Տրիկուսպիդալ անբավարարության ժամանակ տեղի է ունենում արյան հետադարձ հոսք սիստոլայի փուլում աջ փորոքի խոռոչից աջ նախասիրտ: Աջ նախասիրտ-փորոքային ելանցքի ոչ լրիվ փակվելը կարող է պայմանավորված լինել ինչպես փականի փեղկերի ախտահարումով (օրգանական անբավարարություն), այնպես էլ աջ փորոքի լայնացումով (հարաբերական անբավարարություն): Փականի փեղկերի ախտահարումը սովորաբար դիտվում է ռևմատիզմի, հազվադեպ՝ ինֆեկցիոն էնդոկարդիտի, հատկապես ստաֆիլակոկային էնդոկարդիտի ժամանակ թմրամոլների մոտ: Հնարավոր է նաև պտկաձև մկանների պատռվածք: