ՏրանսդուկտորներԻնքնավար նյարդային համակարգը ֆունկցիաների կատարման և հոմեոստազի ապահովման համար, իր սովորական նեյրոնների հետ միասին, պարունակում է հատուկ բջիջներ, որոնց կողմից տեղեկատվության ընդունումը կատարվում է սովորական ձևով, իսկ պատասխանը ներզատիչ ճանապարհով։ Այդպիսի բջիջները կոչվում են տրանսդուկտորներ։
Տրանսդուկտորներին են պատկանում.

1) Մակերիկամների ուղեղային շերտի քրոմաֆինային բջիջները, որոնք նախահանգուցային սիմպաթիկ նյարդաթելերի խոլիներգիկ փոխանցիչին պատասխանում են ադրենալինի և նորադրենալինի արտադրումով,
2) երիկամի յուկստագլոմերուլային (կծիկամերձ) բջիջները, որոնք հետհանգուցային սիմպաթիկ նյարդաթելերի ադրեներգիկ փոխանցիչին պատասխանում են դեպի արյան հոսք ռենինի արտադրությունով,
3) ենթատեսաթմբի վերտեսողական և հարփորոքային կորիզների նեյրոնները, որոնք ադրեներգիկ, խոլիներգիկ և այլ փոխադրիչների նկատմամբ արձագանքում են վազոպրեսինի և օքսիտոցինի արտադրումով,
4) ենթատեսաթմբի կորիզների նեյրոնները, որոնք անոթային համակարգ են արտազատում կարգավորող գործոններ։

Տրանսդուկտորներն իրենց մարմնում ե աքսոնում պարունակում են հյոավածաբանորեն լավ տարբերակվող նյարդահյութազատիչ մարմնիկներ, որոնք ուղղվում են բջջի մարմնից դուրս։ Այդ բջիջների աքսոններն այլ նեյրոնների կամ էֆեկտոր օրգանների հետ սինապսային հպումներ չեն ձևավորում։ Դրանք ազատ կերպով ավարտվում են անոթների շրջակայքում, որոնց հետ ձևավորում են այսպես կոչված հեմալային օրգաններ։

Մակերիկամների ուղեղային նյութ։ Մակերիկամների կենտրոնական մասը զբաղեցնում է ուղեղային նյութը, որը ձևավորվում է ադրենալային հյուսվածքից։ Այդ նյութի բջիջները պարունակում են կալիումի երկքրոմօքսիդով դեղնագորշավուն գույնով ներկվող պարփակումներ, որի պատճառով անվանում են քրոմաֆին բջիջներ։ Դրանք տեղակայված են ոչ միայն մակերիկամների ուղեղային շերտում, այլ կուտակումների ձևով նաև աորտայի մակերեսի վրա, կարոտիսային ծոցի շրջանում, սիմպաթիկ հանգույցների բջիջների միջև։ էմբրիոգենեզում քրոմաֆինային բջիջները գոյանում են այն էնդոդերմալ բջիջներից, որոնցից ձևավորվում է նաև սիմպաթիկ նյարդային համակարգը։ Դրանք, ըստ էության, հանդիսանում են հետհանգույցային սիմպաթիկ նեյրոնների համանմանը։ Նախահանգուցային սիմպաթիկ նյարդաթելերը մակերիկամների ուղեղային նյութի քրոմաֆինային բջիջների վրա կազմավորում են դրդող խոլիներգիկ սինապսներ։ Մակերիկամների ուղեղային նյութի կողմից  կատեխոլամինների արտադրությունը կարգավորվում է միմիայն նյարդային ազդեցություններով։ Մարդու նախահանգուցային նյարդաթելերի դրդման ժամանակ սովորաբար արյան հոսք է արտամղվում կատեխոլամինների մի խառնուրդ, որը բաղկացած է ադրենալինից (80 տոկոսից քիչ ավելի) և նորադրենալինից (20 տոկոսից քիչ պակաս)։ Տարբեր կենդանիների օրգանիզմում ադրենալինի և նորադրենալինի հարաբերակցությունը մակերիկամների ուղեղային նյութում զգալիորեն տատանվում է։ Այսպես, կետերի մակերիկամներում այդ նյութի 70-80% կազմում է նորադրենալինը, իսկ ճագարի մակերիկամները պարունակում են գրեթե միայն ադրենալին։ Այս երկու կատեխոլամիներն արտադրվում են ուղեղային նյութի տարբեր բջիջների կողմից։

Մակերիկամների ուղեղային նյութի կողմից արտադրվող կատեխոլամիններն ազդում են այն էֆեկտոր օրգանների վրա, որոնց վրա ազդում են հետհանգուցային աիմպաթիկ նեյրոնները։ Սակայն, դրանց ազդեցությունն առավել արտահայտված է այն շրջաններում, որոնք ունեն սակավ ադրեներգիկ նյարդավորում (օրինակ` զարկերակիկների հարթ մկանային պատերում) և աննշան է սիմպաթիկ նյարդավորում ունեցող շրջաններում (օրինակ` սերմնատար խողովակներում)։ Ակնհայտ է, որ մակերիկամների ուղեղային նյութի կատեխոլամինները գլխավորապես մասնակցում են ևյութափոխանկության գորրծընթացներրի կարգավորմանը։ Դրանք ուժեղացնում են ենթամաշկային ճարպային հյուսվածքից ազատ ճարպաթթուների արտահանումը և գլիկոգենից գլյուկոզի ու լակտազի առաջացումը։ Այսպիսով, մակերիկամների ուղեղային նյութի կատեխոլամիններին հիմնականում պետք է վերագրել նյութափոխանակային հորմոնների ֆունկցիա։ Կատեխոլամինների այդ ազդեցություններն առավելապես իրագործվում են բետաընկալիչներով։

Բետա-ըեկալիչների վրա ադրենալինի ազդեցությունն առաջացնում է ինչպես սրտի, այնպես և կմախքային մկանների զարկերակների լայնացում։ Հետհանգուցային սիմպաթիկ նեյրոնների դրդումը միաժամանակ առաջացնում է սրտային արտամղման մեծացում, երակների, մաշկի և ներքին օրգանների զարկերակների տարածված նեղացում, բրոնխների լայնացում։
Ծայրահեղ իրավիճակները, ինչպիսին են թերջերմությունը, թթվածնաքաղցը, արյան կորուստը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, բնորոշվում են կատեխոլամինների ազատման արագության մեծացմամբ։ Հուզական սթրեսի ժամանակ կատեխոլամինների արտամղման ուժգնությունը, համեմատած բնականոն մակարդակի հետ, ժամանակավորապես կարող է 10 և ավելի անգամ մեծանալ։ Ակնհայտ է, որ սթրեսային իրավիճակում ռեակցիայի մեջ են մտնում ոչ միայն մակերիկամների ուղեղային նյութը, այլ նաև սիմպաթիկ նյարդային համակարգի գրեթե բոլոր բաժինները, և կապված դրա հետ այդ իրավիճակն ամբողջությամբ կարելի է համարել սիմպաթոադրենալային համակարգի ամբողջական ռեակցիա։ Ներքին և արտաքին ծայրահեղ իրավիճակների պայմաններում սիմպաթիկ նյարդային համակարգի այդպիսի ընդհանուր, դրդումը հիմնականում կապված է ենթատեսաթմբի ազդեցության հետ։ Կենդանիների ծայրամասային սիմպաթիկ նյարդային համակարգի վիրահատական ճանապարհով հեռացումը բնականոն պայմաններում նրանց մոտ չի առաջացնում կենսագործունեության ծանր խախտումներ։ Սակայն, ծայրահեղ բեռնվածությանդ պայմաններում այդպիսի կենդանին կորցնում է հարմարվելու կարողությունը, քանի որ չեն գործում դեպի գլխուղեղ, սիրտ ու կմախքային մկաններ թթվածնի և ազատ ճարպաթթուների մեծ քանակների առաքման մեխանիզմները։ Սիմպաթազերծված կենդանիները կորցնում են իրենց հարմարողական բնականոն ռեակցիաները ջերմային ազդեցությունների նկատմամբ։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին