Թրոմբոցիտոպոեզի կարգավորումԹրոմբոցիտոպոեզն սկսվում է մեգակարիոցիտային միապոտենտ գաղութներում, որոնք ձևավորվում են մեգակարիոցիտային գաղութային խթանիչ գործոնի մասնակցությամբ։ Այդ խթանիչը դրդում է թրոմբոցիտոպոեզի նախորդ բջիջների միտողը և տարբերակումը։ Առաջացած նոր բջիջների քանակն իր հերթին հակադարձ կապի սկզբունքով կարգավորում է խթանիչի արտադրությունը։ Ոսկրածուծում նրանց քանակը պակասելիս գաղութախթանիչի արտադրությունն ուժեղանում է և հատուցում այդ բջիջների պակասը։ Թրոմբոցիտոպոեզի հետագա բնականոն ընթացքը կարգավորվում է թրոմբոցիտոպոետինների ազդեցության ներքո, որոնց բաժանում են երկու խմբի` կարճատև և երկարատև ազդող թրոմբոցիտոպոետինների։ Երկարատև ազդող գործոնների ազդեցությունը տարածվում է թրոմբոցիտոպոեզի նախորդ բջիջների (պրոմեգակարիոբլաստ,մեգակարիոբլաստ և այլն) բազմացման և տարբերակման վրա, արագացնելով այդ պրոցեսները։ Իսկ կարճատև գործողները ապահովում են հասուն մեգակարիոցիտներից թրոմբոցիտների անջատման պրոցեսը։

Թրոմբոցիտոպոետինների սինթեզը դարձյալ հակադարձ կապի սկզբունքով կախված է արյան թրոմբոցիտների քանակից։ Երբ վերջինիս մակարդակը արյան 1մմ3 -ում 150 000-ից իջնում է (թրոմբոցիտոպենիա),    թրոմբոցիտոպոետինների սինթեզն ուժեղանում է և արդյունքում թրոմբոցիտների քանակի ընկած մակարդակը կարգավորվում է։ Ակտիվացած թրոմբոցիտներից հաջողվել է ստանալ մի նոր գործոն՝ թրոմբոցիտոպոետինների ինհիբիտոր, որը ճնշող ներգործություն է ունենում թրոմբոցիտոպոեզի ինչպես միտոզի, այնպես էլ էնդոմիտոզային պրոցեսների վրա։ Արյունաստեղծման պրոցեսում նյարդային համակարգի դերը բացահայտվել է փորձարարական ճանապարհով։ Ոսկրածուծի նյարդի գրգռումը խթանում է էրիթրոպոեզը, իսկ այդ նյարդերի հատումը ընկճում։ Սիմպատիկ նյարդերի գրգռումը ուղեկցվում է լեյկոցիտոզով։

Թափառող նյարդի գրգռումն առաջ է բերում լեյկոցիտների վերաբաշխում ծայրամասային օրգանների արյան լեյկոցիտների հաշվին ներքին օրգանների արյան լեյկոցիտների քանակն ավելանում է։ Հաստատված է, որ արյունաստեղծ օրգանների նյարդերը պարունակում են ինչպես կենտրոնախույս, այնպես էլ կենտրոնաձիգ նյարդաթելեր, որոնք սկիզբ են առնում տարբեր բնույթի ռեցեպտորներից։ Նման նյարդավորման շնորհիվ ոսկրածուծն ու ավշային հանգույցները մյուս օրգան-համակարգերի հետ գտնվում են երկկողմանի կապի մեջ։ Անկասկած արյունաստեղծման վրա նյարդային համակարգի ազդեցությունը իրականանում է անուղղակի ճանապարհով` հումորալ գործոնների միջնորդությամբ, որոնց ներգործությունների վերջին օղակը համարվում են հեմոպոետինները։ Այսպիսով ամբողջ կյանքի ընթացքում արյունաստեղծման բոլոր ճյուղերի բնականոն ընթացքը ենթարկվում է խթանիչ և արգելակիչ համակարգերի հավասարակշռված նրբագույն կարգավորման, որի շնորհիվ արյան բջջային կազմն իր բազմապիսի ֆունկցիաներով պահպանվում է հարաբերական հաստատուն մակարդակի վրա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին