Ծիածանաթաղանթ (iris): Սկավառակաձև գոյացություն է, կենտրոնում՝ փոփոխական մեծությամբ անցքով (բիբ): Այն աչքի անոթաթաղանթների ածանցյալն է: Հետևի կողմից ծիածանաթաղանթը ծածկված է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելով: Տեղադրված է աչքի հետին և առաջային խցերի սահմանին՝ եղջերաթաղանթի ու ոսպնյակի միջև: Ծիածանաթաղանթի եզրը, որը միացնում է նրան թարթիչային մարմնի հետ, կոչվում է թարթիչային եզր: Ծիածանաթաղանթի հենքը կազմված է պիգմենտային բջիջներով հարուստ փուխր, թելակազմ շարակցական հյուսվածքից: Այստեղ դասավորված են հարթ միոցիտները, որոնք բիբը նեղացնող ու լայնացնող մկաններ են (m. sphincter pupillae, m. dilatator pupillae): Ծիածանաթաղանթում տարբերում են 5 շերտ՝ առաջային էպիթել, որը ծածկում է ծիածանաթաղանթի առաջային երեսը, արտաքին սահմանային (անոթազուրկ), անոթային, ներքին սահմանային և պիգմենտային էպիթել:

Առաջային էպիթելը (epitelium anterius iridis) կազմված է տափակ բազմանկյուն բջիջներից: Այն եղջերաթաղանթի հետին երեսը ծածկող էպիթելի շարունակությունն է: 
Արտաքին սահմանային շերտը (stratum externum limitans) կազմված է հիմնանյութից, որում կան բավական ֆիբրոբլաստներ և պիգմենտային շատ բջիջներ: Մելանին պարունակող բջիջների ոչ միանման դիրքն ու քանակը պայմանավորում են աչքի գույնը: Ալբինոսների ծիածանաթաղանթում գունանյութը բացակայում է, ուստի այն ունի կարմիր գույն, որը պայմանավորված է այստեղ առկա արյան անոթներով: Հասուն տարիքում ծիածանաթաղանթի դեպիգմենտացիայի հետևանքով այն դառնում է ավելի բաց: 
Անոթային շերտը (stratum vasculosum) կազմված է բազմաթիվ անոթներից, որոնց միջև եղած տարածությունը լրացված է պիգմենտային բջիջներ պարունակող փուխր, թելակազմ շարակցական հյուսվածքով:
Ներքին սահմանային շերտը (stratum internum limitans) իր կառուցվածքով չի տարբերվում արտաքին շերտից:
Հետին պիգմենտային էպիթելը (epithelium posterius pigmentosum) թարթիչային մարմինը և ելուստները ծածկող ցանցենու երկշերտ էպիթելի շարունակությունն է:

Ծիածանաթաղանթը՝ որպես աչքի ստոծանի, իր ֆունկցիան իրականացնում է երկու մկանի օգնությամբ՝ բիբը նեղացնող (muskulus sphincter pupillae) և լայնացնող (musculus dilatator pupillae): Բիբը լայնացնող մկանները նյարդավորվում են վերին պարանոցային հանգույցի սիմպաթիկ հետհանգուցային թելերով, իսկ նեղացողները՝ թարթիչային հանգույցի պարասիմպաթիկ հետհանգուցային թելերով, որտեղ էլ կատարվում է թարթիչային մարմնի նյարդավորումը: Թարթիչային մարմինը (corpus ciliare) անոթաթաղանթի ու ցանցաթաղանթի ածանցյալն է: Կատարում է ոսպնյակի անշարժացման և կորության փոփոխման ֆունկցիա՝ դրանով իսկ մասնակցելով ակկոմոդացիային: Աչքի միջօրեական կտրվածքի վրա թարթիչային մարմինը ունի եռանկյան ձև, որն իր հիմով ուղղված է դեպի աչքի առաջային խուցը: Թարթիչային մարմինը ենթաբաժանվում է երկու մասի՝ ներքին՝ թարթիչային պսակի (corona ciliaris) և արտաքին՝ թարթիչային օղի: Թարթիչային մարմնի պսակի մակերեսից ոսպնյակի ուղղությամբ դուրս են գալիս թարթիչային ելուստներ: Թարթիչային մարմնի հիմնական մասը, բացառությամբ ելուստների, կազմված է թարթիչային մկանից) m. ciliaris), որը կարևոր դեր է խաղում աչքի ակոմոդացիայում: Այն կազմված է հարթ մկանային բջիջների խրձերից, որոնք դասավորված են երեք տարբեր ուղղությամբ:

Տարբերում են արտաքին միջօրեական մկանախրձեր, որոնք ընկած են անմիջապես կարծրենու տակ, միջին ճառագայթաձև և շրջանաձև մկանախրձեր, որոնք կազմում են օղակաձև մկանի շերտը: Մկանային խրձերի արանքում գտնվում է փուխր թելակազմ շարակցական հյուսվածք՝ պիգմենտային բջիջներով: Թարթիչային մկանի կծկմամբ օղակաձև կապանի՝ թարթիչային գոտու թելերը թուլանում են, որի հետևանքով ոսպնյակը դառնում է ուռուցիկ, և նրա բեկող ուժը մեծանում է: Թարթիչային մարմինը և ելուստները պատված են ցանցենու թարթիչային մասով, որը կազմված է թարթիչային մկանի վրա գտնվող արտաքին թերթիկից: Այն խորանարդաձև, լավ պիգմենտավորված էպիթելի մի շերտ է: Ներքին թերթիկը կազմված է անգույն, գլանաձև բջիջների մեկ շերտից: Չպիգմենտավորված ներքին թերթիկի՝ աչքի կենտրոնին ուղղված մասը շրջապատված է ապակենման թարթիչային թաղանթով: Թարթիչային մարմինը և ելուստները ծածկող էպիթելային բջիջները մասնակցում են աչքի խորշիկները լցնող ջրային հեղուկի առաջացմանը: 

 
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին