Ցավոտությունը ցավի զգայություն է, որն ի հայտ է գալիս զանազան շարժումների, շոշափման, բախման միջոցով: Այլ կերպ սրանց անվանում են ռեակտիվ ցավեր, որոնց շարքին են դասվում Վալեի ցավոտ կետերը: Դրանք հեշտ է հայտնաբերել այն դեպքում, երբ ախտահարված նյարդային ցողունն ընթանում է մակերեսայնորեն կամ ոսկրային գոյացությունների մոտ, վերանրակային փոսում` բազկային հյուսակը, ծղիկային ակոսում` ծղիկային նյարդը, նրբոլոքի գլխիկի հետևում` նրբոլոքային նյարդը, նստանյարդը` իր ամբողջ երկարությամբ:

Ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման ժամանակ նյարդի ցավոտությունը կարելի է հայտնաբերել տարբեր ակտիվ շարժումների օգնությամբ, քանի որ դրանք նպաստում են նյարդի ձգմանը: Որպես օրինակ կարող է ծառայել գոտկասրբոսկրային նյարդարմատների վնասման ժամանակ կիրառվող Լասեգի փորձը. բժիշկը բարձրացնում է մեջքի վրա պառկած հիվանդի ծնկան հոդում տարածած ստորին վերջույթը: Դա առաջ է բերում ցավեր գոտկային շրջանում և ազդրի ու սրունքի հետին մակերեսին (1-ին փուլ): Եթե ծնկային հոդում ծալում կատարվի, ապա ստորին վերջույթի հետագա բարձրացումը չի ուղեկցվի ցավի զգացողությամբ (2-րդ փուլ): Այս ակտիվ շարժումների հետևանքով առաջացած ցավերը պայմանավորված են նստանյարդի ձգումով: Ազդրային նյարդի ցավոտությունը հայտնաբերվում է Վասերմանի փորձի միջոցով. հետազոտողը բարձրացնում է փորի վրա պառկած հիվանդի ստորին վերջույթը: Այս շարժումների ընթացքում ազդրային նյարդի ձգման հետևանքով առաջ է գալիս ցավի զգացողություն ազդրի առաջային մակերեսին և աճուկային շրջանում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին