրամագծի մեծացումն է (հատկապես`երակիկների), որը բերում է տեղային արյունամատակարարման մեծացման, այստեղից էլ` տաքությունն ու կարմրությունը, մյուսը` անոթաթափանցելիության մեծացումն է, որը բերում է հեղուկի (ինչպես նաև իմունագլոբուլինների, կոմպլեմենտի և այլ սպիտակուցների) տեղային կուտակման, այստեղից էլ` այտուցը և ցավը:

TNF-ի մյուս ազդեցությունը էնդոթելի վրա ադհեզիայի մոլեկուլների էքսպրեսիայի խթանումն է, որոնց օգնությամբ նրանց մակերեսին են կպչում շրջանառող մոնոցիտները և բազմաձև կորիզավոր նեյտրոֆիլները, և մեծապես ուժեղացնում են այս ֆագոցիտար բջիջների միգրացիան անոթների միջով դեպի բորբոքման օջախ: Ինչպես հայտնի է, մոնոցիտները մշտապես միգրացիա են կատարում դեպի տարբեր հյուսվածքներ, որտեղ տարբերակվում են մակրոֆագերի: Բորբոքման ժամանակ մեծ քանակով տեղային անոթների պատին, ինչպես նաև լեյկոցիտների մակերեսին դրսևորված ադհեզիայի մոլեկուլները բերում են բորբոքման օջախ մեծ քանակով շրջանառող բջիջների ներհոսքի (էքստրավազացիա): Մոնոկինները նաև խթանում են էնդոթելային բջիջների վրա մակարդման գործոնների էքսպրեսիան, որը բերում է մակարդուկների առաջացմանը այդ փոքր անոթներում: Սա կարևոր է ախտածնի ներթափանցումը դեպի արյան հոսք կանխելու համար:

Այսպիսով, TNF-α-ի հիմնական ազդեցությունները անոթների վրա հետևյալն են. Արյան հոսքի մեծացում, անոթաթափանցելիության աճ` հեղուկի, սպիտակուցների և բջիջների նկատմամբ և լեյկոցիտների ու թրոմբոցիտների նկատմանբ կպչունության աճ:
TNF-α-ի տեղային արտադրությունը այսպիսով բերում է տվյալ օջախ հեղուկի, սպիտակուցների, բջիջների հոսքի, որը որոնք մասնակցում են վարակի դեմ պաշտպանությանը: Փոքր անոթները հետագայում խցանվում են մակարդուկներով` կանխելու համար վարակի տարածումը արյան հունով և հեղուկը մտնում է ռեգիոնալ ավշային հանգույցներ, որտեղ և սկիզբ է դրվում ադապտիվ իմունային պատասխանին: Սրանք ակտիվացված մակրոֆագերի կողմից արտադրվող TNF-α-ի տեղային պաշտպանական գործառույթներն են:

Բայց TNF-α-ն կարող է ունենալ նաև վնասող ազդեցություն, երբ առկա է համակարգային վարակ, սեպսիս մանրէներով, որոնք խթանում են TNF-α-ի արտադրությունը ամբողջ օրգանիզմի մակրոֆագերի կողմից: Այդ դեպքում TNF-α-ն ազդում է նույն կերպ անոթների վրա: Արդյունքը շոկն է, տարածուն ներանոթային մակարդումը, որը բերում է միկրոթրոմբների համատարած առաջացման և մակարդման գործոնների սպառման, ուստի արյունամակարդելիությունն ի վերջո ընկճվելով` բերում է համակարգային այտուցի, հիպոպրոտեինեմիայի, նեյտրոպենիայի, պլազմայի ծավալի կորստի, բազմաօրգանային անբավարարաության և մահվան:

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ TNF-α-ի գերարտադրմամբ ուղեկցվող հիվանդությունները, ինչպիսիք են սեպտիկ շոկը, լուպուս-նեֆրիտը, կարող են ենթարկվել հակա-TNF-α հակամարմիններով բուժմանը կամ այնպիսի հակաբորբոքային դեղամիջոցների Ցիտոկիններազդեցությանը, որոնք բերում են TNF-α-ի արտադրության ընկճմանը, ինչպիսիք են ցիկլոսպորին A-ն, ստերոիդները:

TNF-α-ի մեկ այլ համակարգային ազդեցություն է տենդի առաջացումը:
TNF-α-ի բազմաթիվ ազդեցություններ ուժեղանում են IL-1կողմից, քանի որ նրանք սինեգիստիկ ազդեցություն ունեն:

Ինչպես և կարևոր տեղային ազդեցությունները, մակրոֆագերի կողմից արտադրված IL-1-ն ունի կենսաբանական ազդեցությունների լայն շառավիղ, որն օգնում է կոորդինացնելու մարմնի պատասխան ռեակցիան վարակի դեմ: Դրանցից է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որը միջնորդվում է IL-1-ով և IL-6-ով: Սրանք կոչվում են էնդոգեն պիրոգեններ, որովհետև առաջացնում են տենդ և ծագում են ներքին աղբյուրներից: Մանրէների մեծամասնությունը լավ աճում է ցածր ջերմաստիճանի պայմաններում, ուստի IL-1-ը և IL-6-ը օգնում են ոչնչացնել այդ մանրէներին:
TNF-α-ն նույնպես ունի նման ազդեցություն:
IL-1-ի և IL-6-ի այլ կարևոր գործառույթներից է սուր փուլի սպիտակուցների սինթեզի խթանումը. IL-6-ը ազդում է հեպատոցիտների վրա, իսկ IL-1-ը կարող է մասնակցել Կուպֆերյան բջիջների կողմից IL-6-ի արտադրմանը: Այս սպիտակուցներից մեկը` C-ռեակտիվ սպիտակուցը կապում է ֆոսֆորիլխոլինը, որը տարածված է մանրէների թաղանթների վրա: Ֆոսֆորիլխոլինը նաև հանդիպում է կաթնասունների բջջաթաղանթին, բայց այն կերպ, որ չի կարող կապվել C-ռեակտիվ սպիտակուցի հետ: Երբ այդ սպիտակուցը  կապվում է մանրէին, այն ոչ միայն օպսոնիզացվում է մանրէին, այլ նաև ակտիվացնում է կոմպլեմենտի կասկադը: Այսպիսով, սուր փուլի պատասխանի ժամանակ պլազմայի որոշ սպիտակուցների` սուր փուլի սպիտակուցների մակարդակը նշանակալի բարձրանում է, մինչդեռ IL-1և IL-6-ի ազդեցությամբ պլազմայի ալբումինների մակարդակն իջնում է:

Այս ցիտոկինների մեկ այլ հեռակա ազդեցությունն է լեյկոցիտոզի առաջացումը: Լեյկոցիտները գալիս են երկու աղբյուրից. ոսկրածուծից, որտեղից հասուն լեյկոցիտներ են գալիս մեծ քանակով, և արյունատար անոթների հատվածները, որտեղ լեյկոցիտները հպված են էնդոթելային բջիջներին: IL-8-ը մասնավորապես կարևոր է դեպի բորբոքման օջախ նեյտրոֆիլների ներհոսքի ապահովման համար: Այսպիսով, IL-8-ը քեմոատրակտանտ է նեյտրոֆիլների համար և նրա գլխավոր պաշտպանական ազդեցությունը սուր բորբոքումն է` նեյտրոֆիլով հարուստ ինֆիլտրատի առաջացումը:

Այսպիսով, ինֆեկցիայի ժամանակ մակրոֆագերի կողմից արտադրվող ցիտոկինները ունեն երեք հիմնական ազդեցություն`
1. նրանք բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը,
2. նրանք խթանում են սուր փուլի սպիտակուցների և ընկճում ալբումինի սինթեզը լյարդի կողմից (այս երկու ազդեցությունը IL-1 և IL-6-ի շնորհիվ է),
3. ցիտոկինները առաջացնում են բորբոքում, որը հիմնականում միջնորդվում է TNF-α-ի և IL-8-ի միջոցով:

Այսպիսով, TNF-α-ն, IL-1-ը և IL-6-ը բորբոքային ցիտոկիններ են: Այժմ IL-1-ի մասին:

Մարդու IL-1-ը բաղկացած է երեք պրոտեիններից. IL-1-α, IL-1-β և IL-1-ընկալիչի անտագոնիստը, որոնք կոդավորվում են տարբեր գեների կողմից: Բացի մեծ քանակով ակտիվացված մակրոֆագերի և մոնոցիտների կողմից արտադրվելուց, IL-1-ը նաև սինթեզվում է այլ բջիջներում, այդ թվում` կերատինոցիտներում, մաշկի Լանգերհանսյան բջիջներում, ակտիվացված B-բջիջներում, NK-բջիջներում: Ընդհանուր առմամբ բոլոր կորիզավոր բջիջները խթանվելուց հետո կարող են արտադրել IL-1-α և IL-1-β: Երկուսի նախնական ձևերը գտնվում են ցիտոպլազմայում: IL-1-β-ի նախաձևը կենսաբանորեն ինակտիվ է, իսկ IL-1-α-ինը` ակտիվ: IL-1-α-ն մեծ քանակով, որպես նախապես սինթեզված միջնորդանյութ, առկա է էպիթելային բջիջներում (օր.`մաշկի կերատինոցիտները): Այս բջիջների վնասումը կամ նրանց խթանումը բերում է ակտիվ IL-1-ի շատ մեծ քանակների արտազատման:

IL-1-ի հզոր խթանիչ են բակտերիալ էնդոտոքսինը, լեյկոտրիենները, C5a-ն, THF- α-ն և IL-6-ը:
IL-1-ի էֆֆեկտները բազմաթիվ են: Հիմնականում այն ազդում է T և B-բջիջների վրա որպես համախթանիչ:

1. Այն գործում է սիներգիստորեն IL-6-ի հետ` խթանելով IL-2-ի սինթեզը և նպաստելով նրա ընկալիչների էքսպրեսիային T-լիմֆոցիտների վրա, երբ նրանք պատասխանում են հակածիններին և միտոգեններին:
2. Այն նաև ուժեղացնում է IL-4-ի և  IL-6-ի խթանող ազդեցությունները B-բջիջների աճի և տարբերակման վրա:
3. Խթանելով ոսկրածուծի գաղութախթանիչ գործոնի արտադրությունը` նպաստում է գրանուլոցիտների բազմացմանը (համակարգային ազդեցություն), բերում է քնկոտության, ախորժակի իջեցման, THF-α-ի կատաբոլիկ ազդեցության ուժեղացման: Կենսաբանորեն ակտիվ IL-1-ը հայտնաբերվել է սինովիալ հեղուկում և լնդերի հեղուկում, որտեղ նրա քանակը կորելյացիայի մեջ է հիվանդության ակտիվության հետ. այն բերում է ոսկրի ռեզորբցիայի և կալցիումի արտազատման:

IL-1-ի շատ էֆեկտները անուղղակի են և միջնորդված են IL-6-ի և THF- α-ի օգնությամբ:
IL-1-ի և THF- α-ի կարևոր տարբերությունը ցիտոտոքսիկ ազդեցություններն են: THF- α-ն հզոր հակաուռուցքային հատկություններ ունի և ցիտոտոքսիկ է շատ նորմալ բջիջների համար, իսկ IL-1-ը միայն որոշ դեպքերում ունի ուղղակի հակաուռուցքային հատկություն, և սովորաբար ցիտոտոքսիկ չէ նորմալ բջիջների համար: Բացառություն են կազմում ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջները:
IL-1-ի ընկաիլչները առկա են տարբեր բջիջների վրա` բարձր և ցածր խնամակցությամբ:
IL-1-ի օգտակար ազդեցությունները, որոնք կարող են բուժական նշանակություն ունենալ, օրգանիզմի պաշտպանությունն է ճառագայթման լետալ չափաբաժիններից և հեմատոպոեզի խթանումը:
IL-1-ի անտագոնիստները, ինչպիսիք են IL-1Ra-ն ունեն մեծ պոտենցիալ` որպես հակաբորբոքային և իմունոսուպրեսիվ գործոններ:
IL-12-ը այն մոնոկիններից է, որն արտադրվում է շատ վարակների վաղ փուլում: IL-12-ի THF- α-ի հետ մեկտեղ բերում է IFN-g-ի մեծ քանակի արտադրման NK-բջիջների կողմից և խաղում է վճռորոշ դեր որոշ վարակների հսկման գործում մինչև T-բջիջները կակտիվանան և կարտադրեն այդ ցիտոկինը: Այսպիսով, բազմաթիվ ներբջջային բակտերիաներ և վիրուսներ ակտիվացնում են մակրոֆագերին և NK-բջիջներին, որոնք սկսում են արտադրել IL-12 և IFN-g: վերջիններս ազդում են CD4 T-բջիջների վրա` որոնց ազդեցությամբ այդ բջիջները տարբերակվում են Th1 CD4-բջիջների:

IL-2-ը մեկ շղթայե սպիտակուց է: Այն անհրաժեշտ է T-բջիջների, NK-բջիջների աճի և տարբերակման համար: B-բջջի համար այն նույնպես կարող է լինել աճի գործոն: IL-2-ը աճի գործոն է նաև որոշ պարարտ բջիջների համար:
Հանգստի T-լիմֆոցիտները չեն սինթեզում IL-2: Այսպիսով, IL-2-ը նախապես սինթեզված չէ, բայց կարող է արագ սինթեզվել և արտազատվել բջջի խթանումից հետո: Յուրահատուկ հակածնի հետ սկզբնական հանդիպումը համախթանիչ CD28-B7 առկայության դեպքում նպաստում է T(CD4+) բջջի անցմանը բջջային ցիկլի G1 փուլ և խթանում IL-2-ի սինթեզը: Հակածին ներկայացնող բջիջը ակտիվացնում է նաիվ CD8-բջջին, որն էքսպրեսիայի է ենթարկում IL-2-ընկալիչները և խթանում IL-2-ի սինթեզը շատ ավելի ցածր մակարդակով: Եվ նաիվ CD8-բջիջը և CD4-բջիջը պետք է ճանաչեն հակածինը նույն հակածին ճանաչող բջջի մակերեսին: Ակտիվացված CD4-բջիջը արտադրում է IL-2, որը կապվում է CD8-բջջին և անհրաժեշտ է նրա բազմացման և տարբերակման համար: T-բջիջը այս եղանակով ակտիվանալով` օրը 2-3 անգամ կարող է կիսվել մի քանի օր շարունակ` հնարավորություն տալով մեկ բջջին տալու հազարավոր սերունդներ, որոնք բոլորը կրում են նույնական հակածին կապող ընկալիչ: Այսպիսով, IL-2-ը արտադրվում է ակտիվացված T- CD4-բջիջների կողմից և CD8-ի կողմից` շատ ավելի ցածր մակարդակով:

IL-2-ի ընկալիչները`  IL-2-զգայուն բջիջները իրենց մակերեսին էքսպրեսիայի են ենթարկում մակերեսային IL-2-ընկալիչներ (IL-2R): IL-2-ը (որն արտադրվում է ակտիվացված-բջիջների կողմից), կապվում է բարձր խնամակցության IL-2R-ին` նպաստելով T-բջջի աճին  և տարբերակմանը:
IL-2-ի ընկալիչները 3-շղթայից (α, β և g) բաղկացած կառուցվածքներ են, որոնք ամբողջովին դրսևորվում են միայն ակտիվացված T-բջիջների վրա: Հանգստի T-բջիջների վրա միայն β և g շղթաներն են էքսպրեսիայի ենթարկված: T-բջիջների ակտիվացումը բերում է α-շղթայի սինթեզին և լիարժեք ընկալիչի ձևավորմանը, որը բարձր խնամակցություն ունի IL-2-ի հանդեպ և թույլ է տալիս T-բջջին արձագանքելու անգամ IL-2-ի շատ չնչին խտությանը:
CD8 էֆեկտոր T-բջիջների կողմից արտադրված հիմնական ցիտոկինը IFN-g-ն է:

IL-2-ի հակաուռուցքային ազդեցությունը ամենակարևորներից է: IL-2-ը ուղղակիորեն խթանում է NK-բջիջների հակաուռուցքային ակտիվությունը: Բացի դա, IL-2-ը սիներգիստիկ է IFN-g-ի և THF- α-ի հետ հակաուռուցքային ակտիվության առումով:
Ոչ լիմֆոիդային բջիջների վրա IL-2-ի ազդեցությունը քիչ է. 1. մոնոցիտները/մակրոֆագերը իրենց մակերեսին ակտիվացված վիճակում կրում են IL-2-ի ընկալիչ և IL-2-ի ազդեցությամբ ուժեղանում է նրանց` բջիջներ սպանելու հատկությունը, 2. պարարտ բջիջները և Լանգերհանսյան բջիջները  նույնպես ակտիվանալուց հետո դրսևորում են ընկալիչներ IL-2-ի հանդեպ: Արդյոք IL-2-ը ազդում է նրանց բազմացման վրա, թե ակտիվության փոփոխման վրա, հայտնի չէ:
IL-2-ի գերարտադրություն է գրանցվել մի շարք վիճակների դեպքում, ինչպիսիք են հղիությունը, բազմակի միելոման, աուտոիմուն հիվանդություններ (օր.`ցրված սկլերոզը):

ՑիտոկիններԿլինիկայում կարևոր դեր ունեցող իմունոդեպրեսանտները, ինչպիսիք են հիդրոկորտիզոնը, ցիկլոսպորին A-ն, ընկճում են IL-2-ի արտադրությունը լիմֆոցիտների կողմից: IL-2-ի սինթեզն ընկճված է նաև ծերունական տարիքում, շաքարային դիաբետի ժամանակ, ռևմատոիդ արթրիտի դեպքում:
Կլինիկական գործունեության մեջ IL-2-ով իմունաթերապիան դարձել է որոշ չարորակ նորագոյացությունների բուժման հիմնաքարը: IL-2-ի հակաուռուցքային ազդեցության վերաբերյալ երկու կլինիկական մոտեցում կա. 1. ծայրամասային արյան մոնոնուկլեար բջիջները, որոնք ենթարկվում են IL-2-ի ազդեցությանը, վերածվում են լիմֆոկինով ակտիվացված քիլլեր բջիջների (LAK), 2. ուռուցքը ինֆիլտրացնող լիմֆոցիտները (TIL) առանձնացվում են վիրահատական նմուշներից, այնուհետև մշակվում լաբորատոր պայմաններում IL-2-ով: Եվ LAK և TIL-բջիջները վերադարձվում են հիվանդին` սովորաբար արտածին IL-2-ի հետ համակցված: IL-2-ը ռեգրեսիայի է ենթարկում մելանոմայի աճը, երիկամաբջջային կարցինոմայի  և լիմֆոմայի աճը:

Հելփեր և բորբոքային CD4 T-բջիջները արտազատում են տարբեր ցիտոկիններ, որոնք որոշում են նրանց տարբեր գործունեությունը իմուն պատասխանի ժամանակ: Հելփեր Th2-բջիջները արտազատում են IL-4, IL-5, IL-6, IL-10 և IL-13, որոնցով ակտիվացնում են B-բջիջներին: Բորբոքային` Th1-բջիջները արտազատում են IFN-g, որը հիմնական մակրոֆագ ակտիվացնող ցիտոկինն է և լիմֆոտոքսին (LT) կամ TNF-β, որն ուղղակիորեն ցիտոտոքսիկ է որոշ բջիջների համար:
Որոշ ցիտոկիններ, ինչպիսիք են  IL-3-ը, IL-6-ը և GM-CSF-ը (գրանուլոցիտար-մոնոցիտար գաղութախթանիչ գործոն), երկու տիպի CD4 էֆեկտոր բջիջներից էլ սինթեզվում են:

IL-3-ը և GM-CSF-ը ունեն հեռակա ազդեցություն: Այս ցիտոկինները ազդում են ոսկրածուծի ծիլերի վրա և խթանում մակրոֆագերի և գրանուլոցիտների աճն ու տարբերակումը, որոնք կարևոր էֆեկտոր բջիջներ են և բջջային, և հումորալ իմուն պատասխանի դեպքում: Th1 և Th2-բջիջները ակտիվանալուց հետո IL-3-ի և GM-CSF-ի հիմնական աղբյուրն են հանդիսանում: IL-3-ը կարող է արտադրվել  և արտազատվել պարարտ բջիջների, NK-բջիջների ակտիվացումից հետո ևս: Գլյուկոկորտիկոիդները և իմունոսուպրեսիվ գործոն ցիկլոսպորին A-ն ընկճում են IL-3-ի արտադրությունը T-բջիջների կողմից:
IL-6-ը գլիկոպրոտեին է, որը կարող է արտադրվել շատ բջիջների կողմից, ներառյալ T և B-լիմֆոցիտները, մոնոցիտները/մակրոֆագերը, էնդոթելային բջիջները, ֆիբրոբլաստները: IL-6-ը բորբոքային ցիտոկին է IL-1-ի և TNF-α-ի նման: IL-6-ը շատ բջիջների աճի գործոն է հանդիսանում: Այն օգնում է B-բջիջներին բազմանալ  և արտադրել Ig-եր: Ուստի նրա երկրորդ անվանումը B-բջիջների գործոն-2 (BCF-2):

TNF-β (լիմֆոտոքսին) ցիտոտոքսիկ սպիտակուց է և ի տարբերություն TNF-α-ի, որը արտադրվում է բազմաթիվ բջիջների կողմից, TNF-β-ի աղբյուրները քիչ են. Th1-ը, T-killer բջիջները և B-բջիջները, NK-լիմֆոցիտները: CD8+ T լիմֆոցիտները արտադրում են TNF-β, որն առկա է արտազատվող հատիկների ձևով: Բայց ի տարբերություն պերֆորինների և պրոտեազների առաջացրած արագ մահվան` այս ցիտոտոքսիկ գրանուլները սպանում են թիրախ բջիջները շատ դանդաղ (24-72ժամում)` ապոպտոզի խթանման մեխանիզմով: Ի տարբերություն TNF-α-ի` TNF-β-ի նախապես պաշարված աղբյուրներ չկան:
TNF-β-ն ունի հակաանգիոգենիկ ազդեցություն ուռուցքի անոթների էնդոթելային բջիջների վրա` առաջացնելով հեմոռագիկ նեկրոզ: TNF-β-ի դերը կախեկսիայի, վարակների և արթրիտի հարցում դեռ անհայտ է:

IL-5 –ի աղբյուրը Th2-լիմֆոցիտներն են: IL-5-ը խթանում է IgA և IgM արտադրությունը B-լիմֆոցիտների կողմից: IL-5-ը պրոլիֆերացիայի գործոն է B-լիմֆոցիտների համար: IL-5-ը ազդում է էոզինոֆիլների քեմոատրակցիայի, տարբերակման գործոն է և հակամարմին կախյալ բջջային ցիտոտոքսիկության խթան:
IL-4-ը գլիկոպրոտեինային աճի գործոն է B-բջիջների, T-բջիջների և պարարտ բջիջների համար: Այն արտադրվում է Th2-լիմֆոցիտների կողմից և հանդիսանում աուտոկրին աճի գործոն այդ բջիջների համար: IL-2-ի նման այն նաև պարակրին գործոն է (քանզի B-բջիջները, որոնք չեն արտադրում IL-4, նույնպես ենթարկվում են նրա ազդեցությանը): IL-4-ը նպաստում է B-բջիջների վրա MHCII գլիկոպրոտեինների էքսպրեսիային և բերում այդ բջիջների կողմից IgG1 և IgE-ի սինթեզին և IgE-ի ընկալիչի (CD23) էքսպրեսիային:

IL-4-ը անտագոնիստական էֆեկտներ ունի IFN-g-ի հետ: Այն ունի կարգավորիչ դեր բորբոքման մեջ: 1.այն խթանում է էնդոթելային բջիջների ադհեզիվությունը` լիմֆոցիտների համար անոթային բջիջների ադհեզիայի մոլեկուլ-1-ի(VCAM-1) շնորհիվ, 2. IL-4-ը ընկճում է բորբոքային ցիտոկինների (TNF-α, IL-1 և IL-6) սինթեզը: Ի լրումն այս իմունակարգավորիչ ազդեցությունների` IL-4-ը որոշ սոլիդ ուռուցքների վրա ունի հակաուռուցքային ազդեցություն:

Այսպիսով, IL-4-ի իմունակարգավորիչ ազդեցություններն են`
1. T-լիմֆոցիտների վրա` IFN-g-ի արտադրության ընկճումը,
2. B-լիմֆոցիտների վրա` IgA սինթեզի ընկճումը, անցումը IgE և IgG4-ի սինթեզի, IgE-ի ընկալիչի (CD23) էքսպրեսիային, MHCII դասի մոլեկուլների ավելի լավ էքսպրեսիային:
3. մակրոֆագ/մոնոցիտների վրա` TNF-α, IL-1, IL-6, IL-8, IL-10-ի արտադրման ընկճումը,
4. էնդոթելային բջիջների վրա` VCAM-1 էքսպրեսիան,
5. բջիջների մեծ մասի վրա` տարբերակում:

IL-4-ը ունի նաև ոչ իմունային դեր, օր.`ֆիբրոբլաստների կողմից աճի գործոնների սինթեզի խթանումը:
IL-10-ը եզակի իմունակարգավորիչ հատկություններով օժտված սպիտակուց է: IL-10-ը ընկճում է IFN-g-ի, TNF-ի և IL-1-ի արտադրությունը Th1 կողմից: Այս հատկությունը դարձնում է IL-10-ին բջջային իմունիտետի կարևոր կարգավորիչ:

Ինտերֆերոններ (IFN)- IFN-α-ն, IFN-β-ն և  IFN-g-ն հայտնի են եղել տարբեր անուններով, ներառյալ լեյկոցիտար ինտերֆերոն, ֆիբրոբլաստահին ինտերֆերոն և մակրոֆագ ակտիվացնող գործոն:
IFN-α-ն և IFN-β-ն ունեն մի շարք ֆունկցիոնալ նմանություններ և, կարծես թե, փոխազդում են միևնույն ընկալիչի հետ: IFN-g-ն կենսաքիմիորեն տարբերվում է մյուս երկուսից:
IFN-α-ն արտադրվում է մոնոնուկլեարների կողմից (լիմֆոցիտներ և մոնոցիտներ), IFN-β-ն` ֆիբրոբլաստների և որոշ էպիթելային բջիջների կողմից, իսկ IFN-g-ն` T-լիմֆոցիտների (Th1, T-killer) և NK-բջիջների կողմից: IFN-g-ի արտադրությունը խթանվում է IL-2-ով և ընկճվում ստերոիդներով ու ցիկլոսպորին A-ով:
Ինտերֆերոնները վիրուսների դեմ բնածին պաշտպանության ամենակարևոր գործոններից են: Նրանք արտադրվում են վարակված բջիջների կողմից (հիմնականում IFN-β) և սահմանափակում վարակի օջախը և վիրուսների ցիտոլիտիկ ազդեցությունը: IFN-α-ն և IFN-β-ն միջնորդում են նմանատիպ հակավիրուսային էֆեկտներ: Երկուսն էլ ունեն կլինիկական նշանակություն վիրուսային վարակների բուժման գործում, հատկապես` խրոնիկական վիրուսային հիվանդությունների (օր.` հեպատիտ B և C):

IFN-g-ն ուժեղացնում է IFN-α-ի և IFN-β-ի հակավիրուսային ազդեցությունը:
IFN-α-ն և IFN-β-ն խթանում են NK-բջիջների, մակրոֆագերի, ցիտոտոքսիկ T-բջիջների ակտիվությունը: Երկուսն էլ որոշ ուռուցքների վրա ունեն աճը ընկճող ազդեցություն և մեծացնում են MHCI մոլեկուլների էքսպրեսիան:
IFN-g-ի ընկալիչներն առկա են գրեթե բոլոր տեսակի բջիջների վրա:

IFN-g-ն`
Ա.Խթանում է TNF-ի և IL-1-ի արտադրությունը,
Բ.Ուժեղացնում է TNF-ի և IL-1-ի խթանիչ ազդեցությունը էնդոթելի վրա լեյկոցիտների ադհեզիայի նկատմամբ, բայց անտագոնիստական է այդ նույն ցիտոկինների` ոսկրածուծը ռեզորբցիայի ենթարկող գործառույթի առումով:
Գ.IFN-g-ն անտագոնիստական է B-լիմֆոցիտների պրոլիֆերացիան խթանող IL-4-ի հանդեպ:
Դ.IFN-g-ն`ի տարբերություն այլ ինտերֆերոնների, ուժեղացնում է MHCI-դասի մոլեկուլների էքսպրեսիան:
Ե.IFN-g-ն նաև խթանում է MHCII-ի էքսպրեսիան:
Զ.IFN-g-ն ունի որոշ ուռուցքային բջիջների վրա հակապրոլիֆերատիվ ազդեցություն և ուժեղացնում է TNF-ի հակաուռուցքային ազդեցությունը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին