Հեմոստազն իրականացվում է չորս հիմնական փուլերով՝ անոթային, թրոմբոցիտային թրոմբի առաջացում,թրոմբոցիտային թրոմբի վրա ֆիբրինային մակարդուկի առաջացում, վերջնական ֆիբրինոլիզ: Թրոմբոցիտները ձևավորում են առաջնային հեմոստատիկ թրոմբը և ապահովում  հեմոստատիկ մակերեսը, որի վրա  տեղի է ունենում  ֆիբրինի ձևավորումը: Թրոմբոցիտների քանակի իջեցումը և/կամ դրանց որակական անլիարժեքությունը կարող են հանգեցնել արյունահոսության ժամանակի աննշան երկարացումից սկսած մինչև հեմոստազի՝ կյանքին վտանգ սպառնացող՝ խանգարումների զարգացմանը: Թրոմբոցիտների քանակի նվազումը կարող է հանդիսանալ տարբեր ախտաբանական վիճակների հետևանք, որոնց ժամանակ կամ նվազում է թրոմբոցիտների արտադրությունը, կամ բարձրանում է դրանց քայքայումը:

Թրոմբոցիտների քանակի և ֆունկցիոնալ ակտիվության վրա ազդեցություն են թողնում հետևյալ գործոնները. որոշ  դեղորայքային պատրաստուկների ընդունում, լյարդի և երիկամների հիվանդություններ, սեպսիս, ֆիբրինի ( ֆիբրինոգենի) արագացված քայքայում, արհեստական արյան շրջանառության անցկացում, ոսկրածուծում առաջնակի խանգարումներ, իմուն հակամարմիններ, ներանոթային տարածուն մակարդելիության համախտանիշ, փայծաղի մեծացում: Թրոմբոցիտների քանակի նվազում կամ ֆունկցիայի (որակի) խանգարում ունեցող հիվանդների մոտ կլինիկորեն դիտվում են մաշկի և լորձաթաղանթների վրա մանր կետավոր և խոշոր արյունազեղումներ,  ինչպես նաև՝ արյունահոսություններ: Նորմայում արյան մեջ շրջանառող թրոմբոցիտների կյանքի միջին տևողությունը կազմում է 7-10 օր: Փոխներարկված թրոմբոցիտների կյանքի տևողությունը  նվազած է (3-5 օր): Փոխներարկված թրոմբոցիտների բուժական արդյունավտության մասին  վկայում է արյունահոսության դադարեցումը:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին